«Կաթողիկոսից լիցենզիա ունենք»

12/10/2006 Աննա ՍԱՐԳՍՅԱՆ

Այս տարվա աննախադեպ շոգերին ամառային ճամբարները երեխաներից շատերի վրա բարերար ազդեցություն ունեցան: Արձանագրվեցին նաեւ ցավալի բացառություններ. օգոստոսի 18-ին, յոթնօրյա հանգիստը չբոլորած, 13-ամյա Հրայր Մնացականյանը ճամբարից վերադարձավ անճանաչելիորեն փոխված. մեկ շաբաթ անց Մանկապատանեկան հոգեկան առողջության կենտրոնի կողմից տված ախտորոշումն այսպիսին էր` սուր փսիխոտիկ խանգարում:

Ի՞նչ էր պատահել աշխույժ, նույնիսկ չարաճճի, բարյացակամ ու զգացմունքային Հրայրին ընդամենը 3 օրվա ընթացքում: Մեր այցելության օրը պատանին գրեթե անուժ վիճակում էր, դժվարանում էր նույնիսկ ինքնուրույն բռնել ջրի բաժակը: Հայացքը սեւեռուն էր ու անորոշ: Հրաժարվում էր զրուցել, եւ թվում էր` նա ընդհանրապես չի լսում մեզ: Ասել էր ընդամենը մի քանի բառ, որոնք բոլորը վերաբերում էին իր չափազանց մեղավոր, անօգտակար ու անիմաստ գոյությանը:

Այս ամենի պատճառն իսկական հանելուկ կմնար, եթե Հրայրի հետ ճամբար մեկնած չլիներ նրա 10-ամյա քույրը: Փոքրիկ Համեստը պատմում է, որ ճամբարում իրենց առանձնացրել էին, ինքը միայն հեռվից էր տեսնում եղբորը, իսկ վերջինս միշտ տխուր էր, ընկճված, երբեմն նաեւ` լաց էր լինում: Համեստը կասկածել է, որ եղբորը նեղացնում են նույն սենյակի տարեկից տղաները: Սեփական ուժերով հետաքննություն է կազմակերպել. ընկերուհու եղբորից ճշտել, որ դա իսկապես այդպես է` Հրայրը միշտ կռիվների մեջ է:

Ճամբար մեկնելու հաջորդ օրը Հրայրին տեսության է գալիս նաեւ հորաքույրը: Շատ լավ ճանաչելով եղբոր զավակին` տիկին Նարինեն երեխայի վարքագծի մեջ անհանգստացնող փոփոխություն է նկատում. «Մի տեսակ տարօրինակ էր իրեն պահում, ոնց որ վերացած լիներ, հարց էի տալիս, դժվարությամբ էր պատասխանում, իմ աշխույժ, շատախոս Հրոյին նման չէր: Ականջի մեջ էլ կապտուկներ տեսա, ասաց` մահճակալից եմ ընկել: Զգացի, որ ինչ-որ բան այնպես չէ, վերադարձա տուն, չդիմացա, տղայիս պատմեցի, 2 օր անց գնացինք Հրայրին տուն բերելու»,- պատմում է տիկին Նարինեն:

Երկու օր անց Հրայրը բացարձակապես անճանաչելի էր դարձել: Տանը նկատելով հորաքրոջ վաղուց կոտրված հովհարը` լացակումած ասել է` ես եմ մեղավոր, ամեն ինչի համար ես եմ մեղավոր ու… լռել է: Այլեւս իր ապրումներն արտահայտել է մի քանի կցկտուր նամակի օգնությամբ. «Հրոն վատն ա, ամոթ Հրոյին: Հրոն պադվալներից ալյումին ա գողացել», «Ես ուզում եմ վերանամ, Աստված ինձ չի ների, ես գողացել եմ ազնիվ մարդկանց ապրանքները»:

Օգոստոսի 22-ին Հրայրի պապիկը ահազանգ է հնչեցրել թաղապետարանում, թե` էս ո՞ւր էիք ուղարկել մեր երեխային, էդ ինչե՞ր են սովորեցրել, էդ ի՞նչ «եկեղեցի» է եղել: 70-ամյա պապիկին թաղապետարանում հանգստացրել են այս հիմնավորումով` այդ կազմակերպությունը կաթողիկոսից լիցենզիա ունի:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Արեւիկ Պետրոսյանը հերքեց այս ինֆորմացիան եւ մի քանի նոր փաստեր էլ իր կողմից հավելեց այս խճճված պատմությանը. «Երեխան դառը մանկություն է ունեցել, փոքր տարիքում մայրը լքել է, քրոջ հետ մեծացել են հոր, հորաքրոջ, պապ ու տատի խնամքի տակ: Դասղեկի բնութագրի համաձայն, Հրայրը շատ մարդամոտ տղա է, բայց անկանխատեսելի վարքագիծ ունի, նա ամեն պահի կարող էր հավասարակշռությունից դուրս գալ: Եթե Հրայրիկն էդքան խելոք լիներ, հորաքույրը հենց հաջորդ օրը չէր վազի տեսության: Այդ կրոնական կազմակերպությունը կոչվում է «Հայ Ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցի», Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ նրանք 8-15 տարեկան երեխաների համար Կոտայքի մարզի Նոր Գեղիի «Նաիրի» առողջարանում բարեգործական ճամբար էին կազմակերպել: Առաջարկեցին մեր համայնքից ծնողազուրկ ու սոցիալապես անապահով ընտանիքներից 20 երեխայի անվճար ուղարկել հանգստի գոտի, մենք էլ սիրով համաձայնեցինք` նկատի ունենալով այս տարվա կիզիչ շոգն ու այդ երեխաների վիճակը, մանավանդ, որ ես ուսումնասիրեցի նրանց ծրագիրը, տեսա, որ շատ մոտ են կանգնած Հայ Առաքելական եկեղեցուն»:

Տիկին Պետրոսյանը հավատացնում է, որ բոլոր երեխաների ծնողները տեղյակ են եղել ճամբարի առօրյային, ուղեգրի մեջ դա գրված է եղել, ու բոլոր երեխաների ուղեգրերում կան ծնողների ստորագրությունները, այդ թվում եւ` Հրայրի պապիկի:

Ճամբարի ուղեգրում Աստծո պատիժների, դժոխքի ու աններելի մեղքերի մասին քարոզների տեղեկությունը ձեւակերպված էր այսպես` Երեխաները պարտավոր են` ա) մասնակցել միջոցառումներին, ժողովներին, խաղերին,

բ) հնազանդվել առաջնորդներին:

«Ժողովներ» բառի տակ «ժողովներից» ոչինչ չհասկացող երեխաների ծնողների ստորագրությունն արգումենտ է, որպեսզի այս կազմակերպությանը հնարավոր չլինի մեղադրել օրենք խախտելու մեջ: Կրոնի մասին օրենքն ասում է. «Անչափահասի կրոնական համոզմունքները եւ կրթությունը որոշում են ծնողները»: Իսկ «ժողովներին», ինչպես վկայում է Համեստիկը, առաջնորդները հորդորում էին սուտ չխոսել, գողություն չանել, որովհետեւ Աստված կպատժի եւ Դժոխք կուղարկի:

Իսկ «առաջնորդներից» մեկը` Հայ Ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցու՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի պատասխանատուն մեր այն հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք երեխայի հետ կատարվածը, պատասխանեց. «Լավ չէ՞, երեխան չարաճճի էր, հիմա հազիվ խելոքացել է»: Նա նույնիսկ ամբաստանեց Հրայրի հորն ու ընտանիքի անդամներին` բացատրելով, որ երեխան դիտմամբ է իրեն այդպես լուռ պահում տանը, որովհետեւ չի սիրում ընտանիքի անդամներին, նրանք էլ` իրեն:

Այս «չսիրող» ընտանիքի անդամները գրեթե մեկ ամիս 13-ամյա տղայի ձեռքը բռնած դիմել են մոտ մեկ տասնյակ բժիշկների` հոգեբանների, հոգեբույժների, տրավմատոլոգների… Պարզվել է` տղան ֆիզիկական որեւէ խնդիր չունի, իսկ հոգեկան աշխարհն ամբողջությամբ տակնուվրա է եղել: Հրայրը պարբերաբար տեսնում է մահացած մարդկանց, հետո, երբ ուշքի է գալիս, սարսափելի վախեցած է լինում ու խոստովանում է, որ ինչ-որ «Ժորիկ ձյաձյա» մտել է իր մեջ ու տանջում է իրեն:

Խուճապահար հորաքույրը բախտագուշակի մոտ մոմ է թափել տալիս` իբր վախը հանելու, որպես տատերից եկած լավագույն միջոց:

Որեւէ շոշափելի արդյունք չեն տալիս նաեւ այցելությունները հոգեթերապեւտին: Հրայրին ու Համեստիկին մկրտում են մոտակա` Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում:

Տեր Եսայի քահանա Արթենյանը երեխային մկրտելուց հետո անհատական զրույցներ ու աղոթքներ է անում: Եկեղեցական բառապաշարում Հրայրի հոգեկան վիճակը դիվահարություն է կոչվում:

Տեր Եսային ասում է, որ վախի միջոցով հնազանդեցնելն ավերում է մարդու հոգեւոր աշխարհը, հատկապես, երբ նա դեռ երեխա է ու դատողական մոտեցում չունի խնդիրներին, խիստ զգացմունքային է: Մեղքի թեման շոշափելիս խիստ զգույշ պետք է լինել: Նորահայտ շատ «եկեղեցիներ» օգտագործում են այդ մեթոդը` ցույց տալ մարդու սխալը, բայցեւ հույս չեն տալիս, որ այս սխալը կներվի, եթե զղջում ու հավատք կա:

Տիկին Նարինեն պատմում է, որ մի սովորական օր, երբ Հրայրի համար աղոթագիրք էր կարդում, երեխան հանկարծ ուշքի է գալիս, սկսում է ճանաչել ընտանիքի անդամներին, ընկերներին ու ամենակարեւորը` աստիճանաբար սկսում է խոսել: Այսօր Հրայրը վերագտել է իր նախկին աշխուժությունը, շատախոսությունն ու մարդամոտությունը, սակայն հարազատներին բողոքում է, որ երազին շարունակում են մահացած մարդիկ գալ, պարբերաբար վախ է ունենում: Հոգեթերապեւտները տիկին Նարինեին վստահեցնում են, որ երեխան լրիվ բուժված չէ, պատկերավոր ասած` վերքը դրսից չորացել է, բայց հատակը թաց է: Այսօր Երեւանում հոգեթերապեւտներին հաճախելն էժան հաճույք չէ: Տիկին Նարինեին առաջարկել են հոգեբանական սեանս` ժամը 5000 դրամ արժողությամբ: Իսկ թե քանի տասնյակ սեանս հարկավոր կլինի տղային՝ հայտնի չէ: Մալաթիա-Սեբաստիա համայնքի կրթության բաժինն ու Հայ Ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցին իրենց դրամական օժանդակությունն են առաջարկել Հրայրի ընտանիքին: Սակայն մինչ օրս որեւէ գումար չեն տվել: Ավելին, Հայ Ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցին բողոք է ներկայացրել Եղվարդի դատախազություն՝ մեղադրելով Հրայրի հորաքրոջը խուլիգանության մեջ: Տիկին Նարինեն խոստովանում է, որ սկզբում իրեն թվում էր` երեխայի այդ հոգեվիճակի պատճառը իր սենյակի երեխաներն են, ովքեր ճնշել ու գուցե նաեւ ծեծել են Հրայրին, չէ՞ որ կապտուկները նա անձամբ է տեսել: Հավասարակշռությունը կորցնելով՝ նա մի քանի անգամ ապտակել է այդ տղաներին: Իսկ ճամբարի ղեկավարությունը դատախազությանն ուղղված նամակում արձանագրել է, որ Հրայրի հորաքույրը ծեծի է ենթարկել երեխաներին, հետո նաեւ՝ տղաների մի խումբ է բերել այդ երեխաների վրա, իսկ ճամբարականներից մի քանի հոգու մոտ ուշաթափություն է եղել:

ՀՀ Կառավարությանն առընթեր Կրոնի գործերով հանձնաժողովի նախագահ Հրանուշ Խառատյանը հավաստիացրեց, որ «Հայ Ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցի» կրոնական կազմակերպությունը պետականորեն գրանցված է: Սակայն ոչ նրա, ոչ էլ մյուս կրոնական կազմակերպությունների գործունեությունը, մասնավորապես` ճամբարային միջոցառումները, կրթական ծրագրերը վերահսկելու արտոնություն իրենք չունեն: Ավելի ճիշտ` ունեն, բայց միայն այն դեպքերում, երբ քաղաքացիներից բողոքներ են գալիս:

Այսօր Հրայրը դպրոց է հաճախում, սիրում է նկարել, ամեն կիրակի դպիրի շապիկ է հագնում ու Սուրբ Երրորդությունում Պատարագի մասնակցում: Ցավոք, նա դեռ կարիք ունի նաեւ բուժումների: Վերջին անգամ հոգեթերապեւտին խոստովանել է, որ ճամբարում ոմն Շուշան քույր նրան մի օր մութ մի սենյակ է տարել ու «հոգու գրքեր ցույց տվել», մի Անդրանիկ եղբայր էլ ասել է, որ ինքն աշխարհի փրկիչն է դառնալու…

Մեր ու ընտանիքի անդամների հետ Հրայրն աշխույժ ու անկաշկանդ է, զրուցում է դասերից, բակի տղաներից ու խաղերից: Չի սիրում, երբ հարցնում են ճամբարից, առավել եւս` երբեք չի խոսում իրեն ու քրոջը լքած մոր մասին…