Ղարաբաղում մեկնարկել են երկրի գլխավոր օրենքի՝ Սահմանադրության նախագծի շուրջ հանրային քննարկումները: Օրերս բազմահազարանոց տպաքանակով հրատարակվեց ԼՂՀ Սահմանադրության նախագիծը, որը պետք է բաժանվեր հանրապետության տարբեր բնակավայրերում:
Մայրաքաղաքի բնակիչների շրջանում մեր փոքրիկ հարցումները ցույց են տվել, որ Սահմանադրության ընդունման մասին ոչ բոլորն են տեղյակ: Հուսանք, որ դա պայմանավորված է նրանով, որ դեռեւս մի քանի օր է անցել, ինչ նախագիծը բաժանվել է:
Արդյո՞ք բոլոր մեխանիզմներն են օգտագործվել հասարակությանը գլխավոր օրենքի նախագծին ծանոթացնելու ուղությամբ, եւ ո՞ր փոփոխությունները հնարավոր կլինի մտցնել նախագծում:
Հարցերի առնչությամբ դիմեցինք գլխադասային հանձնաժողովի՝ ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանին: Նրա հավաստմամբ, ԱԺ-ում նախագծի առաջին ընթերցումից հետո, ըստ կանոնակարգի, հնարավոր է փոփոխություններ կատարել միայն հոդվածների «ներսում»: Նրա խոսքերով, ակնկալվող առաջարկություններն ու փոփոխությունները վերաբերելու են յուրաքանչյուր հոդվածում կատարվող՝ թե ինստիտուցիոնալ, թե խմբագրական փոփոխություններին:
Ռուդիկ Մարտիրոսյանի հավաստմամբ, առաջին ընթերցումից հետո նախագիծը հրապարակվել եւ բաժանվել է ժողովրդին: «Ըստ բնակչության քանակի եւ համայնքների, նախագիծը կառավարության միջոցով ուղարկվել է շրջվարչակազմեր, որպեսզի նրանք օպերատիվորեն ուղարկեն համայնքներ:
Այն առաջակությունները, որոնք կստանանք բնակչության, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների կողմից, մենք ընդունելու եւ քննարկելու ենք հանձնաժողովում. դրանք կքննարկվեն նաեւ Սահմանադրության հեղինակի եւ աշխատանքային խմբի հետ»,- ասաց գլխադասային հանձնաժողովի նախագահը:
Իսկ այն հարցին, թե բնակիչների կողմից արդեն ստացվե՞լ են առաջարկներ, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ գլխադասային երկու հանձնաժողովներում էլ կան օպերատիվ հեռախոսահամարներ, որոնցով պահպանվում է կապն այն քաղաքացիների հետ, ովքեր առաջարկներ ունեն նախագծի վերաբերյալ: «Ճիշտ է՝ եղել են առաջարկություններ, բայց առանձնակի ակտիվություն առայժմ չի նկատվում, քանի որ ընդամենը մի քանի օր է, որ նախագիծը բաժանվել է: Սպասում ենք, որ մինչեւ հոկտեմբերի 21-ը կլինեն առաջարկներ»,- նշել է Ռ.Մարտիրոսյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 24-ին արդեն նախատեսված է նախագծի երկրորդ ընթերցումը: Հայտնի է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Սահմանադրության հանրաքվեն կայանա այս տարվա դեկտեմբերի 10-ին: