Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը սպառնալիքներ է տեղացել «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի վրա: Պատգամավորը նույնիսկ չի էլ իմացել, թե ով է կոնկրետ «Առավոտի» թղթակիցը: Հարցուփորձից հետո, երբ պարզել է, մոտեցել է նրան ու փորձել է իր մակարդակով «հաշիվ մաքրել», քանի որ թերթում իր անվան հետ կապված իրեն ոչ հաճելի հոդված է եղել: ԱԺ-ում հավատարմագրված Ա. Իսրայելյանը փորձել է Ն. Գեւորգյանին բացատրել, որ ինքն այն լրագրողը չէ, որը պետք է պարզաբանումներ տա հոդվածում տեղ գտած տեղեկատվության համար: Բայց Ն. Գեւորգյանը, ըստ «Ա1+»-ի, սկսել է բղավել՝ ասելով. «Կարգին խոսա, կտամ, գլուխդ կթռնի…»: «Փորձում էր հարվածել, երբ «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը կարողացավ նրան հետ պահել ու հանգստացնելով հեռացնել միջադեպի վայրից: Սակայն դրանից հետո էլ ամբողջ միջանցքում դեռ լսվում էին անպարկեշտ խոսքերը, որոնք իրեն թույլ էր տալիս ասել Նահապետ Գեւորգյանը»,- գրում է «Ա1+»-ը: Ավելի ուշ Աննա Իսրայելյանից տեղեկացանք, որ Ն. Գեւորգյանը երկու անգամ մոտեցել է իրեն ու ներողություն է խնդրել: