Մրցանակներ՝ ամենահիմար գյուտերի համար

12/10/2006

Հարվարդի հումորային ամսագիրը, որը կոչվում է «Անհավանական հետազոտություններ», ամեն տարի մրցանակներ է շնորհում ամենաանիմաստ գյուտերի հեղինակներին։ Երեկ հայտնի են դարձել, այսպես կոչված, «Հականոբելյան» մրցանակի դափնեկիրները։ 2006թ. դափնեկիրների շարքում տեղ են գտել գիտնականներ, որոնք փորձել են բացատրել, թե փայտփորիկների գլուխն ինչու չի ցավում։ Մրցանակների են արժանացել նաեւ անչափահասներին վախեցնող «սարք» հնարած ինժեներները։

Մրցանակներն այս տարի բաշխվել են 10 անվանակարգերում։ Փայտփորիկների գլխացավն ուսումնասիրած գիտնականների խումբը մրցանակի է արժանացել «օրնիտոլոգիա» անվանակարգում։ Իսկ անչափահասների համար «միայն երիտասարդներին ընկալելի ձայն արձակող սարք» հայտնագործողները ստացել են խաղաղության մրցանակ։ Ուելսցի այս ինժեներները հնարել են բջջային հեռախոսի զանգ, որն աշակերտները կարող են լսել, իսկ ուսուցիչները՝ ոչ։

«Կենսաբանություն» անվանակարգում պարգեւատրվել են Հոլանդիայի, Տանզանիայի եւ Ավստրիայի գիտնականները։ Նրանց հաջողվել է պարզել, որ լիմբուրգյան պանրի եւ քրտնած գուլպաների հոտը Anopheles gambiae տեսակի մոծակին հավասար չափով են գրավում։ Իսկ «Սնունդ» անվանակարգում մրցանակը բաժին է հասել մի խումբ հետազոտողների, որոնք մանրամասն ուսումնասիրել են գոմաղբի բզեզների դիետան։ Ակուստիկայի ոլորտում աննկատ չեն մնացել այն գիտնականների ջանքերը, որոնք պարզել են, թե ինչու է եղունգի եւ գրատախտակի շփման արդյունքում առաջացող ձայնն այդքան ուժեղ ազդում մարդու նյարդերի վրա։

Բժշկության բնագավառում «Հականոբելյան մրցանակին» արժանացել է ամերիկա-իսրայելյան գիտնականների խումբը։ Նրանք զկրտոցը դադարեցնելու նոր միջոց են առաջարկել՝ ուղիղ աղիքի մերսում։

Մաթեմատիկայի բնագավառում աչքի են ընկել ավստրալացի մաթեմատիկոսները։ Նրանք հաշվել են, թե քանի անգամ է հարկավոր լուսանկարել, որպեսզի խմբակային լուսանկարում պատկերված բոլոր մարդկանց աչքերը բաց լինեն։

Ֆիզիկայի բնագավառի «Հականոբելյան մրցանակը» բաժին է հասել ֆրանսիացի գիտնականներին։ Նրանք բացատրել են, թե ինչու է չոր սպագետտին կոտրվելիս բաժանվում երկուսից ավելի մասերի։

Քիմիայի ասպարեզում պարգեւատրված գիտնականների հետազոտությունը պակաս հետաքրքիր չէ։ Նրանք ուսումնասիրել են «չեդդեր» պանրի մեջ գերձայնային արագությունների կախվածությունը ջերմաստիճանից։

Ցուցակը եզրափակում է Փրինսթոնի համալսարանի գիտնականներից մեկը։ Նա հույժ կարեւոր հոդված է գրել գիտական տեքստերում երկար բառեր օգտագործելու խնդիրների մասին, եւ դրա համար արժանացել մրցանակի՝ գրականության ոլորտում։