Դեդուկցիայի մեթոդով

12/10/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցան միանգամից երկու համեմատաբար արտառոց դեպքեր։ Օրը ցերեկով հարձակման ենթարկվեց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար եւ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, ապա «զինված խուլիգանության» կասկածանքով ձերբակալվեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Առաջին հայացքից իրար հետ բացարձակապես որեւէ կապ չունեցող այս երկու իրադարձությունները մի ընդհանրություն ունեն. երկու դեպքում էլ (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) սլաքն ուղղված է ՀՀԿ-ի դեմ։

Սկսենք Սուրեն Աբրահամյանի դեմ կազմակերպված հարձակումից։ Ո՞րն էր այդ «ակցիայի» նպատակը։ Միամտություն կլինի կարծելը, թե նպատակը գեներալին վախեցնելն էր։ Եթե նպատակը դա լիներ, հարձակվողներն ավելի եռանդուն կգործեին, դա կանեին «մթության քողի տակ», եւ այլն։ Եվ, ի դեպ, հարկ չէին համարի տուժածին խորհուրդ տալ, թե` «գնա ներողություն խնդրիր»։ Հասկանալի է, չէ՞, որ գեներալն այդ խորհրդին չի հետեւելու։ Այսինքն` պարզ տրամաբանությունը հուշում է, որ «ակցիայի» հիմնական նպատակը հենց կասկածները դեպի վարչապետն ուղղելն էր, եւ, որ ավելի կարեւոր է, ՀՀԿ-ի «հին գվարդիայի» եւ «Հանրապետություն» կուսակցության հարաբերությունները ծայրաստիճան լարման հասցնելը (զուտ անձնական հարթության վրա այդ հարաբերությունները դեռեւս պահպանվում էին)։ Իսկ ինչո՞ւ հենց այս պահին։ Որովհետեւ տեսակետ կա (վերջերս էլ մամուլում այդպիսի ակնարկներ եղան), որ եթե հանկարծ ինչ-որ իքս պահի ՀՀԿ «հին գվարդիան» վերջնականապես դուրս մնա խաղից, կարող է դառնալ կոշտ ընդդիմություն եւ համագործակցել «Հանրապետության» հետ։ Այլ կերպ ասած, ինչ-որ ուժեր ուշադիր հետեւել են իրադարձությունների զարգացմանը, եւ երբ Անդրանիկ Մարգարյանի ու Սուրեն Աբրահամյանի միջեւ մի թեթեւ հեռակա բանավեճ է սկսվել, որոշել են, որ պահը շատ հարմար է։

Դառնանք Հակոբ Հակոբյանի ձերբակալությանը։ Այն, որ սույն համեստագույն անձնավորությունն օրենքների հետ վաղուց տարաձայնություններ ունի, գիտեին շատերը։ Բնականաբար, գիտեին նաեւ նրա գազալցակայանների` «լեւի» գծերի ու էլի շատ ու շատ բաների մասին։ Բայց նման «մանրուքների» վրա մեզանում սովորաբար ուշադրություն չեն դարձնում։ Խմբակային ծեծկռտուքը նույնպես արտառոց երեւույթ չէ (մանավանդ` զոհեր չկան)։ Ուրեմն` ինչո՞ւ ձերբակալվեց Հակոբ Հակոբյանը։ Եվ, որ ավելի կարեւոր է, ինչո՞ւ էին ձերբակալման նախօրեին իշխանական թերթերը լայնորեն անդրադարձել նրա գործունեության «ստվերոտ կողմերին»։ Գուցե սովորական զուգադիպությո՞ւն է։ Չի բացառվում։

Բայց այստեղ մի նրբություն կա։ Մոտ երեք ամիս առաջ Հակոբ Հակոբյանը դարձել է ՀՀԿ անդամ։ Իհարկե, օրենքի հետ նրա տարաձայնությունները շատ ավելի վաղուց էին սկսվել, բայց այն ժամանակ, չգիտես ինչու, ոչ ոք գազի «լեւի» գծերի մասին չէր հիշում։ Բանաստեղծը կասեր` «չգիտեմ, ինչո՞ւ է այդպես»։

Իսկ այս հարցի պատասխանը գտնելու համար նախ փորձենք հասկանալ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ հուլիսի 22-ին ՀՀԿ-ի շարքերը համալրեցին, ժամանակակից տերմինոլոգիայով ասած, «մականունավոր եւ հայերենին մի քիչ լավ չտիրապետող» անձինք։ Ի՞նչ պարտադիր էր անպայման պաշտոնապես դառնալ ՀՀԿ անդամ, մի՞թե հնարավոր չէր մնալ անկուսակցական` միաժամանակ բոլոր կարողություններով օժանդակելով այդ կուսակցությանը։ Իհարկե հնարավոր էր։ Ըստ էության, դրանից գրեթե ոչինչ չէր փոխվի։ Կփոխվեր միայն այն, որ հետագայում հնարավոր չէր լինի «զինված խուլիգանության» մեղադրանքն ուղղակիորեն կապել ՀՀԿ-ի հետ։ Իսկ դա երեւի ինչ-որ մարդկանց շատ էր պետք։ Եվ հիմա ՀՀԿ-ն հայտնվել է անելանելի վիճակում։ Ազգային ժողովը կալանքի թույլտվություն չտա` կասեն «ՀՀԿ-ն սատարում է ակնհայտ կրիմինալին», թույլտվություն տա` կասեն «ՀՀԿ-ն հանձնեց իր կուսակցական ընկերոջը»։ ՈՒշադրություն դարձրեք` «հանձնել-չհանձնելու» երկընտրանքը կանգնած է կոնկրետ ՀՀԿ-ի «հին գվարդիայի» առջեւ։ Այսինքն` հենց «հին գվարդիան» է տուժելու Հակոբ Հակոբյանի հետ կապված ամբողջ այս պատմության արդյունքում։ Ավելացնենք նաեւ, որ մինչեւ ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա, իսկ ՀՀԿ նորագիրների շարքում «մականունավոր եւ հայերենին մի քիչ լավ չտիրապետող» անձանց պակաս չի զգացվում։

Փորձենք ամփոփել։ Փաստորեն, երկու իրադարձություններն էլ ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն, հետեւաբար` հեղինակներին պետք է փնտրել քաղաքական դաշտում։ Ընդդիմությանը միանգամից բացառում ենք։ Ընդդիմությունը չէր հարձակվի Սուրեն Աբրահամյանի վրա, ոչ էլ, առավել եւս, կարող էր ձերբակալել հանրապետական պատգամավորին։ Մնացին իշխանությունները։ Բայց ՀՀԿ-ն նման քայլերի չէր գնա` այն պարզ պատճառով, որ այդ երկու գործողություններն էլ մեծ հաշվով առաջին հերթին հենց ՀՀԿ-ին վնասեցին։ Ո՞վ մնաց։ Առաջնորդվենք հանրահայտ «դեդուկտիվ մեթոդով»։ Կազմակերպիչներն ու «սցենարիստները» նրանք են, ովքեր` ա) ի վիճակի են առանց հետեւանքներից վախենալու ձերբակալել իշխանամետ պատգամավորի, բ) ի վիճակի են երաշխիքներ տալու, որ օրը ցերեկով մարդկանց աչքի առաջ գեներալի վրա հարձակվողները չեն բացահայտվի, գ) շահագրգռված են, որ ՀՀԿ-ն (համենայն դեպս` «հին գվարդիան») հեղինակազրկվի եւ հայտնվի քաղաքական իրադարձությունների լուսանցքում։

Մի խոսքով` «էտո էլեմենտարնո, Վաթսոն»։