Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Խոսքի ազատությունը ԼՂՀ-ում եւ տեղեկատվության մատչելիությունը» թեմայով, որին ներկա էին լրագրողներ, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը նախաձեռնել էր Ստեփանակերտի մամուլի ակումբը՝ «Արտիկլ 19» միջազգային կազմակերպության հետ համատեղ:
Ի դեպ, «Արտիկլ 19»-ը համարվում է Ղարաբաղի հետ անմիջապես աշխատող առաջին միջազգային կառույցներից մեկը:
Միջոցառման ընթացքում Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ վերջին մի քանի տարիներին խոսքի ազատության բնագավառում առաջընթացն ակնհայտ է, սակայն օրենսդրական բազան իրականություն դարձնելու համար կան մի քանի խոչընդոտներ, որոնք կապված են նրա հետ, որ հանրապետությունում չի կայացել անկախ ԶԼՄ-ների ինստիտուտը, ԶԼՄ-ներն էական ազդեցություն չեն ունենում իշխանությունների քաղաքականության վրա: Կա նաեւ այն հանգամանքը, որ ԶԼՄ-ներում տպագրված փաստերի վերաբերյալ իշխանությունները լռում են կամ պարզապես անտարբերություն են ցուցաբերում: Նշվեց նաեւ այն մասին, որ Ղարաբաղում չկա տեղեկատվության տրամադրման մերժման դեպքում դատարան դիմելու ավանդույթը: Մամուլի ակումբի ղեկավարը մի քանի առաջարկություններ արեց՝ տեղեկատվության համար քաղաքացիների էլեկտրոնային դիմումների ինստիտուտի ներմուծման, ԶԼՄ-ների համար տեղեկատվության փնտրման լիազորված մարդու նշանակման, ինչպես նաեւ մամուլի օմբուդսմեն նշանակելու վերաբերյալ:
Իսկ Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը խոսեց ընթերցողների պասիվության մասին: Նա նաեւ փաստեց, որ գյուղական բնակչությունը գործնականում զրկված է մամուլից, քանի որ այն մատչելի չէ: «KarabakhOpen»-ի համակարգող Նաիրա Հայրումյանն էլ նկատեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հեռահաղորդակցության մասին» օրենքների ընդունումից հետո այդպես էլ չտեղծվեց մի մարմին, որը կտրամադրեր լիցենզիաները եւ կբաշխեր հեռուստաալիքների հաճախականությունները:
Խոսվեց նաեւ այն մասին, որ էլեկտրոնային կայքեր եւ մամուլի ծառայություններ չունեն պետական մի քանի կարեւոր գերատեսչություններ: Նշվեց նաեւ, որ արդեն 10 տարի է` խորհրդարանը կայք է ստեղծում, բայց մինչ օրս այն գոյություն չունի, այնինչ այն շատ կարեւոր է:
Ելույթ ունեցողները նշեցին, որ «չորրորդ իշխանության» ոչ բավարար ազդեցության պատճառը առաջին հերթին հենց լրագրողների անհետեւողականությունն է եւ լրագրողական արհեստավարժության ոչ բարձր մակարդակը: Խոսվեց նաեւ հոգեբանական պատնեշների մասին. իշխանություններն իրենց գործունեության մասին տեղեկություն չեն տրամադրում, իսկ քաղաքացիներն էլ չեն ուզում «խանգարել» նրանց:
Ազգային ժողովի պատգամավոր Գարիկ Գրիգորյանի խոսքերով, չնայած օրենքներն ընդունված են, սակայն մշակված չեն դրանց կիրառման մեխանիզմները: Նա տեղեկացրեց, որ պատգամավորների մի խումբ նախատեսում է ԱԺ-ում հանդես գալ հաճախականությունների բաշխման Ազգային հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ: