Խնձո՞ր, թե՞ միտք

15/10/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ինչ խոսք, ոչ ոք չի պատրաստվում վիճարկել այն իրողությունը, թե ներքաղաքական եւ գլոբալ զարգացումների մասին ճշգրիտ վերլուծություններ անելու համար որքան կարեւոր է գիտենալ, թե իրենց մերկությունը հատկապես ո՛ր ֆիրմայի ներքնազգեստով են նախընտրում ծածկել մեր քաղաքական գործիչները: Հմուտ վերլուծաբանն անհրաժեշտ հետեւություններ կարող է անել նաեւ այս տեղեկատվությունից: Սակայն եթե հետեւենք մեր տեղական մամուլով եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներով մատուցված տեղեկատվությանը, մասնավորապես՝ դրա ո՛ր մասն է օգտակար ինֆորմացիա, ո՛ր մասն է հանրապետության մարզերից, ո՛ր մասն է տեղական հավաստի աղբյուրներից եւ որ մասը՝ միջազգային լրատվական ծառայություններից, կտեսնենք, որ մեզ հրամցվող տեղեկատվության աշխարհագրությունը՝ որպես կանոն, սահմանափակվում է Երեւանով, իսկ իրենից այս կամ այն չափով հետաքրքրություն ներկայացնող միջազգային լուրերը կա՛մ առհասարակ ներկայացված չեն, իսկ եթե ներկայացված էլ են, ապա միջազգային լրատվական գործակալությունների մատուցմամբ: Հետաքրքիր է նաեւ այն, որ մասնավորապես մեր ոչ այնքան բարեկամ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին տեղեկատվությունն էլ ներկայացվում է հենց թուրքական աղբյուրներին հղում անելով: Առաջին ձեռքից, համակարգված, մշակված տեղեկատվությունը, հասկանալի է, թանկ ապրանք է: Իսկ պատկերավորության համար եթե մեր տեղեկատվական շուկան համեմատենք թեկուզ հագուստի շուկայի հետ՝ ակնհայտ է դառնում, որ մեր ինֆորմացիոն շուկան եւս հեղեղված է երկրորդ ձեռքի, անորակ, ոչ այնքան օգտակար, հաճախ՝ թուրքական «արտադրության» տեղեկատվությամբ: Այս դեպքում իրավիճակը հնարավո՞ր է շտկել՝ ստեղծելով «Տեղեկատվական անվտանգության» հայեցակարգ, որը զուտ տեսական փաստաթուղթ է, կաշխատի՞ այն: Այս հարցերի պատասխանը ներկայացնում է «Տեղեկատվական անվտանգության» հայեցակարգի նախաձեռնության հեղինակ, «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը. « Ձեր նախաբանը՝ թե ինչներիս է պետք տեղեկատվական անվտանգությունը, երբ խախտվում են նման տարրական դրույթներ՝ սխալ է: Ինչո՞ւ: Տեղեկատվական անվտանգություն ասելով՝ պետք չէ կարծել, թե խոսքը միայն լրատվությանն է վերաբերում: Սա լայն հասկացություն է եւ մտնում է «ազգային անվտանգություն» հասկացության մեջ: Տեղեկատվական անվտանգության բաղադրիչներ են թե՛ մեր գիտակրթական խնդիրները, թե՛ հոգեւոր, թե՛ հոգեբանական անվտանգությունը: Եթե ունենանք պատկերացումներ տեղեկատվական անվտանգության մասին, այդ ժամանակ մարդիկ, ովքեր պատասխանատու են տեղեկատվական անվտանգության համար, գուցե ինչ-որ քայլեր կձեռնարկեն»: Որպես նման հայեցակարգի անհրաժեշտության հիմնավորում՝ պարոն Հարությունյանը բերեց վերջերս քննարկման առարկա դարձած Լիբանան հայ խաղաղապահներ ուղարկելու օրինակը: Նպատակահարմա՞ր է այս փուլում նման քայլի իրականացումը, հնարավոր կլինի ասել փորձագիտական վերլուծությունից հետո: Սակայն իսրայելալիբանանյան հակամարտության ընթացքում, երբ հայկական հզոր համայնքներ ունենք թե՛ Լիբանանում, թե՛ Իսրայելում, ոչ մի տեղեկատվություն ռազմական գործողությունների ընթացքում մեր համայնքների վիճակի մասին համարյա չունեինք։ «Փորձագետներս,- շարունակում է Գագիկ Հարությունյանը,- պետք է առաջին ձեռքից իմանայինք՝ ինչ է իրականում կատարվում տարածաշրջանում՝ անհրաժեշտ վերլուծություն անելու համար: Ո՛չ Լիբանանում, ո՛չ Իսրայելում մենք չունենք մեր սեփական տեղեկատվական կետերը»: Անշուշտ, կային լրատվական խողովակներ. «Նույն «Երկիր մեդիան» ռեպորտաժներ էր տալիս, սակայն շատ քիչ, այնքան, որքան կարողանում էին: Իսկ թե Երուսաղեմում ինչ էր կատարվում, առհասարակ չգիտեինք: Ոչ առաջնային տեղեկատվության մատուցումն առաջին պլանում է այն դեպքում, երբ կարեւորագույն շատ խնդիրների մասին ընդհանրապես որեւէ տեղեկատվություն չկա: Առաջարկում եմ ազգային անվտանգության հայեցակարգի մշակումից հետո մշակել սոցիալ-տնտեսական, տեղեկատվական, հոգեւոր անվտանգության հայեցակարգեր»: Նման հայեցակարգերի ստեղծումն աշխարհում կատարվում է նույն սկզբունքով՝ պետությունը պատվեր է տալիս, եւ փորձագետները սկսում են մշակել անհրաժեշտ հայեցակարգը: Սակայն մեր երկիրը, որը լուրջ խնդիրներ ունի թե՛ տեղեկատվական, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում, փաստորեն այնքան էլ չի կարեւորում պետության համար առաջնային հայեցակարգեր ունենալու խնդիրը: Որպես օրինակ կարող ենք բերել «Ազգային անվտանգության» հայեցակարգը, որը մեջտեղ եկավ տակավին վերջերս: Սակայն մեր բերած այս օրինակը «Նորավանք» հիմնադրամի տնօրենին մղում է լավատեսության. «Երեք տարի առաջ Պաշտպանության նախարարությանը մեղադրում էին ազգային անվտանգության հայեցակարգ չունենալու համար: Անցել է երեք տարի՝ արդեն ունենք: Եթե սկսենք արդեն այսօրվանից փորձել քայլ առ քայլ մշակել տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, վաղը-մյուս օրը դա արդեն տեսական խոսակցությունների դաշտից կտեղափոխվի իրականության ոլորտ»: «Նորավանք» հիմնադրամից բացի՝ վերոնշյալ հայեցակարգի ստեղծման աշխատանքներին, ըստ Գագիկ Հարությունյանի, իրենց հետ պատրաստ են համագործակցել ՊՆ «Դրաստամատ Կանայան» փորձագիտական կենտրոնը, նախագահին կից «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը», այլ փորձագետներ:

«Դու ունես մեկ խնձոր, ես էլ ունեմ մեկ խնձոր, եթե մենք փոխանակենք մեր խնձորները, յուրաքանչյուրս դարձյալ կունենա մեկ խնձոր: Դու ունես մեկ միտք, ես էլ ունեմ մեկ միտք: Եթե մենք փոխանակենք մեր մտքերը, կունենանք երկուական միտք»: Բեռնարդ Շոուի այս հայտնի խոսքերը մեր զրույցի ժամանակ հիշեց «Նորավանք» հիմնադրամի տնօրենը: Իհարկե, նրա լավատեսությունը, թե «Տեղեկատվական անվտանգության» հայեցակարգ ստեղծելով՝ վիճակը հնարավոր կլինի շտկել կամ վերահսկել, գուցե տեղին է: Սակայն դատելով տեղեկատվական ոլորտի ներկայիս վիճակից՝ կարծես թե մեզ առայժմ հետաքրքիր է միայն խնձորների փոխանակությունը: