ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների խորհրդարանականները նախօրեին հրաժարվել են Ռուսաստանի հետ առճակատման հարցում սատարել Վրաստանին՝ հայտարարելով, թե «ձմռան շեմին պետք է ավելի շուտ տնտեսական խնդիրներ լուծել, քան քաղաքական»: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ՝ ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրների խորհրդարանականների՝ Քիշնեւում կայացած հանդիպմանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիրներին կոչ է արել համատեղ հայտարարություն ընդունել Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ներկայիս լարվածության կապակցությամբ: «Մենք ձեզ հետ ենք, բայց այժմ, երբ առջեւում ձմեռ է, եւ տնտեսական իրավիճակը բարդ է, պետք է աշխատենք տնտեսական խնդիրների վրա եւ խթանենք մեր պետությունների միջեւ համագործակցությունը, այլ ոչ թե հայտարարություններ անենք»,- ասել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը: Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը եւ Ուկրաինայի խորհրդարանի փոխնախագահ Ադամ Մարտինյուկն էլ նշել են, թե ՎՈՒԱՄ-ի երկրներն առաջին հերթին, պետք է ընդլայնեն առեւտրական եւ տնտեսական կապերը: