Մասնագետների գնահատմամբ, Երեւանում կուտակվում է մեր երկրի կենցաղային աղբի շուրջ 60-70 տոկոսը: Երեւան քաղաքում մեկ շնչի հաշվով գոյացող սպառման կոշտ թափոնների (ՍԿԹ) քանակի ցուցանիշը շուրջ 50 տոկոսով գերազանցում է Հայաստանի միջին ցուցանիշը, ինչը, մասնագետների դիտարկմամբ, վկայում է մայրաքաղաքի եւ հանրապետության մյուս տարածաշրջանների բնակչության բարեկեցության մակարդակների տարբերության մասին: Միեւնույն ժամանակ, Երեւան քաղաքում մեկ շնչի հաշվով գոյացող ՍԿԹ-ի քանակի ցուցանիշը, որը տարեկան կազմում է 230կգ, համեմատած եվրոպական երկրների նույն ցուցանիշի հետ, «համեստ» ցուցանիշ է, եւ, ըստ մասնագետների, ավելացման միտում կունենա, որը պայմանավորված կլինի բնակչության սպասվող բարեկեցության աճով: Սակայն մենք աղբահանության բնագավառում եւ մեր շրջապատը մաքուր պահելու հարցում եվրոպացիների հետ համեմատվելու քիչ բան ունենք, չնայած մեր կողմից պատեհ-անպատեհ ցուցաբերվող եվրոպական մեծ հավակնություններին: Օրինակ, հայերի մաքրասիրության մասին հայտնի պատկերացումներն իրենց բնակարանի, տան շքամուտքից այն կողմ չեն անցնում: Ազգային կենցաղավարության կանոնների համաձայն, հայերը շրջապատը կեղտոտելու, իրենց տան «զիբիլը» փողոց նետելու մեծ վարպետներ են: Վերջերս Լիբանանից Հայաստան ժամանած ծանոթներիցս մեկը, տեսնելով Երեւանի կենտրոնական փողոցների աղբակույտերի առատությունը, պարզապես զարմացել էր եւ ասում էր, թե Երեւանը աղբի բնագավառում վերելք է ապրում: Աղբահանության բնագավառում թիվ մեկ խնդիրն այսօր թափոնների հեռացման դիմաց վարձավճարների ցածր չափն ու բնակչությունից այդ վարձերի հավաքագրման ցածր մակարդակն է, դրա համար հանրային ծառայությունների այս ոլորտն` ի տարբերություն էներգետիկ, կապի, ջրահեռացման եւ ջրամատակարարման ոլորտների, համարվում է ոչ շահութաբեր: «Եթե այս բնագավառն էլ օտարները տնօրինեն ու աղբի վարձերը բարձրացնեն, մարդիկ կսկսեն պարտաճանաչ վճարել: Լավ ապրողները շատ վատ են վճարում: Նրանք աղտոտում են, աղքատները վճարում»,- ասում է ավագանու անդամ մի տիկին, որը վճարների հավաքագրման «պրոցեսը» համարում է ձանձրալի եւ աշխատատար: «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ի (այս ընկերությունը, մեկ տարուց ավելի է, շահագործում է Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, նաեւ զբաղվում է Էրեբունի համայնքի աղբահանության, փողոցների սանմաքրման աշխատանքներով) գլխավոր ինժեներ Տիգրան Բեջանյանի հավաստմամբ, 2006-ի երեք եռամսյակների կտրվածքով, Էրեբունի համայնքում աղբահավաքության դիմաց վարձավճարների հավաքագրումը կազմում է ընդամենը 15 տոկոս: «Բնակիչների չվճարելու դեպքում էլ արտադրված աղբը հեռացվում ու տեղափոխվում է: Այն համայնքները, որտեղ բազմաբնակարան շենքերը շատ են, վարձավճարների հավաքագրելիությունը բարձր է, իսկ այն համայնքներում, որտեղ սեփական տներն են շատ, ընդհանրապես վճարներ չեն արվում: Վճարները չեն փակում անգամ մեքենաների ծախսած վառելիքի արժեքը: Դրա համար մենք վնասով ենք աշխատում»,- նշում է ընկերության գլխավոր ինժեները: Մեր տեղեկություններով, Երեւանի 12 համայնքների տարածքում առկա են 52.000 մասնավոր տնատիրություններ, որտեղ առ այսօր գործում է աղբահանման շրջիկ մեքենաների տարբերակը կամ, այպես կոչված, «զանգային» եղանակը: Հետազոտությունների համաձայն, մեկ մասնավոր տնատիրությունում գոյացող թափոնների քանակն ավելի մեծ է, քան բազմաբնակարան շենքի մեկ բնակարանինը, սական երկու դեպքում էլ կիրառվում է աղբահանման վճարի միեւնույն սակագինը: Ավելին, մասնավոր տնատիրություններում աղբահանման համար վճարում են շատ վատ ու քիչ, քան բազմաբնակարան շենքերում: Պատճառներից մեկը բնակիչների եւ թափոնների հեռացմամբ զբաղվող կազմակերպությունների միջեւ պայմանագրերի բացակայությունն է, նաեւ ոլորտի իրավական այն մեծ թերությունը, որի համաձայն` տվյալ կազմակերպությունները չունեն բնակիչներից վճարները դատական կարգով ստանալու հնարավորություն: Ներկայումս Երեւան քաղաքի համայնքներում գործող աղբահանության սակագները տատանվում են 80-150 դրամի սահմաններում, որի չափը յուրաքանչյուր համայնք ինքն է սահմանում:
Երեւանի քաղաքապետարանի Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի խոսքերով, արտադրական եւ կոշտ թափոնների ասպարեզում ներկայումս գոյություն ունի քաղաքապետի կողմից հաստատված ծրագիր, որը կյանքի կոչելու համար առաջնահերթ պետք է իրականացնել օրենսդրական փոփոխություններ` համապատասխան հանձնաժողովի ստեղծմամբ: Ծրագիրը պահանջում է շուրջ 20 մլն դոլարի ներդրում: «Օրենսդրական փոփոխություններից հետո կհայտարարվի մրցույթ, եւ շահած կազմակերպությունը կիրագործի ծրագիրը: Ծրագիրը ենթադրում է կոնտեյներային պարկի թարմացում (կտեղադրվեն 6000 կոնտեյներներ), աղբ տեղափոխող մեքենաների արդիականացում, աղբի տեսակավորում, քաղաքային աղբավայրում աղբի տեսակավորման գործարանի կառուցում: Ծրագիրը լավն է, եւ դրա իրագործմամբ Երեւանում կկարգավորվի աղբահանության վիճակը»,- հավաստիացնում է Ֆ. Բասենցյանը՝ կարեւորելով ծրագրի գաղափարն ու շարունակականությունը: Փաստորեն, նախագծի «մեխը» թափոնների տեսակավորված կուտակման համակարգի ներդրումն է, իսկ միջազգային փորձը վկայում է, որ այն ներդնելու համար առաջին կարեւոր քայլը բնակչության համապատասխան մտածելակերպի ձեւավորումն է, որը պահանջում է թանկարժեք սոցիալական գովազդներ: Թե որքանո՞վ մեր բնակչությունը կարձագանքի այդ թանկարժեք նախագծին, միայն ժամանակը ցույց կտա: