Շախմատային թագին տիրացավ Կրամնիկը

15/10/2006

Վերջ։ Այլեւս շախմատի աշխարհի չեմպիոնի մասին խոսելիս հարկ չի լինի շեշտել՝ ՖԻԴԵ-ի վարկածո՞վ չեմպիոն, թե՞ պրոֆեսիոնալ ասոցիացիայի։ Չեմպիոնն այլեւս միակն է՝ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը։ Կալմիկիայում անցկացվող միավորիչ մենամարտում նա կարողացավ առավելության հասնել բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովի նկատմամբ։

Իսկ մրցամարտն, իրոք, շատ համառ ստացվեց։ Հիմնական մասը, որը բաղկացած էր 12 պարտիայից, ավարտվեց ոչ-ոքի։ Գրոսմայստերներից յուրաքանչյուրը վաստակեց 6-ական միավոր։

Իսկ հաղթողը որոշվեց թայ-բրեյքում, որն անցկացվում էր երեկ։ Կանոններն այսպիսին էին։ Հաղթում է նա, ով ավելի շուտ է հասնում 2.5 միավորի։ Թայ-բրեյքում յուրաքանչյուր խաղացողի տրվում էր 25 րոպե՝ գումարած 10 վայրկյան՝ ամեն քայլի համար։ Եթե 4 պարտիայից հետո շախմատիստները հավասար միավորներ ունենային, ապա պետք է խաղային «հանկարծակի մահվան» պարտիա։ Կատարվելու էր վիճակահանություն, եւ սպիտակ խաղաքարը գուշակած շախմատիստը հնարավորություն էր ստանալու ընտրել խաղաքարերի գույնը։ Սպիտակներն ընտրելու դեպքում նրան տրվում է 6 րոպե ժամանակ՝ 1 րոպեով ավելի, քան սեւերին։ Սակայն այդ դեպքում սպիտակ խաղաքար ընտրած շախմատիստը պետք է անպայման հաղթի, իսկ մրցակիցը չեմպիոն է հռչակվում անգամ ոչ-ոքիի դեպքում։

Ամեն դեպքում բանը դրան չհասավ։ Թայ-բրեյքի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ Հաջորդ երկու պարտիաներում Կրամնիկն ու Թոփալովը սպիտակներով մեկական հաղթանակ տարան։ Իսկ չորրորդ պարտիայի 46-րդ քայլին Կրամնիկը մրցակցին ստիպեց հանձնվել եւ հռչակվեց աշխարհի բացարձակ չեմպիոն։