«Եվրո-2008»-ի ընտրական փուլում մեր ֆուտբոլի հավաքականը կրեց իր երկրորդ պարտությունը։ Այս անգամ մեր ֆուտբոլիստները զիջեցին A խմբի առաջատարին՝ Սերբիայի ընտրանուն։
Բելգրադում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, սակայն գնդակը կարող էր մի քանի անգամ հայտնվել Հայաստանի հավաքականի դարպասում։ Անգամ սերբերի իրացրած 11 մետրանոց հարվածը բարձր ստացվեց։ Սակայն հաջորդ խաղակեսում սերբերը խաղային առավելությունը վերածեցին նյութականի՝ 3 անգամ գրավելով մեր թիմի դարպասը։
Այս հաղթանակից հետո տանտերերն ավելի ամրապնդեցին առաջատարի իրենց դիրքերը՝ 4 խաղից հետո ունենալով 10 միավոր։ Հայաստանը եւ Ադրբեջանը 1 միավորով բաժանում են մրցաշարային աղյուսակի վերջին տեղերը։
Եվս մեկ ցավալի վիճակագրություն։ Հայաստանը «Եվրո-2008»-ի այն սակավաթիվ մասնակիցների մեջ է մտնում, որոնք ոչ մի անգամ չեն գրավել մրցակցի դարպասը։ Դրանք են Ֆարերները, Սան Մարինոն, Էստոնիան եւ Լյուքսեմբուրգը։
Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Ֆինլանդիային, որը վերջին տուրում 2:0 հաշվով հաղթել է Ղազախստանի հավաքականին եւ ընթանում է 2-րդ տեղում: