PARKING-ի ցավոտ խնդիրը

12/10/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Հիշո՞ւմ եք, «Ա1 պլյուսը» փակելուց առաջ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ եթե Ա1-ը չլինի, ինքը ստիպված նոր Ա1 կհորինի։ Խորհրդականներից մեկը երեւի շեֆին ասել էր, որ բարի լուրերով ու արանք-արանք փոխնախարարից, վարչության պետից-բանից քլնգելով կստեղծեն Ա1-ի իմիտացիա, ու կստացվի, որ շեֆը նոր բան է հորինել։

Սա ենթադրություն է։ Իրականում հորինելու մասին նախագահը խոսել է հենց այնպես, այդ պահին երեւի չիմանալով՝ ինչ ասել։ Բայց ի՞նչ «հենց այնպես», որի գոնե կեսը ճիշտ չլինի։ Այդ կեսը ենթագիտակցության ոլորտից է՝ եւ նախագահի, եւ նրան սպասարկող լրատվամիջոցների։

Երբ սպասարկող լրատվամիջոցի խոսնակը՝ հուզմունքից շնչակտուր, ասում է, թե կառավարությանը վերջապես հաջողվել է լուծել բժիշկների՝ տարիներ շարունակ չվճարված աշխատավարձերի հարցը, բոլորն են հասկանում, որ բժիշկներին ոչ թե վճարել են «նաղդ» փողով, այլ ստիպել են հրաժարվել անհույս աշխատավարձերից։

Ուշադրություն պետք է դարձնել նախադասության մեջ օգտագործված բառերին։ Խոսնակը չէր ասում «վերջապես հաջողվեց վճարել», այլ ասում էր «վերջապես հաջողվեց լուծել»։ Ով կասի, թե բժիշկներին աշխատավարձերից հրաժարվել ստիպելը հարցի լուծում չէ, նա ոչինչ չի հասկանում հայոց պետական կառավարումից եւ թյուր պատկերացում ունի խոսքի ազատության մասին։

Վաղը, եթե իշխանությունը փոխվի, խոսնակը կարմրելու առիթ չի ունենալու, քանզի, ըստ էության, կեղծիք թույլ չի տվել։ Հա, ճիշտ է, չի ընկել մանրամասների հետեւից, չի գնացել հիվանդանոցներից կամ բուժարաններից մեկը, չի խոսել բժիշկներից երկուսի կամ երեքի հետ, որ նրանք էլ ճիշտն ասեին։ Բայց սա, ըստ խոսնակի, մանրուք է, իսկ ըստ նախագահի, հենց այն, ինչի համար արժեր նոր Ա1 հորինել։

Հիմա նույնն էլ քաղաքական ասպարեզում է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ գրեթե բոլոր թերթերում տպագրած գովազդային տեքստը կարդալիս մտածում ես, թե Գեղամյանը կամ Դեմիրճյանն են գրել։ Տարբերությունը եզրահանգման բացակայությունն է։ ԲՀ-ի տեքստում խոսվում է միայն սերմացուից, այս տարվա դաժան երաշտից եւ գյուղացու ծանր վիճակից. հետեւանքներ` առանց պատճառների։

Սովետական լճացման տարիներին՝ մասնավորապես 60-70-ականներին, թատրոնում, կինոյում, գրականության մեջ ի հայտ եկան սրտացավ-բարեխիղճ կոմունիստների կերպարներ, ովքեր քննադատում էին մերձավոր ղեկավարությանը եւ ոչ թե, ասենք, հանրապետական կոմկուսին կամ ԽՄԿԿ քաղբյուրոյին` անտնտեսվարության համար։ Սովետական հսկա երկրի տասնյակ հազարավոր տրեստների կառավարիչներից կամ գործարանների դիրեկտորներից մեկն այդ ստեղծագործություններում ներկայանում էր որպես չարիքի մարմնացում։ Առաջին տպավորությունն այն էր, թե չարը ոչ միայն առանձին սրտացավ-բարեխիղճ կոմունիստի դեմ է, այլ՝ հասարակարգի, բայց երբ ստեղծագործության ավարտին անհուսությունից պատեպատ խփվող հերոսին շտապօգնության մեքենայով տեղափոխում էին հիվանդանոց, իսկ կառավարչին կամ տնօրենին ընդամենը կուսակցական նկատողություն տալիս, հասկանում էիր, որ գործը ստեղծված է հենց հասարակարգը փրկելու համար։

Հիմա մերոնք այդ բանը գրականության, թատրոնի կամ կինոյի միջոցով չեն անում, այլ՝ քաղաքական դաշտի համակարգման։ Ընդդիմադիրներին, ովքեր սերմացուից կամ գյուղական աղքատությունից խոսելու փոխարեն դնում են համակարգային փոփոխությունների հարցեր, խլացնելու համար դեռ մեկ տարի առաջ իշխանության մերձավորներին հրահանգվեց ստեղծել նոր կուսակցություններ, ստեղծել սովետական ժամանակաշրջանի սրտացավ-բարեխիղճ հերոսի պատկերով ու նմանությամբ։ Արտաշես Թումանյանի «Նոր երկիր», Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» ու Աղվան Հովսեփյանի «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցություններն այդ սերիայից են։

Արտաշես Թումանյանի «Նոր երկրի» վաղաժամ ու եղերական վախճանը պայմանավորված էր միայն ու միայն հանձնարարության թյուրըմբռնմամբ։ Նախագահին հավանաբար զեկուցել էին, որ «Նոր երկիր» անունով կուսակցություն է ստեղծվում ու մեծ թափով մարդկանց է հավաքագրում։

– Նոր երկի՞ր։ Ի՞նչ կնշանակի նոր երկիր ասվածը։

Նոր երկիրը հենց այն է, ինչի մասին տարիներ շարունակ խոսում, բայց որին չի դավանում մեր ընդդիմությունը։ Այսինքն՝ անխափան գործող սահմանադրական կարգ, լեգիտիմ իշխանություն, անկեղծ ընտրություններ, խոսքի ազատություն, ազատ ձեռներեցություն եւ այլն։ «Նոր երկիր» անունով կուսակցությունը չէր կարող խոսել սերմացուից, երաշտից ու անօգնական գյուղացիությունից՝ չխոսելով վերը նշված հիմնարար սկզբունքների մասին, որովհետեւ «նոր» բառը ենթադրում է արմատական տարբերություն։

Իսկ բարգավաճը տարբերության հարց չունի։ «Բարգավաճել» բառը նշանակում է էլ ավելի լավ վիճակի հասնել, եւ հետեւաբար՝ Հայաստանից առաջ այդ բառը դնողները երկրի ներկա վիճակը համարում են լավ ու ձգտում են էլ ավելի լավի։ Այսինքն՝ պատկերացրեք առանձին վերցրած մի մեծահարուստի արտասահմանյան ավտոների պարկը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հայաթում։

Բոլոր հարցերը լուծված են, մնացել է միայն parking-ի ցավոտ խնդիրը։ Սա էլ միայն մերը չէ, ամբողջ աշխարհն է այս հարցով տառապում։