Մենք սիրում ենք հպարտանալ հայկական ընտանեկան ավանդույթներով, մինչդեռ այսօր արդեն եվրոպական չափանիշների հոսանքը խարխլել է նաեւ հայկական ընտանիքի ինստիտուտը: Խղճի ազատությունը՝ միասեռ ամուսնությունները, արտաամուսնական կապերը, կրոնական փոքրամասնությունների առկայությունը եւ այլ հանգամանքներ` մուտք գործելով մեր կենցաղ, քայքայում են հայկական ավանդական ընտանիքի հիմքերը: Այս երեւույթի մասին մեզ պատմում են տաքսու վարորդները, ովքեր երբեմն ակամայից դառնում են ուղեւորների կոնֆլիկտների ականատեսը: Նրանք վկայում են, որ իրենց պատվիրատուներից շատերը նորապսակներ են, սակայն դա չի խանգարում, որ նրանցից յուրաքանչյուրը «լեւի» ճանապարհն ընտրի: Վարորդներն ամենաշատը դժգոհում են կանանցից, քանի որ, նրանց խոսքերով, դրա հետեւանքով հասարակությունը «փչանում» է:
«Աղջիկների շրջապատն ավելի ճոխ ա»
«Էսօր կանայք ավելի շատ են լեւի գնում, քան տղամարդիկ: Քրտինքով աշխատող տղամարդը հազիվ հասցնում ա ընտանիք պահել, իսկ հաճույքների փող չի մնում: Կանայք շատ են կապները կտրել: Ես պատվիրատուներ ունեմ, որոնք ամեն գիշեր զանգվում, ընկերուհիներով պայմանավորվում են, թե չգնա՞նք կայֆավատ ըլնենք: Հավաքվում-գնում են ռեստորաններ, սաունաներ»,- պատմում է վարորդ Գուրգենն՝ ասելով, որ, այնուամենայնիվ, նոր սերնդի երիտասարդների 80%-ն արտակարգ, հարգալից տղաներ են:- Բացառություններ՝ «մամայի բալիկներ» կան, որոնց ես չեմ հարգում: Տղաների մեծամասնությունն էնքան հարգալից է մեծերի հանդեպ, որ կարելի ա զարմանալ: Աղջիկները լրիվ չափերն անցել են, աղջիկ գոյություն չունի: Կարամ մեկ-մեկ թվարկեմ, թե ով ինչքանով ա ծախվում»: Գուրգենի համոզմամբ՝ երիտասարդներն ընդհանրապես չեն ձգտում կրթություն ստանալ՝ վստահ լինելով, որ միեւնույն է՝ մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չեն ունենալու: Այն աղջիկներն, ովքեր սովորում են բուհերում, նպատակ ունեն օժիտի համար դիպլոմ ստանալ, իսկ տղաների մեծ մասը կրթությունը համարում է ավելորդ գլխացավանք: Բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ լավ, եկամտաբեր աշխատանք, իսկ դրա համար կրթությունն այնքան կարեւոր չէ, որքան համակարգչային եւ լեզուների իմացությունը, ինչին կարելի է տիրապետել մասնավոր դասընթացների միջոցով: «Հիմա աղջիկների ընկերական շրջապատն ավելի ճոխ ա, քան տղաներինը: Իսկ էն բացառիկ մի քանիսը, որ ուսման ծարավ են՝ պոնչիկ-պեռաշկիով են օրն անցկացնում: Կանայք հիմա տղամարդկանցից շատ են ու ավելի շատ փող ունեն, դրա համար էլ ինչ ուզում-անում են: Մեր ժամանակ հազարից մեկ «վեչեռ» էինք կազմակերպում, «բելի տանգո» պարելուց էլ ամոթից լույսն անջատում էինք, որ չամաչենք մեր սիրած աղջկա ուսին գլուխներս դնելուց: Հիմա տնից, ընտանիքից զրկված աղջիկներ են, տուն գնալու ժամ ու պատարագ չկա: Պատվիրատուս բար գնալուց՝ գիշերվա հազարին զանգում տղա ա դուրս հանում, թե՝ հել գնանք կայֆավատ ըլնենք: Խեղճ տղեն քնաթաթախ ասում ա՝ լավ, էլի, քնած եմ, հոգնած եմ, բայց դե էնքան ա կպրշկում, մինչեւ գնում, պադեզդից վերցնում ա»,- պատմում է Գուրգենն՝ ասելով, որ մեզանում սեռերի հավասարությունը շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: «Աղջիկների գոռոզությունը չկա, թեթեւացել, ընկել են մեյդան: Ամուսնացողների 60%-ը ներկա պայմաններում բաժանվում են, ամենաշատը ձգում են 1-3 տարի: Կանայք մինչեւ երեխա ունենալը տանից դուրս չեն գալիս, բայց հետո մտածում են՝ քանի գեղեցիկ եմ, քանի կարամ՝ պիտի կյանքը վայելեմ: Մեր ժամանակներում ինչքան էլ սիրեիր, մեջտեղիցդ ճղվեիր էլ, աղջիկը չէր թողնի, որ տիրանաս իրան: Հիմա ես շատ եմ նայում Տիգրան Մուկուչյանի դատ ու դատարանը, դրանք իսկական մեր կյանքի պատմություններն են: Աղջիկն ամուսնուց բաժանվում ա ու ասում ա՝ թող իրա BMW-ն տա ինձ, էլ բան չեմ պահանջի: Ասում ա՝ ալիմենտ չեմ ուզի, կնստեմ ռույլին, կաշխատեմ, երեխուս կմեծացնեմ: Սեր չկա, մենակ փող ա: Հիմա շատ պարկեշտ, համեստ, բարձրագույնավարտ ընտանիքներ կան, որ ուղեղումդ չի տեղավորվում, թե դրանց աղջիկը ոնց ա ծախվում»,- վկայում է Գուրգենը, ով նոր ծննդաբերած մի կին պատվիրատու ունի, որը երեխային կերակրելիս ծխում է: «Էն օրը երեխային կուրծք ա տալիս ու զանգել ա ընկերուհուն, թե երեխուն պահի, գնամ, գամ: Վրես մուննաթ ա գալիս, թե ինձ շատ արագ հասցրա Նոր Հաճընի կամուրջ: 3-4 ամսական երեխուն բերեց, տվեց ընկերուհուն ու իրան տարա իրա ասած տեղը: Պապիրոսը վառեց ու 17-18 տարեկան աղջիկը կամուրջի մոտ իջավ իրան սպասող մեքենաների հետ առուծախի: Ախր րոպեներ առաջ էլ հեռախոսով ամուսնու հետ էր խոսում: Սաղին համբուրելով, գրկախառնվելով գնաց իրա սեւ գործին, տղերքն էլ եկան, փողը վճարեցին, իրան տարան»,- պատմում է Գուրգենը, ով այս ամենը տեսնելով` ինքն իրեն հարց է տալիս՝ «Ինձ ու ինձ ասում եմ՝ կարող ա՞ իմ հարսն էլ ա գնում: Մարդ արդեն սաղի հանդեպ հավատը կորցնում ա, էլի»: Գուրգենը համարում է, որ կանայք շատ խանդոտ են, սակայն այդ խանդը ներկայումս ոչ թե արտահայտվում է ամուսնու հանդեպ, այլ՝ «Ընկերուհիներով իրար խանդում են: Ասենք, մեկը փողոտ ընկեր ունի, մյուսն ուզում ա ինքն էլ փողոտ ընկեր ունենալ, ընկերուհուն խանդում ա: Ցանկացած ճանապարհով փողոտ տղա ա կպցնում: Այ, տենց խանդելով լկտիանում են, ասում են՝ ինչի՞ ինքն ունենա` ես չունենամ, դաժե իրանց ընկերուհիների ընկերներին են տանում: Տղերքի համար արդեն լեւի գնալն էլ ա անհետաքրքիր, սաղին կարան հասնեն: Մեկին ճանապարհում են, մյուսի հետ են հանդիպում: Նստում են մեքենայիս մեջ, հետեւում նենց բաներ են անում՝ ես եմ ամաչում»,- ասում է Գուրգենն ու կատակում, թե՝ չհամաձայնվող կին գոյություն չունի, լավ չուզող տղամարդ գոյություն ունի:
«Երեխեքը լիքը պապաներ ունեն»
Վարորդ Աշոտի կարծիքով՝ նոր սերունդն ընդհանրապես ամուսնանալը, ընտանիք կազմելը համարում է անիմաստ, որովհետեւ, ըստ նրա, երեխաներ ունենալու համար պարտադիր չէ կրել ընտանիք ունենալու պատասխանատվությունը: «Երեխաներ ունենում են, ու էդ երեխեքն արդեն խորթ հայրերի դաստիարակությամբ են մեծանում, դրա համար էլ անդաստիարակ սերունդ ա մեծանում: Դուք էսօրվա երեխեքից հարցրեք, թե քանի մամա ու քանի պապա ունեն: Երեխեն ծնվում ա, մեծանում ա ուրիշ պապայով, հետո էլ մի ուրիշ պապա ա հայտնվում, ու տենց շարունակ: Պապաներն էլ ունենում են սեփական երեխեքը, բայց թողնում են կնոջ խնամքին, ամուսնանում են ուրիշ կնոջ հետ ու պահում են ուրիշի երեխուն: Մի հատ պատվիրատու ունեմ, որ երեխուն հարցնում ես՝ էսինչը քո ի՞նչն ա, ասում ա՝ մամայիս մարդն ա»,- պատմում է Աշոտը՝ զարմանալով, թե ուր է հասել մեր երիտասարդությունը: «Առաջ հայ տղամարդը ման գալու նպատակով գնում էր էդ գործը Ռուսաստանում էր անում, բայց հիմա քթի տակ թափած են, խի՞ հասնես ընդեղ: Ջահել տղերքը որ մարմնավաճառներին փող են տալիս՝ ապշում եմ: Ասում եմ՝ սիրուն տղա ես, 1 ժամվա հաճույքի համար 30.000 փո՞ղ ես տալիս, ինչի՞դ ա պետք: 30.000 դրամը հիմիկվա աշխատող տղամարդկանց ձեռքը շաբաթներով չի ընկնում: Սեր չկա էլի, ամեն ինչի մեջ փողն ա դեր տանում: Մի հատ պատվիրատու ունեմ, որ կնոջը նայես` խելքդ կգնա, այ, էդքան սիրուն ա: Էդ ընտանիքի հետ շատ մոտ եմ ու շատ եմ խղճում էդ կնոջը: Էդ տղեն մի հատ չխոտկա աղջիկ ա բռնել, որ դեմքին նայես, կասես՝ էս աղվեսն ո՞վ ա: Էդ աղվեսի վրա տղեն մի ամսվա մեջ 5000 դոլար փող ծախսեց: Էդ աղվեսը որ չի ասում՝ սոված եմ, սիրտս պիցա ա ուզում, ոնց որ կվալտով գլխիս տան: Իսկ կինը գեղեցկուհի ա, տղու ընկերն ասում ա՝ էդ աղջկան գողանալու եմ, 2 ամսով պահեմ, որ ընկերս իրանից հիասթափվի, ընտանիքին տիրություն անի: Ընկերն էլ ա տեսնում, թե ինչ արտակարգ կին ունի, բայց ում հետեւից ա քարշ գալիս: Ուրիշ բան, որ սիրես մեկին, որը կնոջիցդ մի 10 անգամ բարձր ու սիրուն ա, բայց դրա հետեւից վազելը հանցագործություն ա: Սաղ քաղաքը տաքսիով ոտնատակ ա անում ու ասում ա, որ հաշիվը ինքը կփակվի: Դու տեսնես էդ ընտանիքի տեր տղեն սիրածի համար ինչքան տաքսու փող ա տալիս: Էդ քիչ ա, հլը էն օրն էլ էդ աղվեսի ընկերուհին տեղ գնաց, իջավ ու ասեց, որ իրա հաշվին գրեմ փողը: Ես էլ ջղայնացա, պատվիրատուիս ասեցի, որ քո փողերով ընկերուհիներին լավություն ա անում: Իմացավ, ասեց` ընկերուհիների փողը ես չեմ տալու: Բայց ոնց եմ ափսոսում ես իրա կնոջը, չես պատկերացնում»,- ցավով նշում է վարորդ Աշոտն ու հավատացնում, որ հայ ժողովուրդը չտեսի նման չկարողացավ մարսել ազատությունը: Ասում է՝ «Էն ո՞նց ա, որ գյուղացին մտնում ա քաղաք ու չտեսի պես ա իրան պահում: Հիմա մենք էդ ծաղրի առարկան դարձանք: Բայց դե ցավոտ բան ա, հայ ընտանիքը օրինակ էր ծառայում ուրիշ ազգերի համար: Էդ հազվագյուտ արժանիքն էր, որով հպարտանում էինք»:
Օրինակելի ընտանիքներ դեռեւս կան
Վարորդ Գրիգորը գտնում է, որ մեզ մոտ, այնուամենայնիվ, օրինակելի ընտանիքներ կան, որոնք այնքան ամուր հիմքեր ունեն, որ ոչինչ չի կարող այդ ընտանիքի անդորրը խաթարել: «Իրոք շատ լավ ընտանիքներ կան, որոնց հետ շփվելիս հիանում ես: Ես պատվիրատուներ ունեմ, որոնց երեխաներն ուղղակի իդեալական են: Համեստ, կրթված, չնայած փող ունեն, բայց իրենց շատ հասարակ են պահում: Ունեն շատ ընկերներ, որոնց հետ շփվում են, մեկուսացած չեն, բայց նաեւ էդ շփումն իրանց չի փչացնում: Մի ուսանող աղջիկ կա, որի ընկերուհիները իրան ծաղրում են, շատ սովորող ա, էլի: Կանչում են մի տեղ գնալու, գնում են ու հետո տուն գնալուց սկսում են ձեռ առնել, թե չթողեցիր ուրախանանք, կաթիկդ պակասել ա եւ այլն… Էդ աղջիկը սկի բանի տեղ էլ չի դնում, քեֆս բերում ա: Ես տանը միշտ պատմում եմ էդ ընտանիքի մասին, երեխեքս անգիր գիտեն իրանց մասին, որովհետեւ միշտ օրինակ եմ բերում: Մեծ ու փոքր իրար հարգում են: Հերն երեխեքի հետ հավասարը հավասարի հետ ա շփվում, իրար հասկանում են, հարգում են: Շատ լավն են: Թե հիմա հետո ինչ կլինի՝ չգիտեմ, բայց վստահ եմ, որ էդ երեխեքը տենց դաստիարակություն ստանալով, հետագայում չեն կարա վատ հայր կամ մայր լինել: Շատ խելացի են ու գիտեն` ինչն ա լավ, ինչը վատ: Վատ ընտանիքներ, վատ մարդիկ միշտ էլ եղել են, ուղղակի էն ժամանակ ամաչում էին ընտանիքի պրոբլեմը դուրս հանել, իսկ հիմա սովորական ա դարձել: Եթե ընտանիքում վեճ էր լինում՝ թաքցնում էինք, իսկ հիմա ամուսինը կնոջը ծեծում ա, կինը աչքը ջնջխված դուրս ա գալիս, հարեւաններին պատմում ա, ոստիկանություն ա դիմում եւ այլն: Առաջ էլ կային անհաշտ, ուրիշ կապեր ունեցող ամուսիններ: Առաջ մի աղջիկ առանց ամուսնանալու եթե հղիանում էր՝ ծնողներն ուղարկում էին գյուղ, որ փորը չերեւար, ծննդաբերում էր, երեխուն տալիս էին մանկատուն, որ հարեւանները չբամբասեին, ու էդ աղջկա անունը չընկներ, իսկ հիմա ծնողները գուրգուրում են առանց հայր ծնվող երեխային, որովհետեւ տղաները չեն նայում աղջկա վարքագծին, ամուսնանում են»:
«Քարոզիչի ասածն օրենք ա»
Վարորդ Սարգիսն էլ վստահեցնում է, որ այսօր շատ հայ ընտանիքների վիճաբանությունների պատճառը կրոնական կազմակերպություններն են: «Իմ պատվիրատու ընտանիքներից մեկի ամուսինը մի օր մեքենայի մեջ կնոջ վրա էնքան զայրացած էր, որ քիչ էր մնում սատկացներ: Կինը հավատացյալ ա դարձել ու գնում ա ինչ-որ հավաքների: Ամուսինն արգելել ա, բայց ինքը թաքուն գնում ա, հերիք չի, մի հատ էլ երեխուն ա դպրոցից վերցնում-տանում: Մի կողմից` լավն էն ա, որ կինը շատ պարկեշտ կյանքով ա ապրում, շատ լավ երեխա ա դաստիարակում, լավ ընտանիք են, բայց մյուս կողմից՝ ամուսինը դեմ ա, ու միշտ կռիվ ա լինում: Դե հավատացյալ մարդ ա, մաքուր ա ապրում, բայց դե, որ ամուսնու ասածը ոտնահարում ա, էդ լավ չի: Մեկ-մեկ մտածում եմ, թե ուրիշների կնիկները թռնում են ուրիշ ճանապարհով, ամուսինները չեն էլ իմանում, բայց էս խեղճ հարիֆը ի՞նչ ա անում, որ՝ գնում, քարոզ ա լսում: Բայց դե դրանք էլ շեղվում են, էլի: Հեն ա, հարեւանիս աղջիկը գնաց քարոզների, մի որոշ ժամանակ հետո ֆանատ էր դարձել, ուր նստում զզվցնում էր, սաղին պարտադրում էր, որ գնան իրանց ժողովներին: Ոնց որ խախտված ըլներ: Էդ Եհովայի վկաները լրիվ շեղված են: Ասում են, որ իրանք ոչխարներ են ու իրանց քարոզիչի ասածն իրանց համար օրենք ա: Է, եթե քարոզիչի ասածն օրենք ա, բա ամուսնու ասածը ո՞նց կլսի»,- հարցնում է Սարգիսը: