Երեկ պարզվեց, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «կրիմիմալ» է դեռեւս 1991 թվականից, ու մեր պետության շահը միայն Հակոբ Հակոբյանի պատճառով տուժել է շուրջ 271 միլիոն դրամով: Բայց «պետության վնասված շահը» շատ գաղտնի էր պահվում էր ու էլի ոչ ոք չէր իմանա, եթե չլիներ հոկտեմբերի 8-ի հայտնի «ռազբորկան», որը, ըստ Աղվան Հովսեփյանի, կազմակերպել է եւ կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ խուլիգանություն է կատարել անձամբ Հակոբ Հակոբյանը:
Եվ հենց այդ խուլիգանության համար երեկ ԱԺ ամբիոնից «պետության շահը», ինչպես պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը նշեց, ձայնային «անդրկուլիսյան ելեւէջներով» «վնասազերծեց» գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ա. Հովսեփյանի միջնորդագրում միանգամից 8 մեղադրանք էր հասցեագրված Հակոբ Հակոբյանին:
Երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, թե Հակոբ Հակոբյանը հրաժարվել է ներկա գտնվել իր հարցի քննարկմանը, սակայն քիչ անց Հակոբ Հակոբյանն արդեն դահլիճում էր: Իսկ մինչ այդ, նա իր հարցի քննարկումն ու Աղվան Հովսեփյանի ծավալուն միջնորդագիրը լսում էր ԱԺ «Հանրապետական» խմբակցությունում՝ Գալուստ Սահակյանի սենյակում նստած, որովհետեւ առավոտյան որոշում էր կայացվել, որ Հակոբ Հակոբյանը չպետք է դահլիճում երեւա, որպեսզի ընդդիմությունը նրանից շոու չսարքի: Բայց Հակոբյանը չդիմացավ, ու մտավ դահլիճ ու հայտարարեց, որ այն, ինչ իր մասին Աղվան Հովսեփյանը ներկայացրեց՝ «փուչիկ» է: Հակոբ Հակոբյանը հայտարարեց նաեւ, որ ինքը չի զղջում իր արածի համար, որովհետեւ ինքը եղել է այնտեղ, որտեղ պետք է լիներ՝ իր ընտրողների կողքին, ու փորձել է կանխել «տղայական կռիվը», քանի որ եթե ինքն այնտեղ չլիներ՝ արյունահեղություն կլիներ: Նա հորդորել է կատարվածը չհամարել դարի հանցագործությունը, որովհետեւ դրանից շատ ավելի վատ բաներ էլ կան մեր երկրում: Այնուհետեւ Հ. Հակոբյանը պատգամավորներին պատմել է, որ Հովտաշատի «ՀայՌուսգազարդի» գազաբաշխիչ կայանի պահակախումբը մինչ այդ էլ բազմաթիվ անգամներ փակել է գազալցակայանին մակատարարվող գազատարի փականները, իսկ գազալցակայանի աշխատողներն իրեն ասել են՝ մինչեւ մեր «պերերիվը չբերես, չենք բացի փականները»: Հակոբ Հակոբյանը հավատացնում էր, որ նրանց հերթական «պերերիվը» չապահովելուց հետո պահակախմբի որոշ ներկայացուցիչներ ծեծել են գազալցակայանի աշխատողներին ու գյուղի 150 բնակիչներին: Միջադեպին, ըստ Հակոբյանի, փորձել են միջամտել նաեւ գյուղի կանայք, բայց Հակոբյանն իր ընտրող կանանց դա անել թույլ չի տվել ու ինքն է խառնվել, որպեսզի «բախումը կանխվի»: Նույն նպատակով կռվին մասնակցել է անգամ «չոբան Վազիրը». «Այո մասնակցել եմ եւ կանխել եմ արյունահեղությունը, դրա համար էլ արյունահեղություն ու զոհեր չեն եղել: 100-150 գյուղացի է մասնակցել կռվին, նույնիսկ 60 անց երկու կին, երեխաներ եւ չոբան Վազիրը: Նրանք ոչ թե կռվում էին, այլ ինքնապաշտպանությամբ էին զբաղված, որովհետեւ նրանց դեմ ելել էին «Ֆուլ-կոնտակտ» կարատեի մարզված ու պատրաստված տղաները` 12 հոգի, նուչագիներով»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը: Բայց Աղվան Հովսեփյանը Հակոբ Հակոբյանին հակադարձեց՝ ասելով, թե հատուկ չափիչ սարքերի արձանագրությունները ցույց են տվել, որ փականները հաճախակի փակված-բացված չեն եղել: Իսկ Հ. Հակոբյանն էլ Ա. Հովսեփյանից հետաքրքրվում էր, թե ինչու օրինակի համար գոնե մեկ մարդ մյուս կողմից չի ձերբակալվել, քանի որ խուլիգանությանը մասնակցել է երկու կողմ: Այնուհետեւ հայտարարեց, որ ինքը չի վախենում որեւէ «քննությունից», պարզապես, Ա. Հովսեփյանին զգուշացրեց, որ եթե իր իրավունքները խախտվեն` ապա ինքն այն կպաշտպանի ուրիշ ձեւով, բայց այդ անգամ, ինչպես սպառնաց Հ. Հակոբյանը՝ «Մեղքը` ձեր վիզը: էս գլխից զգուշացնում եմ, իմ կյանքից չեմ վախենում»: Հակոբյանը, ինչպես նաեւ պատգամավորները, Ա. Հովսեփյանին բազմաթիվ անգամներ հարցրին, որ եթե հանցագործությունները կատարվել են դեռեւս 1991 թվականից, ինչո՞ւ այն ժամանակ կամ մինչ այս միջադեպը իր նկատմամբ գործ չէր հարուցվում: Ա. Հովսեփյանի պատասխանը մեկն էր, որին այդպես էլ ոչ ոք չհավատաց. «Նյութերը հավաքվել են եւ 2001 թվականից են հարուցվել գործերը»: Իսկ Հ. Հակոբյանը բոլորովին այլ պատճառ բերեց. «Ինչո՞ւ այն ժամանակ չէիք ստուգում, թե՞ ստուգել են, ամեն մարդ իրա փայը տարել ա, ձեն չի հանել: Եթե չեն ստուգել, ուրեմն շահագրգռվածություն են ունեցել,- ասաց նա ու հեգնեց,- Միլիոննե՜ր, միլիոննե՜ր, դարի հանցագործություն են բացահայտել. ամեն մարդ իր միլիոններն է հաշվում, մեկ-մեկ շշկռվում, թղթերի մեջ ա գրում: Հերիք է, ինչքան ռեժիսորի դեր կատարեցիք, կինո՞ եք նկարելու՝ ինչ ա, վերջը լավ լինի»:
Հ. Հակոբյանը երեկ մի քանի անգամ հայտարարեց, որ ինքը պատրաստ է ցանկացած քննության, բայց արդեն իսկ անօրինական մի շարք գործողություններ են կատարվել իր ու իր թիմակիցների նկատմամբ: Նա նշեց, որ իր գազալցակայանի 35 աշխատակցի ձերբակալել են, առանց դատարանի սանկցիայի խուզարկել բնակարանները եւ, արդեն 4 օր է, ինչ այդ մարդկանց մասին ոչինչ հայտնի չէ: Իսկ իր նկատմամբ կատարած անօրինականություններից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ թույլ չեն տվել իրեն գոնե մեկ հեռախոսազանգ կատարել, ոչ էլ իրեն դատապաշտպան են տրամադրել: Փոխարենը, Հակոբյանին 72 ժամով աշխարհից կտրել են, եւ աշխարհի հետ նրա շփումը, որը կարճատեւ է եղել, եղել է Տիգրան Թորոսյանը: Աղվան Հովսեփյանն էլ հայտարարեց, թե 72 ժամվա ընթացքում նա աշխարհի հետ շփվել է նաեւ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի միջոցով:
Ի դեպ, երեկ Ա. Հովսեփյանին հարցեր տալու համար հերթագրվել էին միայն ընդդիմադիր ու նոր անկախացած երկու պատգամավորները: Թաթուլ Մանասերյանն Ա. Հովսեփյանից փորձում էր պարզել՝ արդյոք նա պատգամավորների «սեւ ցուցակ» ունի՞, եւ թե ով է այդ ցուցակի հաջորդ զոհը լինելու: Բնականաբար, Ա. Հովսեփյանն ասաց, որ ինքը ոչ մի ցուցակ էլ չունի, սակայն զգուշացրեց, որ դա դեռ չի նշանակում, թե ինքն այլ միջնորդագրեր չի ներկայացնելու: Իսկ «Արդարության» պատգամավոր Ստեփան Զաքարյանն էլ Ա. Հովսեփյանին խնդրեց ներկայացնել բիզնեսի այն ոլորտները, որոնց վերջը լինում է Հակոբ Հակոբյան: Նա նաեւ հայտարարեց, թե Հ. Հակոբյանի օրինակից արդեն իսկ հասկանալի է, որ «ՀայՌուսգազարդին» ու Գրիշա Սարկիսյանին չպետք է «կպնել»: «Էլ ո՞ւմ, ասեք՝ իմանանք»,- հարցրեց Ս. Զաքարյանը:
Մինչեւ փակ-գաղտնի քվեարկությունն ու Հ. Հակոբյանի «հանձնման-ընդունման» արարողությունը ելույթ ունեցան նաեւ ԱԺ խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները: «Արդարությունը»,«Ազգային Միաբանության», «Ժողպատգամավորի», ՄԱԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք իրենց պատգամավորներին որեւէ հանձնարարություն չեն տվել, եւ Հ. Հակոբյանի ճակատագրի քվեարկությունը թողել են իրենց խղճին: ՀՅԴ-ն իր կողմ լինելու մասին վաղուց էր հայտարարել: Իսկ ՀՀԿ-ն, ինչպես նշեց Գալուստ Սահակյանը, կողմ է ոչ թե լացակումած ելույթներին ու հայրենասիրական ճառերին, այլ «արդարադատության կայացմանը»: Հետո Գ. Սահակյանը հայտարարեց, որ Հակոբյանը՝ անկախ կարգավիճակից՝ հանցագո՞րծ, թե՞ խուլիգան, էլի իրենց ընկերն է:
Մի խոսքով՝ երեկ այ այսպես Հակոբ Հակոբյանին զրկեցին անձեռնմխելիությունից, ու Դատախազությունն արդեն կարող է նրա հետ անել այն, ինչ անում է շարքային քաղաքացիների հետ: Իսկ թե ինչ է լինում շարքային քաղաքացու վիճակը Դատախազություն ընկնելուց հետո՝ բոլորը գիտեն: Իսկ երեկ պատգամավորներն ուշ ժամին արդեն իրար հետ զգուշորեն էին շփվում՝ պարզելու համար, թե դիմացինը ո՞ր կոճակն է սեղմել՝ դե՞մ, թե՞ կողմ: Մի խոսքով, «քցողների» փնտրտուք է սկսվել:
Հ.Գ. «Մեղվագործի ծուխ թողնող գործիքը, որով մեղրն են քամում, առգրավել-տարել են, հայտարարել են, թե զինամթերք են հատնաբերել: Մեղվագործն ամեն առավոտ գնում ա, իր գործիքն ուզում ա, որ մեղրը քամի, չեն տալիս»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց Հակոբ Հակոբյանը՝ հետաքրքրվելով, թե ուր են «ծուխ հանող գործիքն» ու իր թիմակից մյուս ձերբակալվածները, որոնք արդեն 6 օր աշխարհի հետ կապից կտրված են: