2005-ի դեկտեմբերի 23-ին Գյումրիի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ջուլիետա Հարությունյանը վատառողջ լինելու պատճառով հրաժարվում է իր պաշտոնից: 2006-ի հունվարի 10-ին Գյումրիի միության արտահերթ համաժողովը 68 պատվիրակների մասնակցությամբ նախագահի պաշտոնում միաձայն ընտրում է Մելանյա Եղիկյանին:
«10 ամիս աշխատելուց հետո ինձ պարտադրում են, որպեսզի ես հոկտեմբերի 17-ին նշանակեմ միության նոր նախագահի ընտրություններ: Ինձ համար պարզ է, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ ես շարունակեմ իմ աշխատանքն այդ պաշտոնում, եւ նոր ընտրությունների միջոցով ցանկանում են զրկել ինձ այդ աշխատանքից: Ես վստահ կարող եմ ասել, որ իմ պաշտոնավարության ընթացքում որեւէ թերացում կամ սխալ չի եղել: Բացի այդ, օրենքի համաձայն, իմ պաշտոնավարության ժամկետը դեռեւս չի լրացել, սակայն, այնուամենայնիվ, ինձ պարտադրում են, որ նշանակվեն նախագահի նոր ընտրություններ»,- ասում է Գյումրիի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Մելանյա Եղիկյանը:
«ՀՀ Արհեստակցական միության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միության ընտրական համաժողովներ հրավիրվում են միայն հինգ տարին մեկ անգամ: Այս տարի արհմիությունների համար ընտրական տարի է: Ընտրությունների ժամանակ կրթական հաստատությունների ներկայացուցիչներն արհմիության համագումարում ընտրում են արհիմության վերստուգիչ հանձնաժողով, նախագահական կազմ եւ նախագահ: Բայց քանի որ Գյումրիի կրթության եւ գիտության արհմիության նախկին նախագահն իր պաշտոնից հրաժարվել է ժամկետից շուտ, նոր նախագահի ընտրությունները կայացել են արտահերթ: Սակայն դեռեւս չեն ընտրվել արհմիության վերստուգիչ հանձնաժողովը եւ նախագահական կազմը, որոնց ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին:
«Ինձ ստիպում են, որպեսզի ես հոկտեմբերի 17-ի ընտրությունների օրակարգում դնեմ ոչ միայն վերստուգիչ հանձնաժողովի եւ նախագահական կազմի, այլ նաեւ նոր նախագահի ընտրության հարցը: Ու հիմա ինձ բացեիբաց ասում են, որ ես թողնեմ այս աշխատանքը, իսկ իմ մասին հետո կմտածեն»,- ասում է տկն Եղիկյանը: Ընտրություններին մասնակցելու են Գյումրիի կրթական հաստատությունների ներկայացուցիչները, ովքեր ընտրվել եւ լիազորվել են տվյալ հաստատության կողմից ժողովների արդյունքում: «Շիրակի Կրթության վարչության աշխատակից Վարդան Ասլանյանը պահանջել է, որ ես իրեն ներկայացնեմ դպրոցներում կայացած ժողովների արձանագրությունները եւ ընտրություններում քվեարկելու իրավունք ստացած ներկայացուցիչների ցուցակները: Նրանք նման բան անելու իրավունք չունեն եւ ընդհանրապես միջամտելու արհմիության ընտրություններին, քանի որ օրենքն արգելում է դա»,- ասում է տկն Եղիկյանը:
«Արհեստակցական միությունների» մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է արհեստակցական միության անկախությունը. «Արհեստակցական միությունն անկախ է պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, այլ կազմակերպություններից եւ կուսակցություններից. նրանց հաշվետու չէ եւ նրանց կողմից վերահսկողության ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Այն, որ Շիրակի Կրթության վարչությունը դպրոցներից նույնպես պահանջել է ընտրողների ցուցակները, ինչպես նաեւ շատ կոնկրետ հանձնարարություններ տվել նոր նախագահ ընտրելու վերաբերյալ, հաստատում է նաեւ դպրոցներից մեկի ներկայացուցիչը, որը չցանկացավ հրապարակել իր անունն` աշխատանքը չկորցնելու նկատառումներով: «Անշուշտ, կան մարդիկ, ովքեր ուզում են, որ գործող նախագահն այլեւս չշարունակի իր աշխատանքը տվյալ պաշտոնում, եւ նրան փոխարինի մեկ ուրիշը: Մեզ զանգել է Մարինե Պոկացյանը Շիրակի Կրթության վարչությունից եւ պարզ ու բացեիբաց հանձնարարել ընտրությունների ժամանակ ձայն տալ Լիլյա Պետրոսյանին: Կրթության վարչությունը պահանջել է նաեւ, որ մենք իրենց ներկայացնենք ժողովների արձանագրությունները եւ ընտրելու իրավունք ստացած մարդկանց ցուցակները: Մենք գոհ ենք գործող նախագահից, այս տասը ամսվա ընթացքում աշխատանքը կատարվել է, եւ ինձ համար զարմանալի է նրան աշխատանքից զրկելու այս ակնհայտ տրամադրվածությունը»,- ասում է այդ ներկայացուցիչը:
Մարզպետարանի Կրթության վարչության բաժնի պետ Վարդան Ասլանյանը հերքեց այս տեղեկատվությունը. «Ես` որպես բաժնի պետ, իմ աշխատակիցներին նման բան անելու հանձնարարություն չեմ տվել եւ իմ սենյակում չունեմ այդ ցուցակները»: Կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ռաֆիկ Նալբանդյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:
Մելանյա Եղիկյանը մինչեւ արհմիության նախագահ ընտրվելն աշխատել է Գյումրիի թիվ 41 դպրոցում` որպես փոխտնօրեն: Իր նախկին աշխատանքին նա այլեւս չի կարող վերադառնալ, քանի որ տեղն արդեն զբաղեցված է:
www.hetq.am