Երբեք ուշ չէ սովորել

07/05/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Եթե խորհրդային տարիներին երիտասարդների համար լուրջ խնդիր էր արտասահման
մեկնելն ու այնտեղ կրթություն ստանալը, ապա այսօր հայ երիտասարդը կարծես
բողոքելու առիթ չպետք է ունենա: Երկաթե վարագույրի դարաշրջանն արդեն խոր
անցյալում է, 21-րդ դարի երիտասարդը, եթե ուզենա, կարող է լինել մաքսիմում
ինֆորմացված ու կրթված, հատկապես, երբ դրան հասնելու ճանապարհներն այսօր
քիչ չեն: Ի՞նչ է պետք. սովորելու ցանկություն, աշխատասիրություն, մի քիչ
էլ հետաքրքրություն ու ճարպկություն:
Ամեն ինչ կարելի է սկսել հենց դպրոցից
Տարիներ շարունակ 100-ավոր աշակերտներ American Councils (ACCELS)-ի
միջոցով այցելել են ԱՄՆ, ապրել այնտեղ մեկ տարի, ու ստացած գիտելիքները
հետո լավ արդյունքներ են տվել: Հայաստանյան գրասենյակի տնօրեն Էլիզաբեթ
Վինշիփը հավաստիացնում է, որ անգլերենի փայլուն գիտելիքների շնորհիվ չէ
միայն, որ երեխան կարող է հաղթել այս մրցույթներում: «Մենք փնտրում ենք
այնպիսի երեխաների, ովքեր թե՛ ինտելեկտուալ, թե՛ էմոցիոնալ առումով
պատրաստ են սովորել դրսում: Նրանցից ոչ բոլորը կարող են մեկ տարով հեռու
լինել իրենց ընտանիքներից: Պետք է լինեն հասուն, ուժեղ եւ ինքնավստահ,
կարողանան շփվել տարբեր մշակույթի, կրոնի տեր մարդկանց հետ: Ամեն տարի
ընտրում ենք 50 աշակերտի, նաեւ ռեզերվային տեղեր են լինում, եւ, երբ
ընտրվածներից մեկը հրաժարվում է, ռեզերվում եղածն է փոխարենը գնում»: 50
հաղթողներն ընտրվում են Վաշինգտոնում: Ընտրվում են նաեւ ընտանիքները,
ովքեր պետք է այդ տարի խնամեն երեխաներին: «Քիչ դեպքեր են եղել, երբ
ընտանիքն ու երեխան իրար չհամապատասխանեն: Այդ դեպքում երեխային տեղափոխել
ենք այլ ընտանիք»:
Հատուկ ծրագրեր ուսանողների եւ բուհն ավարտածների համար
Յու-Գրեյդ. այսպես է կոչվում այն ծրագիրը, որ իրականացնում է IREX-ը 1-ին
եւ 2-րդ կուրսերի, 5-ամյա բուհերի՝ նաեւ 3-րդ կուրսի համար: «Մրցույթի
առաջին փուլում հիմնական ուշադրությունը դարձվում է փաթեթին: Փաթեթում
պետք է լինի գնահատականների ցանկը, առաջին կուրսի դեպքում ՝ ատեստատը,
երեք շարադրություն, որոնք ճիշտ գրելու համար հատուկ դասընթացներ ենք
անցկացնում, եւ երկու երաշխավորագիր»,- պատմում է IREX–ի ակադեմիական
փոխանակման ծրագրերի պատասխանատու Մակրիտա Ավջյանը: Այս տարվա
մասնակիցներն արդեն հավաքագրվել են, հունվարի վերջին պարզ կդառնան
կիսաեզրափակիչ անցած ուսանողները, իսկ փետրվարին կկայանա երկրորդ փուլը:
«Սա մեկ հարցազրույց է եւ մեկ ոչ պաշտոնական TOEFL քննություն: Երրորդ
փուլ անցնողներն արդեն մարտ-ապրիլ ամիսներին պաշտոնական TOEFL են հանձնում
եւ օգոստոսին հաղթողները մեկնում են ԱՄՆ»,- ասում է Մ. Ավջյանը: Մեկ տարի
IREX-ը հոգում է ուսանողի բոլոր ծախսերը՝ ուսում, ճանապարհ, բժշկական
ապահովագրություն՝ որոշ հիվանդությունների դեպքում, դասագրքեր, եւն:
Յուրաքանչյուր տարի 16-20 տեղ է հատկացվում ուսանողներին: Դիմորդները
միայն լեզվաբանական բուհերից չեն, կան տնտեսագետներ, իրավաբաններ, եւն: Կա
ծրագիր նաեւ բուհն ավարտածների համար՝ մագիստրոսի կոչում ստանալ ԱՄՆ-ում:
Մասկի ծրագիրը այս տարվանից իրականացնելու է IREX-ը: Մրցույթի կարգն ու
պայմանները նույնն են: «Մեր ուսանողները վերադառնում են լավատեսական
տրամադրությամբ,- ասում է Մ. Ավջյանը։ -Մեկ տարվա ինքնուրույնությունը
ցույց է տալիս, որ ամեն ինչ իրենց ձեռքում է»:
Այլ ծրագրերից
IREX-ի կրթական այլ ծրագրերից է CI ծրագիրը, որը հետազոտական աշխատանքների
համար է: CC-ն բիզնեսով հետաքրքրվածների համար է, ովքեր փոքր բիզնես են
փորձում ծավալել: Վերջիններիս հնարավորություն է ընձեռվում սովորել,
աշխատանքային փորձ ձեռք բերել ԱՄՆ-ում, իմանալ՝ ինչպես է փոքր բիզնեսը
զարգանում, նաեւ գործընկերներ գտնել: Կան ուսուցիչների, տնօրենների
վերապատրաստման ծրագրեր: IREX-ն ունի նաեւ Computer-Based Testing Center,
որտեղ TOEFL, GRE, GMAT քննություններ կարելի է հանձնել: IATP-ն Ինտերնետի
մատչելիության եւ ուսուցման ծրագիր է, որի հիմնական նպատակն է՝ զարգացնել
հայկական ինտերնետային ռեսուրսները, կազմակերպել անվճար դասընթացներ, եւն:
Ծրագիրը համակարգող Մկրտիչ Տոնոյանից իմացանք, որ ՀՀ-ում այսօր կա 13
ինտերնետային կենտրոն, որից երեքը Երեւանում է, մնացած 10-ը՝ մարզերում:
«Մեր կենտրոնները ստեղծվել են, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան
անվճար օգտվել համակարգչից, մասնակցել դասընթացների: Էլեմենտար
գիտելիքներից սկսած՝ մինչեւ խորացված ծրագրեր սովորեն: Ինտերնետ կայքում
ունենք աշխատատեղերի մասին ինֆորմացիա: Մեր շրջանավարտների համար ունենք
նաեւ գրանտների ծրագրեր: Վերջերս Համաշխարհային բանկը 10 միլիոն դոլարի
չափով ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ-ին, որի մի մասը
տրամադրվելու է կոմպյուտերային գիտելիքների դասավանդմանը: Եթե չեմ
սխալվում, մոտ 800 ուսուցչի վերապատրաստում պետք է լինի: Մարտից
Եղեգնաձորում իրականացնելու ենք 52 ուսուցիչների վերապատրաստում»,- ասում
է Մ. Տոնոյանը:
Իսկ աշխատանք Հայաստանում կա՞
Որոշ երիտասարդներ մտածում են՝ «բայց արժե՞ այդքան սովորել, միեւնույն է,
վերադառնալով Հայաստան, գիտելիքներիդ համապատասխան աշխատավարձ չես գտնի»:
«Ես նույնպես այս ծրագրերից մի քանիսի շրջանավարտ եմ,- որպես պատասխան
ասաց Մ. Տոնոյանը։ -Մենք գիտենք ՝ ուր ենք գալիս: Չվերադարձողները քիչ են:
Իսկ վերադարձողները հիմնականում լավ գործ են գտնում, ստեղծում են հզոր
ասոցիացիաներ: Իհարկե, աշխատավարձը ԱՄՆ-ի համեմատ քիչ է, բայց վատ վաստակ
էլ չեն ստանում: Հավաքվել են մարդիկ, որոնք ուզում են զարգացնել այս
երկիրը եւ այստեղ լավ ապրել»:

Հ.Գ՝ «168 Ժամը» կհամագործակցի IREX-ի եւ ACCELS- ի հետ՝ երիտասարդությանը նոր ծրագրերին տեղյակ պահելու համար: