Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի խուլ, ամայի ու անմարդաբնակ փողոցներում, ուր կատաղած շների վայնասունն արձագանքում է ամբողջ տարածքով մեկ, մի պապիկ ձեռքերը մեջքին ծալած արագ այս ու այն կողմ է գնում: Ինձ տեսնելուն պես մոտենում է, ասես կանգնել էր ինչ-որ մեկին դիմավորելու: «Ի՞նչ ես կորցրել էս կողմերում, աղջիկ ջան: Իմացի, որ ես միշտ ստեղ կանգնած մարդկանց օգնում եմ: Որ մեկ էլ գաս՝ էս շներից չվախենաս, ես ստեղ եմ, սիրում եմ մարդկանց օգնել: Եթե մեկի ձեռքին ծանր բան եմ տեսնում, օգնում եմ»,- վստահեցնում է նա ու առանց ճշտելու, թե ով եմ եւ ինչու եմ եկել, հրավիրում է իր տուն: 65-ամյա Մինաս պապի աչքերն այնքան բարի ու թախծոտ են, որ աչքերի մեջ կարող ես կարդալ նրա հոգու դառնությունը: Ասում է՝ «Տեսնո՞ւմ ես, մենք ստեղ ենք ապրում, բայց երեւի հիմա կմտածես, որ էն հաչող գազազած շները սկի ստեղ չէին դիմանա, չէ՞»,- իր կենցաղից կաշկանդված պապիկի աչքերն արցունքոտվում են, որովհետեւ ուզում է լաց լինել, նեղվածությունը թոթափել: Մինաս պապը փառք է տալիս Աստծուն, որ գոնե հիմա ապրում է Վարդաշենի թիվ 9 Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանի նկուղային սենյակներից մեկում: Երկար ժամանակ փողոցներում է գիշերել ու հիմա երբ հիշում է այդ օրերը՝ մարմնով դող է անցնում: Ասում է՝ «Գիտե՞ս, ես շատ շնորհակալ եմ թաղապետ Մհերից (խոսքը Մհեր Սեդրակյանի մասին է:- Լ.Ս.) ու ոստիկանության աշխատող Նազարյանից, փողոցում էինք ապրում, ընկա հիվանդանոց, իրանք բերեցին մեզ ստեղ տեղավորեցին: Էդ անձրեւներին, ցրտին քուչեքն էինք մնացել, ամիսներով ասֆալտի ու ցեխի մեջ եմ մնացել»: Ծերունու կինը տառապում է ասթմա հիվանդությամբ, իսկ հանրակացարանի բնակիչներն արդեն չեն հանդուրժում նրա խեղդող հազի «դխկդխկոցը»: Մինաս պապն ասում է՝ «Հայէլեկտրոյում թունավոր գործ ա արել, բրոնխները շարքից դուրս եկած են: Հազն իրան խեղդում ա, էլ չի դիմանում, տեսնո՞ւմ ես ինչ խոնավ ա, խոնավության հոտից գժվում ենք արդեն: Հարեւանները աջ ու ձախ բողոքում են, ասում են՝ ինչի՞ ա առավոտ շուտ հազում: Հազում ա թե չէ, պատի հետեւից գոռում են՝ գրող ու ցավ, բայց ես ձեն չեմ հանում, արդեն սովորել ենք»: Կնճռոտ, բայց չափազանց բարի դիմագծերով երեսը բռունցքների մեջ առնելով` հեկեկում է Մինաս պապն ու՝ տեսնելով, որ վատ եմ զգում, սկսում է ինձ մխիթարել. «Ես հիվանդ եմ, աղջիկս, ես հոգեկան հիվանդ եմ: Դեղեր եմ խմում, որ էդ ձեները չլսեմ, ախր դրանք էլ էնքան ճիշտ բաներ են ասում, որ ո՞նց չհավատաս»,- հորդորում է նա ասածների ծանր տպավորությունը մեղմելու համար: Խորդանոցից չտարբերվող նրանց գորշ ու տակնուվրա եղած սենյակին նայելիս չեմ պատկերացնում, թե ինչպես են այնտեղ քնում, ճաշում, հոգում կենցաղային տարրական պայմանները. այնտեղ չկա ոչ զուգարան, ոչ բաղնիք, ոչ էլ խոհանոց: Դրա համար էլ ծերունին ուզում է մեռնել: Ասում է, որ մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել, բայց ձախողվել է. «Մահափորձ եմ արել, բայց փրկեցին: Գիտե՞ս, ես մեր թագավորին չեմ մեղադրում: Ախր մի խուցն ի՞նչ ա, չենք կարում ղեկավարենք, բայց էդ մարդն ամբողջ մի երկիր ա կառավարում: Ես իրան բողոքելու բան չունեմ, ինքը լավ թագավոր ա: Ես եմ դժբախտ, ուզում եմ մեռնել»: Ասում եմ՝ «Դու բարի աչքեր ունես, երեւում է, լավ պապիկ ես: Դեռ էնքան մեծ չես, որ մեռնելու մասին մտածես»: Ժպտալով ու այդ խոսքերից մի քիչ իրեն կարեւոր զգալով` փորձում է կիսվել. «Գիտե՞ս, ես երբեք չեմ ուզել մարդկանց վատություն անել, միշտ ուզում եմ լավ բան անել: Ես ամեն օր աղոթում եմ, որ հանկարծ առանց հասկանալու մեկին մի վատ բան չանեմ: Աստծուց խնդրում եմ, որ չթողնի ես վատ արարքներ անեմ: Բայց էս կյանքը շատ դժվար ա, ապրելը մեռնելուց վատ ա, մարդ էս պայմաններին չի դիմանում, էլի, մտածմունքներից գժվում եմ: Ախր 65 տարեկան մարդ եմ, ես թոշակով կարա՞մ գոնե ինձ մի հատ շոր կամ կոշիկ առնեմ, չեմ կարա, որովհետեւ ուտելու բան չունենք: Հես ա, ձմեռն եկավ` անշոր, սոված փորով կմնանք: Դե ասա, մարդ ո՞նց չի գժվի»:
Հետո ապացուցելու համար, որ ժամանակին կարգին տղամարդ է եղել, ընկնում է հիշողությունների գիրկը, նկարագրում է Զեյթունում գտնվող իրենց բնակարանում ապրած տարիները, երբ բանվորություն անելով կարողանում էր ընտանիք պահել: Հարցնում եմ՝ «Ծնունդով որտեղի՞ց ես», պատասխանում է՝ «Երկնքից, հա՛, երկնքից եմ իջել, լուրջ եմ ասում»: Ծիծաղում է ու հասկացնում, որ կատակում է: Հարսը՝ Աննան, Մինաս պապին խնդրում է թույլ տալ ինքն էլ խոսի: 3 երեխա ունի, իսկ 2 ամսական Մարիամին լողացնում են կեղտակորույս ու խոնավությունից փուլ եկող սենյակի անկյունում, ուր ազատ տեղ գտնել հնարավոր չէ: «Այ սենց ցիր ու ցան եղած ապրում ենք: Ամուսինս հոսանքից հասկանում ա, մասնավոր գործեր ա անում: Շատ դժվար ա: 2 երեխաներս մեծ են, դպրոցական են, մեր վիճակից շատ են ընկճվում: Հույսներս կտրած ապրում ենք»: Մինաս պապն ասում է` եթե ինքն առողջ լիներ, կգնար «խոպան», կաշխատեր, թոռներին կպահեր. «Ես հիվանդ չեմ, բայց ուժեր կան, էդ ուժերն են ինձ հիվանդացնում: Հենց զգում եմ, որ տանջում են, ասում եմ՝ ինձ սրսկեք: Մեկ-մեկ կնկաս հետ եմ անմեղ տեղը վիճում, հարսիցս եմ խռովում: Եթե ձեր տունը գործ լինի՝ արեք ինձ տարեք, ես բանվորություն կանեմ, առանց մի մանեթ ուզելու կօգնեմ»: Մինաս պապի հարսը՝ Աննան, հոգեբանորեն ճնշվում է հանրակացարանային ծանր կյանքից, որովհետեւ բնակիչները վատ պայմաններից չարացել են: Ամեն օր վիճաբանություն է լինում, մարդիկ վատ պայմաններից լարված ու դյուրագրգիռ են դարձել: «Էստեղ ամեն օր վիճաբանություն ու տուրուդմփոց ա լինում: Մեկը մյուսի լավը չի ուզում, որովհետեւ բոլորն էլ շատ վատ, ծայրահեղ վատ են ապրում: Սաղ կյանքից հիասթափված են: Մեկը ուզում ա մի քիչ ուրախանա՝ ծիծաղում ա, մեկ էլ հարեւանը կռիվ ա գալիս, թե ինչի՞ բարձր ծիծաղեցիր, մենք տրամադրություն չունենք: Մեկի սենյակից երաժշտության ձեն ա գալիս՝ ջղայնությունից կեղտոտ հայհոյանքներ են անում, չեն ուզում էդ ուրախությունը: Դժոխք ա, դժոխք, մի 2 ժամ մնացեք էստեղ, չեք դիմանա, կխելագարվեք: Լույսը բացվում ա թե չէ` հայհոյանքներն ու կռիվները սկսվում են: Ամուսնուս խնդրում, աղաչում եմ, որ ինձ քաղաք տանի, որ մի քիչ կտրվենք: Գնում, մի քիչ պտտվում ենք, բայց հենց մարշրուտկից ստեղ իջնում ենք, ասում եմ՝ էլի եկանք դժոխք»,- պատմում է Աննան ու ցույց տալիս իր սենյակի պատերին հոսող կոյուղաջրերը, որոնցից կես մետր հեռավորության վրա քնած է 2 ամսական նորածին երեխան: Սենյակը լաբիրինթոսի նման է, հնամաշ հագուստի քրջերն ու սնունդի մնացորդները խճճված են միեւնույն դեղնած փայտե սեղանի վրա: Մինաս պապը միջամտում է՝ «Ես ուզում եմ, որ հայ ազգը մեծանա ու մեր երկրում խաղաղություն լինի: Ես էն աշխարհ գնացող մարդ եմ, բայց փոքր երեխեքը շատ մեղք են: Իմ համար փառք եմ տալիս աստծուն, որովհետեւ ավելի վատ օրի եմ եղել: Դուրսն եմ քնել, ոտով եմ Լենինական հասել, ցրտից փետացել եմ, սովից ուշագնաց եմ եղել: Փա՜ռք քեզ Աստված…»: Մինաս պապն ինձ ճանապարհում է, ասելով՝ «Բոլոր լավ մարդկանց իմ կողմից կբարեւես»: Հեռանալիս նայում եմ նրան ու զարմանում, թե այս անօգնական ծերունին ինչքան լավատես է ու ինչքան է ուզում մարդկանց օգտակար լինել: