Սոցիալական դժվարությունների համար միմյանց են մեղադրում, եւ երկուսի նյարդերն էլ այնքան լարված են, որ մի «թարս» խոսքի են սպասում նոր վեճի բռնվելու համար: Տիկին Սառայի համար դժվար է, որովհետեւ ճգնաժամային տարիներից հետո տղամարդու եւ կնոջ դերերը կարծես փոխվել են: «Տղամարդը որ տանը նստի, էդ տան վիճակը ո՞նց կարա լինի»,- հարցնում է Մինասն ու նայում կնոջը` տեսնելու, թե իր խոստովանությունը որքանով է շարժել կնոջ սիրտը: Տիկին Սառան ծանր հոգոց է հանում ու ձեռքերով փորձում է մեղմել ջղաձգված պարանոցի լարվածությունը: «Ընտանիքի խաղաղությունը գալիս ա պայմաններից: Բոլոր վիճաբանություններն էլ չքավորության պատճառով են լինում, հետո էլ ասում են՝ պետության հիմքն ընտանիքն ա: Ի՛նչ ընտանիքներն են, այն էլ պետությունն է»,- ասում է տիկին Սառան՝ ավելացնելով, որ իրենց հետ է ապրում նաեւ չամուսնացած, 50 տարեկան տեգրը: Իսկ ամուսնու սպասելիքներն անարձագանք ու անպատասխան չթողնելու համար փորձում է արդարացնել նրա չարած գործերը. «Իրա անճարությունից ու անգործությունից ջերմուկ-մերմուկ ա դրել հայաթում ծախում: 10-20 դրամ շահույթով քիչ բան ա փոխվում»: Ամուսիններն իրենց մեղավոր են զգում, որովհետեւ իրենց 26 տարեկան որդու նշանածը վերջերս նշանը հետ է տվել. «Չգիտեմ, երեխուս սիրտը կոտրվել ա, շատ տխուր ու անտրամադիր ա: Երեւի աղջիկը եկավ մեր տունը տեսավ՝ հիասթափվեց, դրա համար էլ նշանը հետ տվեց: Բայց ախր էս ջահելները ո՞նց են մտածում, սիրող աղջիկը տան պայմաններից կհիասթափվե՞ր»,- հարցնում է տիկին Սառան: Հարեւանները տիկին Սառային մխիթարել են՝ «Ուրեմն բարին էլ էդ էր»: Տղան բանվորություն է անում, եւ նրանց ընտանիքն այսօր գոյատեւում է նրա ստացած աշխատավարձով: Մինասը մասնագիտությամբ ամրանագործ է, երկար տարիներ աշխատել է ԿանԱԶ-ի «Երարշինտրեստ» գործարանում. «Էս ղալմաղալից, անկախությունից հետո չեմ աշխատել: Տարիներ առաջ ներվերից մոտս էպիլեպսիկ նոպաներ սկսվեցին, դրանից հետո էլ սկսեց ծունկս թուլանալ, որ դողում ա՝ քիչ ա մնում ընկնեմ: Ներվերիս վրա հալ չի մնացել արդեն: Մի որոշ ժամանակ պառկեցի, բուժում ստացա, ահագին ժամանակ նոպաներ չէր լինում: Հիմա անքնություն ա մոտս, ոտքս շատ վատ ա: Գնացի ներվայինների հիվանդանոց, մտա թե չէ, ոչ մեկ, ոչ երկուս` սկսեցին փողի համար խոսալ, թողեցի եկա»,- պատմում է Մինասը, ում միջամտում է տիկին Սառան՝ ասելով, որ ամուսնու փաստաթղթերը տարել է գործազուրկների գրասենյակ: «Ասում ա՝ թուղթ ա պակաս: Ասեցին, որ գործարանում, որտեղ ես աշխատել եմ, աշխատանքային գրքույկս լրացնելուց ինչ-որ պակաս բան են լրացրել, հետո էլ ասեցին, թե՝ գնա էդ հիմնարկ, գտի, թող նորից լրացնեն: Բայց ախր էդ հիմնարկը վաղուց գոյություն չունի, եսիմ սեփակա՞ն ա, կա՞, չկա՞…»,- պատմում է Մինասը՝ հավատացնելով, որ գործազրկության համար տրվող 9000 դրամով գոնե անհրաժեշտ դեղորայքը կարող է գնել: «Հայծխախոտ» գործարանում երկար տարիներ աշխատած տիկին Սառան 1980-ականներից հետո այլեւս չի աշխատել. «Ախր ո՞ր մի երկրի քաղաքացին կուզեր, որ իրա երկիրն էս վիճակում հայտնվեր, բայց դե մեր ձեռն ի՞նչ կա: Էն ժամանակվա լավն էն էր, որ հավասարություն էր, խմբերի բաժանված չէին: Տղամարդը որ պարապ ա՝ շատ դժվար ա: Պարապությունից ինքն էլ չի իմանում, թե ինչ ա անում, բայց կինն ի՞նչ կարող ա անել, ինչքա՞ն կարող ա անել: 26 տարեկան մի երեխայի հույսով կարա՞ս ապրես, մենակ հացի փող ա անում: Առաջ Սովետաշենի պաժառնիում էր աշխատում, գումարը քիչ էր, դրա համար էլ հիմա շինարարության վրա բանվորություն ա անում: Բայց դե ի՞նչ անի երեխեն՝ հացի խնդիր ա: Մեր երկրում լավ բանը քիչ ա էլի… Էն տարիների լավն էն էր, որ 8 ժամ աշխատում, գալիս էիր ու գիտեիր, որ սառնարանդ լիքն ա: Հյուրը հյուրի ետեւից գալիս էր,- նեղսրտում է տիկին Սառան՝ ասելով,- ներկա պայմաններում անգամ ծնողիդ չես ուզում հյուրընկալել, խառնվում ես իրար, ոնց որ չուզենաս մի բան անել, որովհետեւ հյուրասիրելու բան էլ չկա»: Տիկին Սառան զգում է, թե ամենօրյա դժվարություններից, ծանր կյանքից ինչպես է իր բնավորությունը փոխվել. չարացել է, նյարդային է դարձել. «Ծնողդ գալիս ա, ոնց որ չուզենաս, որ գա, բայց չէ՞ որ ծնողդ քեզ մեծացրել, պահել ա: Շատ վատ եմ ինձ զգում, որովհետեւ ես 25 տարվա հարս եմ ու մինչեւ հիմա պապաս մեզ օգնում ա»,- ձայնի դողդողացող տոնայնությամբ շշնջում է տիկին Սառան, որ հանկարծ ամուսինն այդ խոսակցությունը չլսի, ու կրկին սրտնեղում է, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, տղայի նշանածը լքեց նրան. «Ախր ոչ մի պակասություն չի տեսել, տղաս ամեն ինչով իրան նայել ա: Մութ մնաց էլի, թե ինչի էդ աղջիկը տենց արեց, տղաս շատ նվիրված էր իրան: Երեւի պիտի լավ չլինես…»,- մի պահ բարկանալով փորձում է տղայի նշանած աղջկա վարքագիծը հասկանալ: Բայցեւ մտածում է, որ սիրող աղջիկն ընդունակ կլիներ իրենց տան պայմաններն ու դժվարությունները հաղթահարել: Տիկին Սառան թույլ չի տալիս, որ իրեն լուսանկարեմ, իսկ Մինասն ասում է՝ «Եթե մեր պաշտոնյաների համար նշանակություն ունի իրա երկրի քաղաքացին՝ թող արձագանքի մեր պրոբլեմներին: Ախր գոնե հաշմանդամության կարգ տան, էդ թոշակով էլ գոնե մի քիչ յոլա կգնանք: Ինձ ասում են՝ պիտի բուժվես, բայց մտնում ես հիվանդանոց, թե չէ՝ արդեն փողի բազար են անում: Պարտք անես, բուժվես, որ հետո ստացածդ թոշակով պարտքե՞րդ տաս»: Հեռանում եմ նրանց տանից՝ զարմանալով, թե որքան բաց ու անկեղծ են Մինասն ու Սառան, ովքեր անծանոթ մեկի հետ կիսվելով, գոնե ինչ-որ չափով մի պահ իրենց թեթեւացած կզգան: