Հայաստանի անկախության 15-ամյակի առթիվ, նաեւ Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի աշխատանքների, Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացումն ազդարարող «Ազնավուրն ու ընկերները» համերգի նախապատրաստմանն ու կազմակերպմանն ակտիվ մասնակցության համար երեկ ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով պարգեւատրվել են մի շարք անձինք:
Հուշամեդալով պարգեւատրվեցին 12 հոգի, նրանց թվում էր նաեւ Կենտրոն թաղային համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, թե պետության կողմից իրեն տրված յուրաքանչյուր մրցանակ շատ թանկ է։ «Սա գնահատական է։ Երբ պետությունը գնահատում է մարդու աշխատանքը, նա կրկնապատկում է իր աշխատանքը, ավելի է պարտավորվում եւ փորձում է այս գնահատականի պատասխանը տալ։ Շատ գեղեցիկ միջոցառում է, լավ երեւույթ է, եւ լավ կլինի, որ բոլոր աշխատող մարդկանց տան այսպիսի գնահատական»,- ասաց նա։ «Ես շատ ուրախ եմ, որ պետությունը կարեւորում է մշակութային գործիչների վաստակը եւ գործունեությունը։ Այսուհետեւ հուսամ նաեւ, որ երեւույթը շարունակական կլինի»,- ասաց երիտասարդ սցենարիստ-ռեժիսոր Արամ Սուքիասյանը, ով նույնպես արժանացել էր հուշամեդալի: Նա լինելով նաեւ առաջին ռոք-օպերաներից մեկի՝ «Գրիգոր Լուսավորիչի» հեղինակը, մեզ հայտնեց, որ պատրաստվում է այս բնագավառում էլ նոր ձեռքերումներ ունենալ։ Մասնավորապես, նախատեսվում է եւս մեկ ռոք-օպերա բեմադրել՝ «Վերջ» վերնագրով՝ Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսի հիման վրա։ «Հուսամ, որ ֆինանսավորվելու դեպքում հունվարից ռոք-օպերայի աշխատանքները կսկսվեն, եւ մենք Հայաստանում կունենանք առաջին ռոք-օպերա ֆիլմը»,- ասաց նա։
Ի դեպ, եւս 28 հոգի եւ կազմակերպություն արժանացան Անդրանիկ Մարգարյանի շնորհակալագրերին, այդ թվում ՝ «Էքսպոմեդիա» ընկերության տնօրեն Ա. Հակոբյանը, Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալներ Ա. Չիթչյանն ու Հ. Հարությունյանը, «Արմենիա», «Հ 2» հեռուստաընկերությունները, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի եւ «Նովոյե վրեմյա» թերթի խմբագրությունները, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ու այլք։