«Անհամբեր սպասում եմ, թե երբ բանակ կգնամ»

18/10/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

5-րդ հարկի ընդհանուր պատշգամբից կախված մանկական հագուստների լվացքի բազմազանությունն ու մաշվածությունը վկայում են, որ դրանց մեջ նախկինում էլի երեխաներ են մեծացել: Պատառոտված հագուստից ենթադրում եմ, որ 5-րդ հարկում դեն նետելու շորերով մեծացող երեխաներ են ապրում: Արհեստագործական ուսումնարանին կից`17-ամյա Տիգրանենց հանրակացարանային սենյակը բանտախցից չէր տարբերվում: Ներսում մութ է ու տաղտուկ: Ներսի տոթից ու հանրակացարանային կենցաղին հատուկ հոտից շնչահեղձ եմ լինում: Սեղանին շաղված ալյուրի փոշու ու խմորի գնդերի արանքում մի փոքրիկ ազատ հատված որսալով տղան տետրը հարմարեցրել է էլեկտրասալիկի մոտ ու ինչ-որ բան է գրում: Մերթընդմերթ նյարդայնացած ձեռքերն է թափ տալիս, որպեսզի տետրը չալյուրոտվի, բայց միեւնույն է՝ դրանից համար տեղ չի գտնում՝ դասերը սովորելու համար: Մայրը՝ Գայանեն, հարցնում է՝ «Ուզո՞ւմ եք լուսամուտը բացեմ, պլիտան վառում, հաց եմ թխում երեխեքիս համար, դրա համար ա սենց շոգ: Դե՛, քանի որ սենյակն էլ շատ փոքր ա, դրա համար էլ սենց շոգ ա լինում»: Գայանեի հացաթխման համար նախատեսված սեղանի վրա շատ իրեր կան, որոնք պիտի հաց թխելիս չլինեին, բայց այդպես է, որովհետեւ նրանց սենյակում սեղանից եւ լիքը մահճակալներից բացի` ուրիշ ոչինչ չկա: Ինչ էլ կա՝ սեղանին է: Ամենքն ու ամեն ինչ խառնված են իրար: Ամենուր օրորոցներ են, փոքրիկ մահճակալներ, երկաթե, փայտե, կոտրված ու կրկին ամրացված մահճակալներ, ոնց որ հիվանդանոց լինի: Բայց հիվանդասենյակներում նույնիսկ այդքան մահճակալ միեւնույն տեղում չի լինում: Կարծես համակենտրոնացման ճամբար լինի: Հաշվում-հաշվում եմ, բայց հաշիվը խառնում եմ, թե որ մահճակալին քանիսն են քնած: Իմ ու Գայանեի շշուկներից անկողնու վրայի շորը շարժվում է, տակից երեխայի փայլփլող աչքեր ու չարաճճի ժպիտ է երեւում: Գայանեն ներկայացնում է երեխաներին. «Սա փոքրս ա՝ 3 ամսական, մեծս Տիգրանն ա, էս մեկը 3 տարեկան ա, էս մեկը` 2, սրանք զույգերս են` 5 տարեկան…»,- քնած երեխաներին թվարկելով` հերթով ծանոթացնում է Գայանեն, պարբերաբար շփոթելով երեխաների սեռերն ու տարեթվերը: Երեխաները քրտինքի մեջ կորած են, սենյակի տոթի պատճառով ժամանակ առ ժամանակ վեր են թռնում ու սկսում են հազալ:

Ամուսինները 39 տարեկան են եւ բնակարան չունենալու պատճառով հայտնվել են հանրակացարանում: «Ամուսինս կռված տղա ա, երկար տարիներ Ղարաբաղում էր, մորս տանն էինք մնում, հետո վերադարձավ, էլ հնարավոր չէր, դուրս եկանք, մի որոշ ժամանակ վարձով էինք ապրում, բայց էլ չկարողացանք վարձ տալ: Դիմեցինք հանրակացարանի տնօրենին եւ, որպես Ղարաբաղյան շարժման մասնակից` ընդառաջեց, սենյակ տվեց: Եկանք ու ստեղ էլ մնացինք»: 12 տարի է՝ ապրում են նույն հանրակացարանի սենյակում, սակայն այդ երկարատեւ ժամանակահատվածում, բացի նրանից, որ երեխաներն են ավելացել, նրանց կենցաղում ոչինչ չի փոխվել: Նույն թշվառությունն է, ու նույն անտարբերությունը 7 երեխաներ ունեցող Գայանեի եւ Արթուրի հանդեպ: Նրանց ավագ որդու հայացքի մեջ արհամարհանք ու վիրավորանք կա, որովհետեւ իր հասակակիցների միջավայրում շատ կաշկանդված ու թերարժեք է զգում իրեն: Աշխարհից հետ չմնալու համար Տիգրանն արտասահմանյան կիսամերկ աստղերի պաստառներ է փակցրել սենյակի խոնավությունից քրքրված պատին, որոնց պատկերներն ամեն օր հաց թխելու ալյուրի փոշուց գրեթե մշուշապատվել են: Տիգրանն` ապացուցելու համար, որ ինքն, այնուամենայնիվ, ուժեղ տղամարդ է, ոտքը գցում է ոտքին, հպարտ ու անտարբեր տոնով երկխոսության մեջ է մտնում: Խաղի մեջ մտած կերպարից հանկարծ դուրս է գալիս ու վերադառնում դեպի հանրակացարանում ապրող, թերարժեքության բարդույթով տառապող 17-ամյա Տիգրանն ու գլուխը կախ կմկմալով խոսում է. «Ինձ համար դժվար բան չկա: Ամեն ինչին հարմարվել եմ, մեր պայմաններին էլ եմ հարմարվել: Մայիս ամսին կգնամ բանակ, անհամբեր սպասում եմ էդ օրվան: Կարելի ա ասել՝ բանակ գնալն իմ համար երազանք ա: Շատ եմ ուզում Հորադիզում ծառայեմ: Մի քիչ որ խորը մտածում եմ՝ դժվար ա, որովհետեւ հերս կռվել ա, բայց էսօր տեսեք ի՞նչ վիճակում ա: Վիրավորական ա, բայց դե ես հայրենիքի համար եմ գնում, մարդկանց համար չեմ գնում»,- ասում է Տիգրանը: Մայրը միջամտում է՝ ասելով, որ Տիգրանի մոտ ասթմատիկ նոպաներ են սկսվում, բուժվել է, բայց նոպաները շարունակվում են: «Չի ուզում, որ ես դիմեմ՝ ծառայությունից ազատելու համար: Ճիշտն ասած, որ ամուսինս կռվել ա, ոնց որ իրա մեջ էլ անցած լինի: Հետո մենք սահմանում ենք ապրել է՜ն պատերազմական տարիներին: 6-7 ամիս Հորադիզի զինվորական չաստում զինվորների հետ ենք ապրել: Էրեխեքս սովոր են, սիրում են զինվորի կյանքը»,- վստահեցնում է Գայանեն ու ասում, որ հայոց բանակին 5 զինվոր է տալու, որովհետեւ 7 երեխաներից 5-ը տղաներ են:

Գայանեն ամուսնու մասին պատմելիս այնքան սիրով ու հարգանքով է ներկայացնում նրան, որ ապշում ես նրա նրբանկատության վրա: Արթուրն ամաչում է մասնակցել մեր խոսակցությանը, դրա համար էլ երեխաների մահճակալների մոտ կծկված ուղղակի լսում է, թե ինչ ենք խոսում: Գայանեն պատմում է, որ նա տառապում է շագանակագեղձի բորբոքումով: «Ցավերից շատ վատ ա լինում, կծկվում, կուչ ա գալիս, չի դիմանում, ահավոր ա: Գնացել եմ Առողջապահության նախարարություն, ասեցին՝ տար Էրեբունի-Մասիվի հիվանդանոցում պառկացրու: Շատ վատ ա զգում, ահավոր ա: Առաջ տաքսու վարորդ էր աշխատում, բայց էս ցավերից չի կարում շարժվի, տանը տառապում ա»,- պատմում է Գայանեն՝ տանջահար հայացքով կրկնելով, որ ամուսինը ցավերին չի դիմանում:

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, յոթ երեխաների հայր Արթուրը պետությունից ոչ մի աջակցություն չի ստանում. փոխարենը` կնոջ ծնողներից է ստանում: Արթուրը զինվորական է, 9 տարի սահմանում է անցկացրել. «Աստված չանի, եթե հանկարծ պատերազմ լինի` առաջինը ես եմ գնալու: Ես փորձառու եմ ու պետք եմ մեր բանակին: Հա՛, սենց պայմաններում եմ ապրում, պետությունն անտարբեր ա իմ նմանների նկատմամբ, առաջարկում են կուսակցական դառնալ, որ մի բանի հասնես, բայց ես չեմ դառնա: Ես ստեղ ու սենց եմ ապրում ու պետք եղած ժամանակ կռվող եմ: Զինվորը պետք ա անկուսակցական լինի»,- ասում է Արթուրը:

Գայանեն միջամտում է՝ «Էսօր ուզում էի ուղարկել մերոնց տուն, ճար չկա, երեխեքն ուտելու բան չունեն, սոված են: Հես ա, որ ինքն էլ պառկեց հիվանդանոց՝ ես մենակ, առանց ոչ մի բանի ի՞նչ պիտի անեմ էրեխեքին, չգիտեմ: Հենց հիմա, էս պահին բոլոր երեխաներս հիվանդ են, վիրուս ա ինչ-որ: Հյուծված, անսնունդ էրեխեք են, մի հատ քամին կպնում ա թե չէ՝ ընկնում են տեղաշոր»: «Վորդ վիժըն» բարեգործական կազմակերպության հովանավորության շնորհիվ Տիգրանը սովորում է կրթահամալիրում: Հարցնում եմ՝ «Էս պայմաններում ինչպե՞ս եք 7 երեխաներին կերակրում, երբ աշխատող չկա»: Գայանեն պատասխանում է՝ «Օ՜ֆ, չգիտեմ, մի հարցրու, մի քանի օր առաջ «Վորդ վիժընից» սնունդ են օգնություն բերել, ալյուր են տվել, գոնե ցամաք հաց են ուտում էրեխեքս: Ավետարանչականից երեխու կեր ենք ստացել: Ստեղ ամեն ինչն ընդհանուր ա: Երեխեքս շատ են, չեն տեղավորվում էս սենյակում, հանգիստ չունենք: Հիմա քնած են, բայց որ վեր են կենում` էլ քայլելու տեղ չի լինում»: 7 երեխաների նպաստը 40.000 դրամ է, բացի դրանից, 3 ամիսը մեկ «Փարոս» կազմակերպությունն ալյուր է տրամադրում այս ընտանիքին: Տիգրանը խորիմաստ հայացք ընդունած նայում է: Հարցնում եմ՝ «Ի՞նչ կասես»: Ուսերն է թափ տալիս ու նորից սկսում է խոսել բանակ գնալու մասին: Տիգրանը շտապում է անցնել զինվորական ծառայության, որովհետեւ գուցե բանակում ավելի լավ է, քան իրենց ճնշող սենյակում, ուր 9 հոգով արթուն լինելու դեպքում տեղաշարժվելն անհնարին է դառնում: Բանակում, բացի հացից, բրինձ ու ձավար են տալիս, ու շաբաթը մեկ անգամ էլ կարող ես ազատություն վայելել: Հանրակացարանում ազատության մեջ գտնվող մարդն իրեն շղթայակապ ու ջղաձգված է զգում: