Քանդելը հեշտ է, վերականգնելը՝ դժվար

12/10/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Դժվար է ասել՝ եթե Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն այս տարի Հայաստան չգար, մեր իշխանությունները կվերանորոգեի՞ն «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան ձգվող Արգավանդի խճուղին, Իսակովի պողոտան եւ Տերյան փողոցն ու մինչեւ Ազատության պողոտան ձգվող ոլորանները:

Չի բացառվում: Հնարավոր է, որ այս փողոցները վերանորոգվեին նաեւ Շիրակի այցից անկախ, բայց դրան դժվար էր հավատալ, որովհետեւ վերանորոգվեց հենց այն երթուղին, որով պետք է անցներ Ֆրանսիայի նախագահը:

Իսկ ահա Իսակովի ու Տերյան փողոցների վերանորոգման աշխատանքներից շուտ, մոտ երկու ամիս առաջ քանդվեցին Կոմիտաս եւ Տիգրան Մեծ փողոցները ու մինչեւ հիմա այդպես էլ մնացել են: Այդ ճանապարհների վերանորոգումը պետք է իրականացվեր «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Եվ ափսոս, որ Ժակ Շիրակն այդ փողոցներով չէր անցնելու: Միգուցե դա՞ պատճառ դառնար, որ շուտ ասֆալտապատեին: Նաեւ ափսոս, որ «Գոլդեն Փելես» հյուրանոց տանող կարճ ճանապարհը Տերյան-Ազատությունով է անցնում: Մինչդեռ Ֆրանսիայի նախագահից եւ այդ հյուրանոց սեմինարների այցելող արտասահմանցի հյուրերից ու մեր պաշտոնյաներից բացի, Երեւանի բնակիչներն էլ երեւի թե իրավունք ունեն երթեւեկել բարեկարգ փողոցներով: Բայց դա էլ կարծես դարձավ հեռավոր երազանք: Դժվար չէ պատկերացնել, թե այս քարուքանդ երկու փողոցներն ինչ անհարմար վիճակներ են ստեղծում երթեւեկության համար: Մեր խմբագրությունն անընդհատ բողոք-զանգեր է ստանում բնակիչներից, տրանսպորտային բոլոր տիպի միջոցների վարորդներից ու ընդհանրապես անցուդարձ անողներից, թե վերջապես ե՞րբ պետք է բարեկարգվեն այդ փողոցները: Մենք էլ երբեմն այդ փողոցներով անցնելու առիթ ունենում ենք եւ ամեն անցնելուց ինքներս էլ հաստատ այդ մասին մտածում ենք: Ի վերջո, մենք իրավունք ունե՞նք իմանալու այդ մասին:

Մոտ երկու ամիս առաջ, երբ հապշտապ քանդում ու տանում էին այդ փողոցների տրամվայի գծերը, գոնե հույս կար, որ դրանից հետո մեր քաղաքացիները կերթեւեկեին հարթ ու բարեկարգ ճանապարհներով: Այն ժամանակ հեռուստաալիքներով լավ-լավ ռեպորտաժներ պատրաստեցին եւ մեզ տեղեկացրին, թե, ահա, սկսվում է «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության երկրորդ փուլը: Բայց այսօր արդեն կարծիք է ստեղծվել, որ այդ փողոցները քանդվեցին հենց ռելսերի պատճառով: Մանավանդ որ՝ «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե «հայաստանյան կողմը ինքնակամ որոշ աշխատանքներ սկսեց՝ փորելով փողոցները»: Դրանից հետո քանդածը սարքելը կարծես թե ոչ մեկին չի հետաքրքրում: Իսկ աշունն արդեն կիսվել է ու առջեւում ձմեռ է: Հետաքրքիր է՝ այդ փողոցները հենց այդպես էլ պետք է մնա՞ն: Ամենեւին էլ չի բացառվում: Հնարավոր է նաեւ, որ աշխատանքների ձգձգման համար օբյեկտիվ ու դժվար լուծելի խնդիրներ կան: Բայց արժեր այդ մասին էլ նույն հեռուստաալիքներով տեղյակ պահել: Մենք էլ կհասկանայինք ու ըմբռնումով կմոտենայինք: Սակայն հիմա հանրության մեջ մեկ այլ կարծիք է տարածվել, թե մեր իշխանություններն այդ աշխատանքները սկսեցին ցույց տալու համար, թե գործ են արել, սակայն գումար չլինելու պատճառով չեն կարողանում ավարտել: Այդ քայլով կարծես թե նրանք ինչ-որ կերպ ստիպում են, որ «Լինսի» հիմնադրամը գումար տրամադրի: Փողոցները քանդող բանվորները մինչեւ հիմա չեն ստացել իրենց աշխատավարձերը: Այդ մասին էլ է նշել պարոն Սասունյանը: Միգուցե մեր իշխանությունների շտապողականությունը բարկացրե՞լ է «Լինսի» հիմնադրամը ֆինանսավորողներին: Նրա՞նք էլ մեր ժողովրդի նման մտածում են, թե ռելսերը քանդելու եւ վաճառելու համար մերոնք շտապեցին ու չսպասեցին մինչեւ փաստաթղթերը վերջնական պատրաստվեն ու գումարները հատկացվեն:

Ի դեպ, հիմա ասֆալտապատման աշխատանքների վերջին հարմար օրերն են: Իսկ երբ սկսվեն անձրեւներն ու ձյունը, ինքներդ էլ եք գիտակցում, շինարարություն անելը հարմար չի լինի: Թեեւ չի բացառվում, որ մեր իշխանություններն ասֆալտ անեն նաեւ աշնան անձրեւին: Փոսերում հավաքված անձրեւաջրերը քաշեն ու թաց գետնի վրա միանգամից ասֆալտը փռեն: Ոչինչ, որ այդ ճանապարհներն անորակ կլինեն, ձմռանը կքանդվեն ու մինչեւ գարուն չեն հասնի: Մերոնք որոշ ժամանակ հետո հրապարակի գորգի ու «Լինսի» ծրագրով անցած մյուս ճանապարհների նման նորից կկարկատեն:

Մենք փորձեցինք քաղաքային իշխանություններից որեւէ բան իմանալ՝ գուցե նրա՞նք անհանգստացած լինեն ստեղծված իրավիճակի համար: Քաղաքապետարանի Շինարարության ու բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանն ասաց, թե իրենք էլ մեզ նման անհանգստացած են եւ ոչինչ չեն կարող անել: Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ «Լինսի» ծրագրերով իրականացվող շինարարությունն իր լիազորությունների մեջ չի մտնում: Գրեթե նույնը պատասխանեց նաեւ Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Շահինյանը, ուղղակի ավելացրեց, որ՝ «Այդ քանդված մասերով անցնում են հին, մաշված ջրագծեր ու կոյուղագծեր: Առանց այդ գծերը փոխելու իմաստ չունի ասֆալտ անել, որովհետեւ որոշ ժամանակ անց հաստատ վթարներ կլինեն, եւ հարկ կլինի քանդել նոր վերանորոգված ճանապարհը: Այդ կոյուղագծերը փոխելու համար հավելյալ գումարներ են պետք: Իմ տեղեկություններով, արդեն կատարվել է աշխատանքների ու բյուջեի վերահաշվարկ: Հիմա հավանաբար փորձում են հայթայթել մնացած գումարները»:

Փորձեցինք ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկանալ, թե ե՞րբ կվերսկսվի փողոցների վերանորոգումը: Հիշեցնենք, որ «Լինսի» հիմնադրամի ծրագրերը հիմա համակարգում է Ռ. Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը ոչինչ չավելացրեց մեր իմացածին, ուղղակի նշեց, թե՝ «Հիմնադրամի այն փաստաթղթերը, որ պետք է ներկայացնեն Հարկային ծառայություն, դեռ պատրաստ չեն։ Հույս ունենք, որ շուտով փաստաթղթային փուլը կավարտվի եւ աշխատանքները կվերսկսվեն»:

Ճիշտ է, պատասխանատու մարմիններից մենք չկարողացանք տեղեկանալ, թե կոնկրետ ե՞րբ կսկսեն վերանորոգման աշխատանքները, սակայն երթեւեկողներին եւ Երեւանի բնակիչներին մի փոքր հուսադրելու համար մեջբերենք Հարութ Սասունյանի խոսքերը. «Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի դժգոհելու: Երբ ես եկա եւ տեսա այդ ամենը, ես էլ շատ նեղացա եւ կիսում եմ Հայաստանի ժողովրդի դժգոհությունը: Եվ հուսամ, շատ շուտով բոլոր թղթերը պաշտոնապես կստորագրվեն, փողը կգա եւ կվճարենք շինարարներին, քանի որ արդար չէ, որ շինարարները աշխատեն եւ փողը չստանան»: