Ամենուր, բացի Վաշինգտոնից

07/05/2005

Դժվար է հաստատ ասել, թե Ջորջ Սորոսն ուղղակիորեն ինչ կապ է ունեցել
Ուկրաինական հեղափոխության հետ, բայց վստահորեն կարելի է պնդել, որ նա
եղել է ներշնչանքի աղբյուր։ Արդեն ավելի քան տասը տարի այս
մուլտիմիլիարդատերն Ուկրաինայում մի հիմնադրամ է պահում, որը զբաղվում է
ժողովրդավարություն ուսուցանելով։ Խոսքն արեւմտյան արժեքների՝ մարդու
իրավունքների, իրավական պետության, խոսքի եւ տեղեկացվածության ազատության
տարածման մասին է։ Սորոսն այս գործով զբաղվում է ոչ միայն Ուկրաինայում,
նա ներկա է Արեւելյան Եվրոպայի շատ երկրներում։
74-ամյա Սորոսը երկրագնդի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Հայտնի է, որ
նրա հաշիվներում կա մոտ յոթ միլիարդ եվրո։ Հայտնի է նաեւ, որ նա այս
հարստությունը դիզել է երկու տասնամյակի ընթացքում՝ հիմնականում
սպեկուլյացիայի միջոցով։ Սակայն քչերին է հայտնի նրա հետեւյալ խոսքը. «Ես
սեփական արտաքին քաղաքականություն ունեցող մարդ եմ»։
Կիեւում իրավապաշտպաններն իրենց գործողությունները կոչեցին «Նարնջագույն
հեղափոխություն»։ Դրանից մեկ տարի առաջ Վրաստանում տեղի ունեցավ «Վարդերի
հեղափոխությունը»։ Սորոսի մարդիկ այնտեղ էին։ «Բաց հասարակության»
ինստիտուտը Վրաստանում կազմակերպել էր ամառային ակադեմիա, որտեղ
երիտասարդությանը սովորեցնում էին ժողովրդավարական հասարակության
սկզբունքներ։ Եվ պատահական չէր, որ այդ ակադեմիայի սաները վրացական
հեղափոխության առաջին շարքերում էին։
– Մենք անկախ, անկուսակցական կազմակերպություն ենք, որն առաջին հերթին
հետապնդում է իր նպատակը՝ առաջ տանել ժողովրդավարությունը,- ասում է «Բաց
հասարակության» ինստիտուտի ղեկավար Լորի Սիլբերը,- չկան ուղղակի շփումներ
Ուկրաինայի կամ մի այլ երկրի ընդդիմության հետ։ Լորի Սիլբերը, սակայն, չի
բացառում, որ իր ղեկավարի կենսափիլիսոփայությունը կարող է ներշնչանքի
աղբյուր լինել։
Բաց հասարակության իդեալներն Արեւելյան Եվրոպայում շատ ուսանողների են
ոգեշնչել։ 1996-ին սերբ երիտասարդությունը փողոց դուրս եկավ՝ ազատվելու
բռնապետ Սլոբոդան Միլոշեւիչից։ Սկզբում հաջող չստացվեց, բայց 2000
թվականին՝ Կոսովոյում սկսված պատերազմից մեկ տարի անց, ընդդիմությունը լավ
կազմակերպված բողոքի ակցիաների միջոցով հեռացրեց Միլոշեւիչին։ Եվրոպայի
կենտրոնում ծնվեց եւս մեկ ազատ հասարակություն։
Ամեն ինչ սկսվել է 80-ական թվականներին Հունգարիայից։ Հունգարիայի
իշխանությունների հետ մոտ մեկ տարի տեւած բանակցություններից հետո 1984-ին
նա ստորագրեց կոմունիստական Հունգարիայում բաց հասարակության գաղափարը
զարգացնող հիմնադրամ ստեղծելու առաջին համաձայնագիրը։ Նա առաջին հերթին
բերեց մի շարք գրքեր եւ պատճենահանող սարքեր, որոնք տեղադրվեցին
Բուդապեշտի հասարակական վայրերում։ Հիմնադրամի այն ժամանակվա
աշխատակիցներն այսօր էլ գտնում են, որ դա նպաստել է կոմունիստական ռեժիմի
վերացմանը։
Հիմա «Բաց հասարակության» ինստիտուտներ կան աշխարհի 50 երկրում։ Բարի
մտադրությունները մեծ փողեր են պահանջում։ 1987-97 թվականներին այս
հիմնադրամների միջոցով նա 1,5 միլիարդ դոլար է ծախսել։ Եվ հիմա էլ ամեն
տարի հարյուրավոր միլիոններ է հատկացնում «Բաց հասարակության»
ինստիտուտներին։
Սկզբում Սորոսի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր։ Նա հայտնի դարձավ
բրիտանական Կենտրոնական բանկի դեմ իրականացրած իր սպեկուլյացիայով, որը
ֆունտը հասցրեց արժեզրկման։ Դրանով նա միլիարդ աշխատեց։ Ասիայում
իրականացրած վալյուտային սպեկուլյացիաների պատճառով նա դարձավ Մալազիայի
վարչապետի թշնամին։ Վերջինս նրան «անպատասխանատու սպեկուլյանտ» անվանեց եւ
մեղադրեց Ասիայում ամենախոշոր վալյուտային ճգնաժամը կազմակերպելու մեջ։
Այսօր Սորոսը խստորեն քննադատում է այն համակարգը, որն իրեն հարստացրել է։
Իր գրած ութ գրքից երկուսում քննադատվում են ազատ շուկաներն ու
գլոբալիզացիոն գործընթացները։ Բայց ամենից շատ նա այսօր քննադատում է Ջորջ
Բուշ-կրտսերին՝ այն բանի համար, որ նա ԱՄՆ-ը վերածում է «փակ
հասարակության»։
Անցած տարվա վերջին ամսիներին Սորոսը կյանքի նպատակ էր դարձրել ԱՄՆ
նախագահական ընտրությունները։ Նրա համար ընտրությունը Քերիի եւ Բուշի
միջեւ դարձել էր «կենաց ու մահու» խնդիր։ «Սա իմ կյանքի ամենավճռական
ընտրությունն է»,- գրել էր նա մի հոդվածում, որը միաժամանակ հրապարակվեց
50 թերթում։ Նա հայտարարել էր, որ պատրաստվում է 75 միլիոն դոլար եւ
քաղաքական իր ողջ էներգիան ներդնել մեկ եւ միակ նպատակի համար՝ թույլ չտալ
Բուշի վերընտրությունը։ Սորոսը պարտվեց։ Բելգրադում, Թբիլիսիում ու
Կիեւում հաղթած Սորոսը Վաշինգտոնում պարտվեց, բայց նրան մխիթարում են այն
լուրերը, թե Մինսկում բռնապետության դեմ բողոքի նշաններ են երեւում։

Տ.Պ.