Չընդունված պարտություն – 2

18/10/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վրաստանն իր ամբողջ հետխորհրդային պատմության ընթացքում դեռ այդպիսի դաս չէր ստացել ՄԱԿ-ի կողմից, որի բազմաթիվ որոշումները, եթե ակնհայտ «թբիլիսամետ» էլ չէին, ապա միշտ էլ բավականին լոյալ էին մի երկրի նկատմամբ, որն անկախության մի քանի տարիների ընթացքում երկու պատերազմ սկսեց սեփական ինքնավարությունների դեմ՝ արդյունքում երկուսին էլ կորցնելով, եւ որն արդեն տասը տարուց ավելի է՝ փորձում է ամեն գնով ետ վերադարձնել դրանք: Նույնիսկ այն ժամանակ, երբ Թբիլիսին կորցնում էր համբերությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների նկատմամբ եւ սուր ճոճելուց անցնում ռազմական գործողությունների:

Անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աննախադեպ դաժան բանաձեւ ընդունեց Վրաստանի նկատմամբ՝ բառապաշարից հանել ռազմաշունչ հայտարարություններն Աբխազիայի հասցեին, զորքը դուրս բերել Կոդորի կիրճից, որը վերանվանվել է Վերին Աբխազիա, վերջ դնել բոլոր այն գործողություններին, որոնք կարող են իբրեւ սադրանք մեկնաբանվել: Ի լրումն այս ամենի՝ Անվտանգության խորհուրդը, չնայած փաստաթղթերի հսկա փաթեթին, որտեղ վրացական կողմն ապացուցում է ռուսական խաղաղապահների վնասակար ներկայությունը Աբխազիայում, մինչեւ 2007թ. ապրիլը երկարաձգեց նրանց մանդատը: Եթե երեւակայությանդ ազատություն տաս, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերոհիշյալ հանձնարարականները Վրաստանին, որ շարադրված են բանաձեւում, կարելի է շատ կոշտ մեկնաբանել, իբր՝ Աբխազիային հանգիստ թողեք, եթե բանակցությունները չեն ստացվում:

Երեւում է՝ հենց այդ կերպ գնահատեցին բանաձեւը Սուխումում: Դե ֆակտո նախագահ Սերգեյ Բագապշն Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւն անվանեց Աբխազիայի նկատմամբ առաջին անաչառ փաստաթուղթը: Գոհ է նաեւ Ռուսաստանը, որն ի վերջո հասավ Վրաստանի դեմ փաստաթղթի ընդունմանը: Ասում են, որ դրա փոխարեն նա համաձայնել է ավելի հանդուրժող լինել Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հարցում: Մոսկվան ժխտում է «փոխանակումը»: Եվ դա օրինաչափ է: Այդ դեպքում չափազանց մանրախնդիր կերեւա Ռուսաստանի քաղաքականությունը, մի երկրի, որը հավակնում է գերտերություն կոչվելու՝ զոհողություն անել այնպիսի կարեւոր հարցերում, ինչպես կորեականն ու իրանականը, որպեսզի շարունակի «ոլորել» «կռվարար» հարեւանի ձեռքերը, որը չի կարող որեւէ քիչ թե շատ կարեւոր դեր ունենալ համաշխարհային քաղաքականության մեջ մի շարք պատճառներով:

Պետք է ենթադրել, որ բանաձեւի ընդունումից հետո Ռուսաստանի ճնշումը Վրաստանի նկատմամբ կուժեղանա: Եվ դա կբացատրվի 1994-ին Մոսկվայում ընդունված համաձայնագրի՝ Թբիլիսիի կողմից խախտումով՝ Կոդորի կիրճ զորք մտցնելով, այդ տարածաշրջանի միլիտարիզացիայով եւն:

Պարադոքս է, բայց այդ որոշումից գոհ է նաեւ Թբիլիսին: Նախագահ Սահակաշվիլին հատուկ մեկնաբանության մեջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը հռչակեց… Վրաստանի եւս մի հաղթանակ Ռուսաստանի նկատմամբ միջազգային ասպարեզում: Իբր, Անվտանգության խորհուրդն ընդունել է ոչ այն բանաձեւը, որ պնդում էր Մոսկվան: «Հավաստի աղբյուրներից ես տեղյակ եմ, թե ինչ ճնշում էր գործադրում Ռուսաստանը, որպեսզի Վրաստանի նկատմամբ չափազանց դաժան բանաձեւ ընդունվի: Միջազգային հանրությանը յուրատեսակ փոխանակում էր առաջարկվում՝ սատարել Հյուսիսային Կորեայի դեմ գործողություններին՝ փոխարենը քարտ-բլանշ ստանալով Վրաստանի դեմ»,- հայտարարեց Սահակաշվիլին:

Այն իմաստով, ինչ նկատի ուներ նախագահը, բանաձեւն իր ներկայիս տեսքով կարելի է Վրաստանի համար հաջող համարել: Սակայն դրանից հետո սկսվում է բացարձակ անհասկանալի մի բան: Վրացական բարձրաստիճան պաշտոնյաները, գերատեսչությունները, պատգամավորները սկսեցին խոսել Աբխազիայի նկատմամբ Վրաստանի քաղաքականությունը դատապարտող բանաձեւի մասին, համարյա որպես աննախադեպ ձեռքբերման՝ մեջբերումները ձեւափոխվում են, աղավաղվում… Բայց սա էլ դեռ ոչինչ, ինչպես ասում են՝ իրենք իրենց խաբում են:

Իր հաջորդ ելույթում Վրաստանի ղեկավարը, որը, դատելով որոշ բաներից, լրջորեն վիրավորված է ՄԱԿ-ի որոշումից, չկարողացավ չխոսել Ռուսաստանի մասին: Նրա ելույթի իմաստն այն էր, որ նա ՌԴ-ում ապրող բոլոր հայրենակիցներին հրավիրեց վերադառնալ Վրաստան, խոստացավ տալ Վրաստանի քաղաքացիություն եւ… ապահովել աշխատանքով:

Ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը, երբ երկրի բնակչության կեսը գործազուրկ է: Պարզվում է՝ նրանց աշխատանք կտրամադրվի… Աբխազիայում: «Մենք շուտով կվերադառնանք այնտեղ: Մեզ բարձրորակ շինարարներ, մետրոշինարարներ, մեքենավարներ, գիտնականներ են հարկավոր: Բոլոր նրանք, ովքեր կարող են պետությանն օգուտ բերել»,- հայտարարեց Սահակաշվիլին:

Իսկ ՄԱԿ-ի բանաձեւ՞ը, որտեղ առաջարկվում է հրաժարվել գործողություններից եւ ելույթներից, որոնք կարող են իբրեւ սադրանք որակվել: Սուխումում ուշադրություն են դարձրել Վրաստանի ղեկավարի հերթական ելույթին, հետեւություններ արել, դրա հետ կապված թղթեր սարքել եւ ուղարկել ոչ այն է ՄԱԿ-ին, ոչ այն է Սմոլենսկի հրապարակ: Եվ ահա արդեն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանություններ է տարածում, որտեղ Սահակաշվիլու ելույթն անվանվում է Անվտանգության խորհրդի որոշումն արհամարհող, դրան հետեւում են դատողությունները, թե Վրաստանը լուրջ հիմնահարցերի նկատմամբ իր նման մոտեցումով կարող է միջազգային հանրության մեջ դառնալ մեկուսացած երկիր:

Ակնհայտ է, որ հիմա Կրեմլն իր առջեւ խնդիր է դրել՝ ամբողջ աշխարհին ապացուցել «հարավային հարեւանի» հակամարդասիրական լինելը: Եվ սիրով ձեռնամուխ կլինի լուծելու այդ խնդիրը, եթե համեմատաբար լուրջ առիթ գտնի դրա համար: