Բարեկամավանը բարեկամներ չունի

12/10/2006 Հարութ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տավուշի մարզի Բարեկամավան (նախկին Դոստլու) գյուղը 1500-2000 տարվա պատմություն ունի: Աշխարհից կտրված այս բնակավայրը, որը շրջապատված է բարձր լեռներով եւ խիտ անտառներով, Հայաստանի սահմանամերձ գյուղերից է: Մոտակա ադրբեջանական գյուղերը (Ստամբեկլու, Քամառլու) մոտավորապես 1-1.5 կմ հեռավորության վրա են գտնվում, հայկական գյուղերից ամենամոտը Կոթին է՝ 9 կմ: Ինչպես բոլոր սահմանամերձ գյուղերում, այնպես էլ այստեղ դեռ թարմ են հիշողությունները պատերազմի մասին:

Ադրբեջանցիների հետ հարաբերությունները սրվել են 1992թ.: Ջոնիկ Միրզոյանը, ով կռիվների անմիջական մասնակից է, պատմում է, որ սկզբում գյուղացիները կռվել են որսորդական հրացաններով: Առաջին անգամ գյուղը 10 ավտոմատ է ստացել 1992թ.հունվարին: Լուրջ ընդհարումը սկսվել է մայիսին, երբ գողացել են անասունները եւ անասնապահին: Պատերազմի ավարտից հետո էլ դեռ շարունակվում էին կրակոցներն ու անասնագողությունը: «Իսկ առանց անասունի գյուղացին կանգնում է փաստի առաջ: Մի քանի հեկտար հողն արդեն 15-20 տարի է` ոչ ոք չի հնձում: Չնայած հիմա կրակոցներ չկան, բայց էլի վախը կա»,- ասում է բարեկամավանցի Էմման:

Ըստ պաշտոնական տվյալների` Բարեկամավանն ունի 594 բնակիչ: «Ստեղ հազիվ 70-80 տնտեսություն լինի: Ջահելները գնում են: Ձմեռը որ գաս, ստեղ հազիվ 20 լույս է վառվում: Ամեն տանը երկու հոգի է՝ մի մարդ, մի կնիկ: Ով էլ երեխեք ունի, հնարավորություն են ունեցել, դուրս են եկել, գնացել»,- վրդովված ասում է տիկին Էմման, որի չափահաս զավակները նույնպես լքել են գյուղը՝ իրենց ապրուստը հոգալու համար:

Գյուղի դպրոցի առաջին դասարանում այս տարի սովորելու է ընդամենը 5 աշակերտ, իսկ շրջանավարտները 4-ն են: Բարեկամավանցիները վերապահումով են խոսում գյուղապետի մասին` միայն նշելով, որ կասկածում են, թե վերջինս ճիշտ տվյալներ է ներկայացնում կառավարությանը: «Գյուղապետին ոչ հետեւող կա, ոչ էլ ստուգող: 7-8 տարի է, Հովիկը գյուղապետ է, դեռ չի եղել, որ խոսակցության ժամանակ ասի, որ հաջորդ տարի լավ է լինելու: Երբ հարցնում ես, ասում է` սարսափելի վիճակ է: Կառավարությունից էլ բանի տեղ դնող չկա, երեւի շատերն էս գյուղի տեղն էլ չգիտեն»,- ասում է գյուղացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Գյուղացիներին չեն հետաքրքրում ընտրություններն ու ընտրված թեկնածուները, որոնք միայն խոստումներ են տալիս: «Գալիս են, ասում են` մեզ ընտրեք` էս կանենք, էն կանենք: Հենց ընտրվում են, մոռանում են: Ոչ կընտրեմ, ոչ էլ պետքս է, ուզում է` վերեւից Աստված իջնի»,- բարկանում են նրանք:

«Նայեք, էն վերեւը երեւում է թումբը. ջուր են բերել գյուղի համար, որ ժողովուրդը օգտվի: Ընտրվեցին, ու վերջ՝ գնացին: Մի 100 մետր տրուբի պատմություն կլիներ, այստեղից ուղիղ բերեն էս տնտեսությունների համար, բայց չեն անում»,- ավելացնում է տիկին Լաուրան:

Բարեկամավանում, խոտհնձից եւ անասնապահությունից բացի, դժվար է ուրիշ աշխատանք գտնել: Չկա գործարան, հիմնարկություն: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց ունեցած չնչին բերքը վաճառել: Լավագույն ելքը փոխանակումն է: «Բերքը տանում ենք հարեւան Կոթի գյուղը, փոխում ենք ցորենի, շաքարավազի, ալյուրի կամ էլ կոշիկի հետ»,- ասում է Էմման:

Գյուղի ակումբը, որը ժամանակին համարվել է շրջանում լավագույններից մեկը, այսօր ուրվականի նման կանգնած է գյուղամիջում՝ գնդակոծված ու լքված:

Բարեկամավանում կարողանում են դիտել Հանրային հեռուստատեսություն, ռուսական երկրորդ եւ վրացական եւ ադրբեջանական մի քանի ալիքներ:

Տիկին Էմման լավ խոսում, գրում եւ կարդում է ադրբեջաներեն, սակայն չի նայում ադրբեջանական հեռուստաալիքները: «Զգում եմ, որ ճիշտ բաներ չեն ասում, ջղայնանում եմ»,- ասում է նա:

«ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը» անտեսել են այս գյուղը: Որպեսզի կարողանաս մի կերպ միանալ «ՎիվաՍելլի» ցանցին, պետք է 30 կմ քայլես վեր` դեպի որեւէ սարի գագաթը, չնայած այդ դեպքում էլ կասկածելի է՝ կարո՞ղ ես, թե՞ ոչ: Մինչդեռ բջջային կապի վրացական օպերատոր «ՋեոՍելլը» եւ ադրբեջանական «ԱզերիՍելլը» այստեղ անխափան կապ են ապահովում:

Գյուղից 2 կմ հյուսիս-արեւմուտք՝ լեռան գագաթին, դեռ կանգուն է Բարձրել սրբավայրը: Այն 4-րդ դարի մատուռ է, որը 90-ականներին քանդվել էր վերակառուցման նպատակով եւ ավարտին է հասցվել միայն 2004-ին: Գյուղացիներից շատերն են հիշում նախապատերազմյան տարիները, երբ երկու՝ այժմ թշնամի ազգերը ապրում էին կողք կողքի՝ հաշտ ու խաղաղ:

«Ես ադրբեջանցիների մեջ եմ մեծացել, մի ընտանիքի պես ենք եղել,- հիշում է տիկին Էմման,- փոքր հասակում, երբ մեր հարեւանի տղեն կամ աղջիկը Բաքու են գնացել, մեզ էլ են տարել ամառվա արձակուրդներին պահել, բերել»:

«Նորմալ հարաբերությունների մեջ ենք եղել,- ավելացնում է Ջոնիկը,- ամեն տուն մի արհեստավոր ուներ՝ պատշար, տանիք շարող: Գնացել են, սարքել են նրանց տները, լավ էլ փող են առել, ընտանիք են պահել… Երեւի 50 տարուց նորմալ հարաբերությունների մեջ կլինենք: Հիմա, եթե հնարավորություն լինի, մերոնք, միանգամից չէ, բայց քիչ-քիչ կսկսեն հարմարվել ու շփվել նրանց հետ»:

Բարեկամավանցիները գիտեն, որ իրենք իշխանություններին չեն հետաքրքրում: Նրանք իրենց այս փոքրիկ հողակտորում զրկված են ամեն ինչից:

«Ո՛չ մեզ ուշադրություն դարձնող կա, ո՛չ հաշվի առնող: Բախտի քմահաճույքին ապրում ենք այս գյուղում»,- ասում է բարեկամավանցի Էմման:

www.hetq.am