«Ռուսները մեր ներքին քաղաքականությանը մասնակցելու իրավունք չունեն» վերնագրով գերմանական «Sueddeutsche Zeitung» պարբերականին հարցազրույց է տվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։
Խոսելով Ուկրաինայի իրադարձությունների մասին՝ նա ասել է. «Մեր երկրներում եղած ժողովրդավարությունը սովետական համակարգի մի այլ ձեւն էր։ Ժամանակ առ ժամանակ ընտրություններ էին լինում, ասում էին, թե խոսքի ազատություն կա, բայց ամեն ինչ, ըստ էության, նույնն էր մնում։ Մեծ կամ փոքր ամեն ղեկավար ծագումով կոմունիստական բյուրոկրատ էր։ Մենք փշրեցինք այդ մտածողությունը։ Մենք ցույց տվեցինք, որ որքան էլ ուժեղ լինի պետական մեքենան, չի կարող դիմադրել ժողովրդի կամքին»։
Պատասխանելով լրագրողի հակառուսական ակնարկին, Վրաստանի նախագահն ասում է. «Բոլոր դեպքերում, Ռուսաստանին պետք է քիչ հուզի, թե ինչ ենք անում մենք մեր երկրներում։ Նրանք մեր ներքին քաղաքականությանը մասնակցելու առանձնահատուկ իրավունք չունեն։ Եվ, չնայած լարվածությանը, մենք չունենք հակառուսական տրամադրություններ։ Մարդկանց մեզ մոտ նյարդայնացնում է Ռուսաստանի նախագահի քաղաքականությունը եւ ոչ թե՝ ռուս ժողովրդի»։
Գերմանացի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է իրականացնելու Վրաստանը միավորելու իր խոստումը, Սահակաշվիլին պատասխանում է. «Ես խոստացել եմ դա անել մինչեւ իմ լիազորությունների ավարտը եւ համոզված եմ, որ դա հնարավոր է։ Հիմա մենք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար պատրաստում ենք համոզիչ առաջարկներ։ Մենք պատրաստ ենք երաշխավորել ընդգրկուն ինքնավարություն։ Հարավային Օսիայի դեպքում ես մեծ դիմադրություն չեմ սպասում։ Այնտեղ, ըստ էության, կդիմադրի մաքսանենգության մեջ ներքաշված վերնախավը։ Իսկ Աբխազիայում մի քիչ այլ է, այնտեղ էթնիկ զտումներ են եղել՝ իրենց բնակավայրերից տեղահանվել է 300.000 վրացի։ Աբխազիայում մենք պետք է վերականգնենք վստահությունը՝ միաժամանակ վերադարձնելով այդ մարդկանց»։ Անդրադառնալով Հարավային Կովկասի խնդիրների լուծման գործում Ռուսաստանի ունեցած դերին, Վրաստանի նախագահը գտնում է, որ ռուսական քաղաքականությունը ղեկավարվում է զգացմունքներով։ «Ռուսներն ասում են, թե իրենք վախենում են Կովկասը կորցնելուց։ Երբ չգիտես, թե որտեղով են անցնում երկրիդ սահմանները, այդ ժամանակ սահմանից ներս ու դուրս խնդիրներ են ծագում։ Վլադիմիր Պուտինն Աբխազիան համեմատում է Կոսովոյի հետ։ Լավ կլիներ՝ խոսեր ավելի մոտ բաներից. Չեչնիայից եւ ոչ թե Կոսովոյից»։
Տ.Պ.