Ուռոլոգ, Առողջապահության նախարարի խորհրդական Արմեն Մուրադյանը 34 տարեկան է եւ ամենաերիտասարդ հայ պրոֆեսորն է, որը 31 տարեկանից ղեկավարում է ուռոլոգիայի կլինիկան: Եվրոպական ուռոլոգիական ասոցիացիայի նախաձեռնությամբ այս տարի Հայաստանում սեպտեմբերի 29-30-ը, եւ հոկտեմբերի 4-7-ը Վրաստանում տեղի են ունեցել ուռոլոգիական հիվանդություններին նվիրված համաժողովներ: Ա. Մուրադյանը նոր է վերադարձել հարեւան երկրում տեղի ունեցած կոնգրեսից:
– Կոնգրեսում մեծ թվով եվրոպացիներ կային, եւ տեղի ունեցան ակտիվ բանավեճեր ու քննարկումներ: Ի պատիվ մեզ, պիտի ասեմ, ինչը նաեւ մեր վրացի կոլեգաների կարծիքն է, որ Երեւանում կոնգրեսն անցավ ավելի բովանդակալից, ակտիվ, քան Թբիլիսիում: Ճիշտ է, երիտասարդ սերունդը հայ բժշկագիտության մեջ ունի մեծ խնդիրներ, բայց նաեւ ունի լուրջ ձեռքբերումներ, համենայն դեպս, դա ակնհայտ էր Թբիլիսիում:
– Ուռոլոգիական հիվանդություններով ավելի հաճախ կանա՞յք են հիվանդանում, թե՞ տղամարդիկ։ Կարծիք կա, որ դա տղամարդկանց բնորոշ հիվանդություն է:
– Ուռոլոգիայում դիմողների 70-75 տոկոսը տղամարդիկ են, որը կապված է նրա հետ, որ տղամարդկանց միզային համակարգն ուղղակիորեն խաչվում է նրանց վերարտադրողական եւ սեռական առողջության հետ, եւ այն բավականին բարդ կառուցվածք ունի, ինչն անհամեմատ ավելի շատ հիվանդությունների ու ախտահարումների պատճառ է դառնում: Սա է պատճառը, որ տղամարդիկ 30 անգամ ավելի շատ են ուռոլոգներին դիմում: Միզային համակարգի ուռուցքներով ավելի հաճախ հիվանդանում են տղամարդիկ, ի նկատի ունեմ ստորին միզուղիները, շագանակագեղձի ուռուցքները, որոնք պաշտոնական տվյալներով հանրապետությունում երկու անգամ շատացել են:
– Ունե՞նք համապատասխան ծրագրեր:
– Ցավոք սրտի, չունենք, ի ուրախություն մեզ` ունենք կանանց նույնատիպ` նույն հորմոնալ փոփոխություններով ընթացող, անգամ նույն դեղամիջոցներով բուժվող, հիվանդությանն ուղղված բազմաթիվ կենտրոններ ու ծրագրեր, դա կրծքագեղծի քաղցկեղն է: Այստեղ բացթողում կա. դա տղամարդկանց առողջությունն է, որն անհամեմատ ավելի մեծ ուշադրության է արժանի, որովհետեւ տղամարդիկ ավելի քիչ են ապրում, ավելի շատ հիվանդանում են, ավելի թույլ են իրենց բոլոր ֆիզիոլոգիական ցուցանիշներով, նրանք ավելի դժվար են ադապտացվում: Եթե Դարվինի խոսքերով ասենք, այն էակները, որոնք ավելի լավ են ադապտացվում, նրանց երկարակեցությունն ավելի մեծ է: Այսինք` ոչ թե ուժեղն է ավելի շատ ապրում, այլ հարմարվողը, ադապտացվողը: Մաչոյի սինդրոմ կա, որի համաձայն, տղամարդիկ իրենց զգում են սեռական գանգեստերներ, ֆիզիկապես ուժեղներ, բայց իրականում շատ ընտանիքներում այդ խնդիրը կա: Մի խոսքով, տղամարդու առողջությունն առանձին, նոր գաղափար է, որը զարգացած երկրներում շատ մեծ ուշադրության է արժանանում, քաղաքակիրթ երկրներում դա հուզում է պետությանը: Մեզ մոտ արդեն փորձում ենք այդ պատնեշը հաղթահարել. երեք ակցիա է կազմակերպվել, երեք դեպքում էլ առաջին արյուն հանձնողը եղել է նախարարը, հետո արվեստի, մշակույթի նշանավոր գործիչները, որոնք փորձել են իրենց օրինակով խրախուսել տղամարդ ազգաբնակչությանը: Էպատաժային խնդիրներ կային, եւ այն վիճակագրական տվյալները, որ մենք ունենք, ցույց են տալիս, որ տղամարդկանց 75 տոկոսը բժշկի դիմում է կանանց դրդմամբ: Կարծում եմ, որ կնոջ դերը տղամարդու առողջության մեջ շատ մեծ է:
– Տղամարդկանց ո՞ր տարիքն է վերարտադրության համար առավել նպաստավոր` առողջ սերունդ ունենալու համար:
– Ֆիզոլոգիապես նրանք 16-17 տարեկանից կարող են վերարտադրվել, բայց խնդիրը նրանում է, թե նրանք ինչքան հասուն են հայր դառնալու համար: Ի դեպ, քաղաքակիրթ երկրներում, որտեղ ապագա ամուսինների միջեւ ամուսնական պայմանագիր է կնքվում, դրան անպայման կցվում են տղամարդու սպերմոգրամմայի տվյալները, որպեսզի հետագայում ծագող խնդիրները լուծվեն կիրթ տարբերակով: Ես սոցիոլոգ չեմ, որպեսզի ընտանեկան խնդիրներ քննարկեմ, բայց ամեն անգամ ցավում եմ, երբ տեսնում եմ ծննդատանը լքված երեխաներ: Անդրադառնամ առանձին դեպքի` մի կնոջ երիկամները հղիության ընթացքում բուժել էի, որը նորմալ երեւույթ է համարվում, հետո տեղեկացա, որ ամուսինը հիվանդանոցում է թողել այդ կնոջը երեխայի հետ միասին: Ես ամեն անգամ լուրջ հոգեկան ապրումներ եմ ունենում, ամեն անգամ փորձում եմ բացատրել, մանավանդ մարզերից եկած նոր ընտանիք կազմած ամուսիններին, որ կնոջ միզային կամ սեռական համակարգի հիվանդություններից պետք չէ դյուրագրգիռ վիճակում հայտնվել: Սա քաղաքակիրթ մոտեցում չէ, եւ, կարծում եմ, ժամանակի ընթացքում կգանք այն գաղափարին, որ մեզ մոտ էլ վերարտադրողական որոշ ցուցանիշներ ամուսնական պայմանագրի մեջ կընդգրկվեն:
– Սերունդ չունենալու պատճառով այսօր շատ ընտանիքներ են կազմալուծվում: Մեր մենթալիտետի համաձայն, այդ հարցում ավելի հաճախ տղամարդկանց շրջանցում են ու կանանց են մեղադրում:
– Բժշկագիտությունը ասեկոսեների վրա չի հենվում, այլ հենվում ու աշխատում է «պրոտոկոլներով», որոնց համաձայն, եթե ընտանիքում կա նման խնդիր, առաջինը հետազոտվում է տղամարդը: Մեզ մոտ նման զույգերն առաջինը դիմում են գինեկոլոգներին: Համապատասխան մտածելակերպ ունեցող գինեկոլոգն առաջին հերթին տղամարդուն կուղարկի ուռոլոգի մոտ: Տղաների կյանքի առաջին տարվա մեջ պետք է շտկել այդ առողջական խնդիրները:
– Տարածված կարծիք կա, որ տակդիրները խոչընդոտում են տղա երեխաների սեռական օրգանների բնականոն աճը:
– Ես շատ սկեպտիկորեն եմ վերաբերվում դրան: Իսկ հարց է առաջանում, նախկինում, երբ տակաշոր էին դնում, որը ժամերով թաց մնում էր երեխայի վրա, նույն ջերմությունը չէ՞ր հաղորդում նրան: Ես կարծում եմ, որ դա մանկաբույժների եւ մանկական ուռոլոգների քննարկման խնդիրն է, եւ լոբբինգը լինելու է այն ընկերության կողմից, որն արտադրում է տակդիրները: Իմ անձնական կարծիքով, տակդիրները պետք է օգտագործել, որպեսզի մայրերի անքուն գիշերները պակասեն, եւ ընտանիքների անդորրն ու ուրախությունը ավելանա: Դրանք ժողովրդական ասեկոսեներ են, ծնողներն ավելի լավ է հետեւեն իրենց տղաների ճիշտ սեռական կուլտուրային: Իհարկե, կոչ չեմ անում այնպիսի սեքսուալ հեղափոխություն կատարել, ինչպիսին Ռուսաստանում է, որտեղ 13-14 տարեկանից հետո մեծամասնությունն այլասերված է: Ես կարծում եմ, որ հայկական ընտանիքը շատ ամուր է եւ օրինակելի` շատ երկրների համար: Եթե այսօր մենք հպարտանալու բան ունենք, չեմ կարծում, որ դա մեր բնությունն է, ճարտարապետությունը, բժշկությունը կամ երաժշտությունն ու Մասիս սարն է, որը մերը չէ, այլ մեր ընտանիքն է, որտեղ զարգացած է երեխայի «կուլտը», նաեւ ծնող հարգելու եւ սիրելու պաշտամունքը: Սեռական դաստիարակությունը պետք է պատշաճ կազմակերպել երեխաների մոտ, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են բերել վերարտադրողական համակարգի ախտահարման կամ ամլության, ամբողջ կյանքում սեռական անբավարարության: Սրանք խնդիրներ են, որոնց ակունքները մանկական տարիքում պետք է փնտրել:
– Տղամարդկանց իմպոտենցիան լո՞ւրջ խնդիր է մեր հասարակությունում:
– Համարյա բոլոր երկրներում դա խնդիր է, դրա մասին որպես օրենք չեն խոսում` նույն մաչոյի սինդրոմից ելնելով, քանի որ բոլորը գանգստեր ու սեքսի գիգանտներ են երեւակայում: Բայց, ցավոք սրտի, 35 տարեկանից հետո սկսում է այս պրոբլեմը:
– Ո՞ր հիվանդությունների դեպքում է այն գլուխ բարձրացնում:
– Իմպոտենցիան ավելի կոռեկտ է անվանել էրեկտիվ դիսֆունկցիա, այն ի հայտ է գալիս շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդությունների, նաեւ ծխելու, խմիչքի, տարբեր տեսակ դեղամիջոցներ (ես սկզբունքորեն դեմ եմ դեղորայքի գովազդին) օգտագործելու պատճառով: