«Տարեսկզբին Երեւանի քաղաքապետարանում անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը որպես առաջնահերթ խնդիր նշել էր քաղաքացիների հետ աշխատանքն առավելագույնս կանոնակարգելու եւ արդյունավետ դարձնելու համար «Մեկ պատուհանի» գաղափարի ներդրման անհրաժեշտությունը»,- հիշեցնում է «Ա1+»-ը՝ ավելացնելով, որ հենց այդ ժամանակ քաղաքապետարանին հանձնարարական տրվեց` մշակելու ամբողջական համակարգ, որը հնարավորություն կտա իրագործել այդ սկզբունքը: Երեկ Երեւանի քաղաքապետարանում Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է «մեկ պատուհանի» սկզբունքից բխող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ավտոմատացված համակարգը, քննարկվել են դրան առնչվող հարցեր: Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի հեղինակած եւ արդեն հունիս ամսից կիրառվող «Էլփաս» համակարգը հնարավորություն է տալիս ցանկացած քաղաքացու հետեւել քաղաքապետարանին հասցեագրված իր դիմումի ընթացքին, իմանալ՝ ով է դրա պատասխանատուն, տեղեկանալ դրա վերաբերյալ որոշմանը: Ըստ Երվանդ Զախարյանի, «Մեկ պատուհանի» կիրառման շնորհիվ քաղաքացիների դիմումները ընդունվում են եւ դրանց վերաբերյալ վերջնական գրավոր պատասխան է տրվում մեկ գրասենյակում: Այն, ինչպես նշում է «Ա1+»-ը, հնարավորինս նվազեցնում է քաղաքացիների ուղղակի եւ միջնորդավորված շփումը քաղաքապետարանի աշխատակիցների հետ, բարձրացնում է քաղաքապետարանի աշխատանքների թափանցիկությունն ու վերահսկողությունը: Ռոբերտ Քոչարյանը երեկ քաղաքապետարանում ասել է, որ այս համակարգի ներդրումը լուրջ քայլ է տեղեկատվական հասարակություն ձեւավորելու գործում, եւ ընդգծել, որ բոլոր պետական կառույցները պետք է գնան այդ ճանապարհով` ապահովելու թափանցիկ գործունեություն, քաղաքացիների հետ դյուրին, հստակ եւ առանց ձգձգումների շփում: Նաեւ ասել է, որ քաղաքապետարանի մինչ այս կիրառած մեկ պատուհանի փորձը չէր ծառայում այդ գաղափարի լիարժեք իրագործմանը: «Ա1+»-ը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, իր վերահսկողական ծառայությունն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ հետեւելու է նոր համակարգի գործունեությանն ու արդյունավետության աստիճանին: Նա հանձնարարել է կազմել ժամանակացույց` նման համակարգ առաջնահերթ ներդնելու պետական կառավարման այն մարմիններում, որոնք ամենից շատ են շփվում բնակչության հետ: Նա հատկապես կարեւորել է դրա կիրառումը թաղապետարաններում, մարզպետարաններում եւ սոցիալական ծառայություններում: