«Իշխանությանը տիրապետող քաղաքական ուժերը կորցնում են գործունակությունը, իսկ իշխանությանը հավակնող ուժերը չեն կարողանում իրավիճակի վրա որակապես ազդելու ձեւեր գտնել»,- 1996-1998թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար, 1992-1996 թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ ասված է Ալեքսանդր Արզումանյանի, նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, Ղարաբաղի ինքնապաշտպանության ջոկատների (Արցախի ինքնապաշտպանության բանակ) առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի, ԵՊՀ դոցենտ, «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» ՀԿ նախագահ Գայանե Մարկոսյանի եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի տարածած հայտարարության մեջ: «Առանց քաղաքական գործընթացների մեջ որակապես նոր գործոններ ներառելու անհնար կլինի կասեցնել իշխանությունների վերարտադրության ծրագրերը: Քաղաքական ոլորտում կիրառվող մեթոդների եւ ձեւերի մաշվածության հետեւանքով խորանում է իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի եւ ժամանակի հրամայականների միջեւ անջրպետը: Այս ֆոնի վրա առավել վտանգավոր է դառնում հայաստանյան քաղաքական գործիչներին ըստ ռուսամետ կամ արեւմտամետ դասակարգելը (առավել եւս, նման հայտարարություններով նրանց հանդես գալը), քանի որ նման որակումները սպառնում են քաղաքական կուսակցություններին այս կամ այն արտաքին ուժերի կամակատարը դառնալ»,- ահազանգում են հեղինակներն ու վստահեցնում, որ թե` հասարակությունը, թե քաղաքական վերնախավն այլեւս մերժում են իշխանության ձեւավորման ավտորիտար սկզբունքը: «Իշխանությունն այսօր վերածվում է քրեականացված միավորման, որը գործում է քաղաքական եւ տնտեսական ազդեցության ոլորտների բաժանման վերաբերյալ տարբեր խմբավորումների պայմանավորվածության հիման վրա,- ասված է հայտարարության մեջ,- Քոչարյանի պաշտոնից հեռանալու հեռանկարը հարուցել է ներիշխանական ճգնաժամ: Իշխանությունները ոչ միայն չեն իրականացնում իրենց գործառույթները, այլեւ նենգափոխել են պետական խնդիրները իրենց փրկության խնդրով»:
Հայտարարության հեղինակները նաեւ վստահեցնում են, որ բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, ազատամարտիկներ եւ շարքային քաղաքացիներ հանգել են այն համոզման, որ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, անխուսափելի դեստրուկտիվ զարգացումներից երկիրը զերծ պահելու եւ օրինական իշխանություններ ձեւավորելու համար պետք են քաղաքական նոր ձեւեր եւ մեթոդներ: Իսկ սաստկացող ճգնաժամից դուրս գալու ուղիներն ու միջոցները նորացնելու եւ հստակեցնելու, հասարակության կողմից ընդունելի հանգրվանի հասնելու եւ երկրի ապագա զարգացման երաշխիքներն ապահովելու համար անհրաժեշտ է սույն խնդիրների համազգային քննարկումը որպես մշտական գործընթաց կյանքի կոչելը: «Դա թույլ կտա ճշտել նպատակները, խնդիրները, քայլերը, համադրել բոլոր մասնակիցների հնարավորությունները:
Մենք, եւ ոչ միայն ներքոստորագրյալներս, այլ բոլոր նրանք, ովքեր մեզ հետ քննարկել են այս հարցերը, ովքեր առանց մեզ էլ զբաղված են այս խնդիրներով, կկարողանանք իրականություն դարձնել թե նշված խնդիրների քննարկումը, թե նշված ճանապարհի ձեւավորումը եւ հաղթահարումը»,- նշված է հայտարարության մեջ: