Մաքսային ֆոկուս

12/10/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՌԴ դաշնային մաքսային ծառայության հաղորդմամբ՝ «2006թ. առաջին կիսամյակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2005 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 66 տոկոսով՝ կազմելով 200.1 մլն դոլար, ընդ որում՝ արտահանումը կազմել է 162.9 մլն դոլար (աճը՝ 2 անգամ), իսկ ներմուծումը՝ 37.3 մլն դոլար (նվազումը 15.1 տոկոս)»: Այս ինֆորմացիան երեկ տարածել է «Արմինֆո» լրատվական գործակալությունը։ Ստիպված ենք հիասթափեցնել ընթերցողներին, որոնք մի պահ ուրախացան՝ կարծելով, թե գոնե Ռուսաստանի հետ առեւտրում մեր արտահանումը ավելացել է (այն էլ 2 անգամ), իսկ ներմուծումը` նվազել։ Իհարկե, կարդալով հաղորդագրությունը, կարելի է հենց այդպես մտածել, սակայն դա ճիշտ չէ։ Իսկ գաղտնիքը շատ պարզ է։ Ինֆորմացիան ներկայացրել է ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը։ Այն, ինչը ռուսների համար արտահանում է, մեզ համար ներմուծում է։ Եվ հակառակը, նրանց ներմուծումը մեր արտահանումն է։ Այնպես որ՝ շատ հանգիստ կարող եք բառերի տեղերը փոխել եւ ներկայացնել որպես հայաստանյան տեղեկատվություն. «Ներմուծումը կազմել է 162.9 մլն դոլար (աճը՝ 2 անգամ), իսկ արտահանումը՝ 37.3 մլն դոլար (նվազումը 15.1 տոկոս)»։ Եկեք մի քիչ էլ հեռուն գնանք եւ այս ինֆորմացիան համեմատենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ։ ԱՎԾ տվյալներով` 2006թ. առաջին 6 ամիսների արտահանումը դեպի Ռուսաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.5 %-ով (ՌԴ մաքսայինի թիվը՝ 15.1%), իսկ ներմուծումն ավելացել 29.9%-ով (ՌԴ մաքսայինի թիվը՝ 2 անգամ, այսինքն` 100%)։

Հիմա ո՞ր մեկին հավատանք։ Կա օբյեկտիվ բացատրություն։ ՌԴ մաքսայինն իր երկրից դուրս բերվող ապրանքի համար կարող է սահմանել մի որոշակի մաքսային արժեք, իսկ ՀՀ մաքսայինը կարող է այդ նույն ապրանքի համար ավելի փոքր մաքսային արժեք որոշել, օրենքի շրջանակներում։ Սակայն այս եղանակով էլ դժվար է բացատրել 29.9%-ի եւ 100%-ի տարբերությունը։ Կան նաեւ այլ բացատրություններ։ Մեր ԱՎԾ-ն՝ Մաքսայինի հետ միասին, աշխատում է «մեղմել» թվերը, որ արտաքին առեւտուրն այդքան խայտառակ տեսք չունենա։ Կամ էլ Ռուսաստանից եկող ապրանքների մոտ 70%-ը Հայաստան է մտնում մաքսանենգ ճանապարհով։ Եվ շատ հնարավոր է, որ մեր խեղճ մաքսայինն այդ մասին չի էլ կասկածել։ Հուսով ենք, ինֆորմացիայի այս տեսակ տարբերություններն օգտակար կլինեն ստվերային տնտեսության դեմ պայքարն ուժեղացնելու համար։ Թե որ տարբերակին է պետք հավատալ, որոշեք ինքներդ։ Իսկ «ռազմավարական գործընկերների» համապատասխան կառույցները երեւի սրանից հետո լավ կանեն` իրենց տվյալները համաձայնեցնեն, նոր ներկայացնեն հանրությանը։