Հերթը հասավ երկաթուղուն

12/10/2006

«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը 40 տարով կարող է վարձակալական կառավարման հանձնվել «օտարերկրյա ներդրողի կամ երկաթուղային ադմինիստրացիայի»: Երեկ Երեւանում մեկնարկած ԱՊՀ եւ բալթյան պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 41-րդ նիստում այս մասին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: «Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակվել է «Հայկական երկաթուղու» զարգացման ծրագիր, եւ բանկն առաջարկում է, որ ընկերությունը հանձնվի կոնցեսիայի, որպեսզի կոնցեսիոները ներդրումներ կատարի, նոր վագոններ եւ շարժակազմեր ձեռք բերի, վերանորոգի ենթակառուցվածքները՝ գծերը եւ կամուրջները, եւ մեր գիծը պահի մշտական աշխատանքային ռեժիմում»,- ասել է նախարարը: