Ի՞նչ պետք է անի սփյուռքը եւ չի անում

12/10/2006 Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

1. Հարցադրումը

Անկախ պետության կազմավորմամբ հայ ազգի ողջ ազգային-պետական կառուցվածքը պետք է վերանայվի բովանդակային եւ վերաբաշխման տեսանկյունից: Ինչո՞ւ: Չէ՞ որ վերջապես ժողովրդի ԿԱՄՔԸ՝ ի դեմս Հայաստանի, ազատվել է մի պետության դիկտատից, ասել է թե՝ չկա ձուլման կամ դեգրադացիայի ենթարկվելու ոչ մի, նույնիսկ աննշան վտանգ: Այն սփյուռքը, որը կազմավորվել էր 20-րդ դարի սկզբին եւ ավելացել հայերի նոր մեծաքանակ խմբերով ԽՍՀՄ-ի փլուզումից եւ Հայաստանի անկախացումից հետո, բովանդակային եւ կառուցվածքային առումով իր մեջ կրում է վերջին դարերի գլխավոր սկզբունքը՝ հայոց ազգի՝ որպես միասնական ընդհանրության, պահպանումը: Այստեղից էլ սփյուռքի բոլոր ազգային ինստիտուտները՝ բարեգործական, մարդասիրական, կրթական, սպորտային, երիտասարդական եւն կազմակերպությունները, հենց այդպիսի բնույթ ունեն՝ ինքնապահպանական: Սակայն որքանո՞վ է դա այսօր արդարացված, եթե Հայաստանին եւ հայ ազգին օգտակար եւ անհրաժեշտ է զարգանալ: Ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է արվի, որ սփյուռքում ազգային կյանքն արդյունավետ լինի ինչպես ինտելեկտուալ, մշակութային, այնպես էլ ֆինանսատնտեսական եւ, իհարկե, քաղաքական տեսանկյունից: Եվ սա պետք է շահավետ լինի ինչպես յուրաքանչյուր առանձին հայի, այնպես էլ ողջ համայնքի համար: Ի՞նչ կցանկանար տեսնել զարգացած Հայաստանը սփյուռքում, եւ ի՞նչ պետք է սփյուռքը սպասի իր մայր երկրից: Այս մասին է իմ հոդվածը:

2.Երկու խոսք Հայաստանի մասին

Այսօր միանգամայն այլ իրավիճակ է ինչպես ազգի, այնպես էլ Հայաստանի համար: Այսօր Հայաստանի քաղաքացիները լուծում են ինչպես Ղարաբաղի, այնպես էլ բացարձակ կոռումպացված եւ անարդար իշխանական ապարատի ներսում արդար հասարակություն կառուցելու հարցերը: Մյուս կողմից՝ Հայաստանին ոչ այնքան հարկավոր են սփյուռքից եկող գումարները, որոնք վատ են վերահսկվում, որքան սփյուռքահայերի ինտելեկտուալ օգնությունը: Հատկապես պետք են իրավաբանական, ֆինանսական, մենեջերական կադրեր: Հատկապես կուզեինք նշել, որ հարկավոր են միջազգային աշխատանքի փորձ ունեցող լրագրողներ այնպիսի երկրներում, որոնք նման են Հայաստանին: Նրանց փորձը, ազնվությունն ու քաջությունը պետք է բացահայտեն Հայաստանի պետական ապարատի ներսում հանգուցային թերությունները եւ ցույց տան դրանք ինչպես սփյուռքին, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներին: Նրանք պետք է աշխատեն անկախ իրավաբանների եւ ֆինանսիստների հետ: Հերիք է գալ եւ կարոտախտով գովաբանել հայրենիքը, կամ էլ հայհոյել ու հիասթափվել…

3.Երկու բանաձեւ

1.Հայոց ազգի պետական մտածելակերպի ամենակարեւոր թերություններից մեկը, որն իրականացնում է յուրաքանչյուր իշխանություն դարեր շարունակ եւ որն առաջին հերթին կործանում էր պետությունը, այն է, որ պետության հիմքում ընկած չեն մարդու կյանքի անվտանգությունն ու նրա հնարավորությունները (ազատությունը): ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՐԴԸ ՄԻՇՏ ԷԼ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼ: Մենք մեր մտածելակերպը պետք է դուրս բերենք կյանքի ընկալման հենց այդ ուղի, հենց այդ դիրքերից: Ցանկացած այլ դեպքում տեղի կունենա իշխանության եւ մարդու դեֆորմացիա, իսկ արդարությունը ոտքի տակ կնետվի անպետք ու ջարդված խաղալիքի նման:

2.Երբեք ոչ մի բան չի կարելի ուղղել փոխհարաբերությունների ազգային էթնո-պետական կառուցվածքի մեջ, իսկ այդ համակարգը հասկանալով՝ ճիշտ, բովանդակային մեկնաբանություն տալ: Հիշեցնում եմ, որ հենց էթնո-պետական կառուցվածքն է ազգային մտածողության հիմքը եւ պետության ու նրա օրենքների նյութական ձեւը: Սակայն այդ օրենքը ճշմարիտ է Հայաստանում, բայց ոչ սփյուռքում:

4.Ինչի՞ց չի կարող խուսափել սփյուռքը նոր պայմաններում

Սկսեմ ամենացավոտ կառույցներից՝ դպրոցից, մշակութային կենտրոններից եւ քաղաքական կուսակցություններից: Դպրոցները հեռանկար չեն կարող ունենալ այն երկրներում, որտեղ կրթության մակարդակը շատ բարձր է, քանի որ կենսամակարդակի բարելավման հետ համայնքում ամեն մեկը ձգտելու է առավելագույնս ինտեգրվել տվյալ երկրում, պետության մեջ: Մյուս կողմից՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ամեն տեղ էլ պետք են, այդ թվում եւ` Հայաստանում, որը մոտ ապագայում դրանց սուր պահանջարկ կունենա: Դպրոցները կմնան այն երկրներում, որտեղ կրթության մակարդակը համեմատաբար ավելի ցածր է, քան հայկական դպրոցներում, կամ էլ ոչ քրիստոնյա երկրներում: Կրթության եւ զարգացածության ցածր մակարդակ ունեցող երկրները կարող են պատրաստել բարձր որակավորման արհեստավորներ:

Չափազանց դժվար կլինի պահել մշակութային կենտրոններն այն վիճակում, ինչպիսին դրանք կան սփյուռքում: Մի կողմից՝ դժվար է ասել՝ քանի տարի կդիմանան ֆոլկլորային, սիրողական կոլեկտիվները սփյուռքում: Մյուս կողմից՝ պրոֆեսիոնալ արվեստը զարգացած երկրներում արթ- եւ շոու- բիզնեսի չափազանց հզոր կառույց ունեն, հսկայական բյուջեով, որը մի քանի հարյուր անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն: Խոսքն ԱՄՆ-ի, Անգլիայի կամ Կանադայի եւ Ավստրալիայի նման երկրների մասին չէ… Այնտեղ այլ թվեր են: Դրանք այնպիսի երկրներ են, ինչպես, ասենք, Շվեյցարիան, Բրազիլիան կամ Արգենտինան: Հայկական մշակութային կենտրոնին շատ դժվար կլինի մրցակցել այն տեսքով, ինչպիսին այն հիմա գոյություն ունի: Քանի որ պատվիրատուն՝ հայ համայնքը, կարող է պատվիրել եւ հյուրախաղերի տանել ավելի պրոֆեսիոնալ կոլեկտիվների Հայաստանից, եւ դա նրա վրա մի քանի անգամ ավելի էժան կնստի, քան նման կոլեկտիվ իր երկրում ունենալը: Առավել եւս, որ նրանք դժվար թե կարողանան մրցակցել Հայաստանից ժամանած պրոֆեսիոնալ կոլեկտիվների հետ: Աքսիոմ է, որ ժողովրդական ստեղծագործությունը, ֆոլկլորը ծնվում են միմիայն հայրենի հողի վրա:

Ուրեմն հարց է ծագում.«Մի՞թե սփյուռքին հարկավոր չեն մշակութային կենտրոններ»: Պատասխանում եմ.«Պե՛տք են»: Նրանք պետք է նպաստեն հայ մշակույթի ներթափանցմանը այն երկրների եւ տարածաշրջանների շուկաներ, որտեղ մեծ կամ փոքր համայնք, մշակութային կենտրոն կա: Դա ձեռնտու կլինի եւ այն հայ նկարիչներին, երաժիշտներին, եւն, որոնք ապրում են տվյալ երկրում եւ ցանկանում են հաջողության հասնել: Սա նշանակում է, որ հայկական մշակութային կենտրոնները պետք է ներգրավվեն տվյալ երկրի արթ- եւ շոու-բիզնեսի մեջ ու դուրս գան միջազգային մակարդակ: Հայկական արվե՞ստ: Ցավոք, այն՝ ԻԲՐեւ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹ, ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ՉԷ (այս մասին դառնությամբ գրում եւ խոսում էին հայ մշակույթի շատ ու շատ հայտնի գործիչներ, օրինակ՝ Արշիլ Գորկին), եւ այդ պատճառով պետք է այդ խնդրով լրջորեն զբաղվել: Դա հսկա բիզնես-նախագիծ է, դա իրական ուղի է, որը կարող է ճանապարհ հարթել մշակույթի համար՝ իբրեւ ամբողջական երեւույթի, նրա երեւելի ու հայտնի անունների, նաեւ` տաղանդավոր երրտասարդների համար: Սա բնական ճանապարհ է, որը դեռ ոչ ոքի կողմից զբաղեցված չէ, եւ երիտասարդ գործարարները սա պետք է հասկանան: Այդպես է լինելու նաեւ կինոարվեստի հետ: Հոլիվուդում պետք է ստեղծվի հայկական կինոկենտրոն, որը միջնորդ կդառնա ամերիկյան ստուդիաների, ռեժիսորների, սցենարիստների, կինովարձույթի եւ հայ կինոգործիչների ու նրանց կինոնախագծերի միջեւ: Հնարավոր է՝ այդ նախագիծն ավելի լայնամասշտաբ պետք է լինի՝ եւ՛ ռուսների, եւ՛ վրացիների, նույնիսկ իրանցիների ու լիբանանցիների համար… Այսպիսին պետք է եւ կարող են լինել գեղանկարչական, քանդակի, ոսկեգործության կամ թատերական նախագծերը: Սա մեր առաքելությունն է…

Երբ երկրում քաղաքական ճգնաժամ է (որը հաճախ ուղեկցվում է կառավարման բռնակալական մեթոդներով` Հիտլեր, Ֆրանկո, Ստալին կամ խորհրդային կարգեր, Պինոչետ, Կաստրո), սփյուռքում են հայտնվում մարդիկ, որոնք դուրս են նետված սեփական երկրից, եւ նրանք միավորվում են կուսակցությունների մեջ կամ պահպանում կուսակցական պատկանելությունը: Այսպես է եղել հայերի մեջ, երբ փլուզվեց Առաջին Հանրապետությունը եւ սկսվեց խորհրդայնացումը: Ազգային կուսակցությունները, հայտնվելով սեփական երկրից դուրս, ազգապահպանության խնդիր ունեին, եւ նրանք դա անում էին այնքանով, որքանով թույլ էին տալիս տվյալ երկրի մշակութային, ֆինանսական եւն պայմանները:

Այսօր, երբ Հայաստանն իր քաղաքական կյանքի մեջ է ընդունել այդ կուսակցություններին, հասկանալի է, որ սփյուռքում նրանց դերն ավարտված է: Այդպես է եղել Իսպանիայում Ֆրանկոյից հետո, Գերմանիայում` Հիտլերից հետո: Նրանք իրենց բոլոր քաղաքական ծրագրերը կամ պարտավորությունները պետք է դնեն եւ լուծեն հենց Հայաստանում:

Բնականաբար, ճշգրտվում-վերափոխվում են նաեւ բարեգործական, սպորտային, երիտասարդական, պրոֆեսիոնալ կազմակերպությունները: Հայաստանի համար հատկապես հետաքրքիր են վերջիններս, նրանք կարող են նորը, առաջատարը, լավագույնը բերել Հայաստան:

5.Սփյուռք գումարած Հայաստան` հավասար է համատեղ կյանք

Ինչպես ՍՓՅՈՒՌՔԸ, այնպես էլ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՈՒԿԱ են: Եթե նրանք սկսեն նորմալ համագործակցել, դա օգուտ կբերի երկուսին էլ: Մի բան, որ չկա եւ մոտ ապագայում չի էլ երեւում: Իսկ եթե ոչ, ապա տեղի կունենա առճակատում, որը գոյություն ունի սփյուռքի եւ մայր երկրի իրական ուժերի միջեւ:

Շատ նախագծեր` կապված սփյուռքի հետ, սին են եւ անօգուտ: Որոշ նախագծեր չափազանց հարկավոր են, սակայն դրանք ձեւական բնույթ են կրում: Վերցնենք ամենախոշոր հիմնադրամը` «Լինս»-ը. եթե այդ ծրագիրը բխեր Քըրք Քըրքորյանի անձնական շահերից, նա ավելի մանրամասն եւ խիստ կհետեւեր ինչպես կատարման որակին, այնպես էլ գումարները ճիշտ ծախսելուն: Այդ ծրագրի ոչ բավարար արդյունավետությունը ներկայիս պայմաններում ակնհայտ է: Ավելին, այդ ծրագիրը ծառայում է կոռումպացված իշխանությանը: Երկրի քաղաքացիներն իրար ասում են. «Էդ էլ քեզ ամերիկացիները, նույնիսկ նրանք չեն կարողանում սեփական փողերը ճիշտ ծախսել Հայաստանում»: Երկրում, որտեղ իշխանության մեխանիզմում բացակայում է արդարությունը, այսպիսի հետեւությունը սարսափելի է: Կամ ուրիշ օրինակ: Ես ասել եմ եւ կպնդեմ, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» նախագիծը մեծ չարիք է պրոֆեսիոնալ արվեստի համար, ես դրան բացարձակ դեմ եմ: Ես հստակ գիտեմ, որ դրան դեմ են Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի` արվեստի ինձ ծանոթ ամենահայտնի գործիչները: Նրանց մի մասը խոսել է այդ առթիվ, սակայն նրանք, ովքեր այդ նախագծում գտել են հարստանալու աղբյուր, ամեն ինչ կանեն, որ այն չփակվի: Զարմանալի է, որ նախագահը միշտ պաշտպանում է այն ուժերին, որոնք կառուցողական չեն, այսինքն` նրանց, ովքեր ճշմարիտ արվեստ չեն ներկայացնում: Սակայն նախագահները գալիս են եւ գնում, իսկ նրանց հետագա հեղինակությունը կախված չէ իշխանության կառույցների վրա նրանց ազդեցությունից, այն ձեւավորվելու է այն մշակույթի նրանց ընկալումից, որը հիմա անուշադրության է մատնված: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» նախագծի ամենամեծ վնասն այն է, որ նա գավառական է դարձնում ազգի գեղարվեստական մտածողությունը:

Այնպիսի կարեւորագույն խնդիրներ, ինչպես Հայաստանի (նաեւ Արցախի) անվտանգությունը, ցեղասպանության ճանաչումը, Հայաստանում տարածաշրջանի համար մեծ միջնորդական շուկա ստեղծելը, այնպիսի ձեռնարկություններ ստեղծելը, որոնք կամրապնդեն ինչպես երկրի կենսամակարդակը, այնպես էլ Հայաստանի տեղն աշխարհում, պետք է եւ կարող են լուծվել սփյուռքի հետ համատեղ:

Ապագան նոր կառույցներ ստեղծելն է ինչպես Հայաստանում (Սփյուռքի նախարարություն, Տեղեկատվական գործակալություն եւն), այնպես էլ սփյուռքում, ինչի մասին արդեն խոսել եմ:

Սփյուռքը, այսինքն` հայերը, պետք է լավ ինտեգրվեն այն երկրներում, որտեղ գտնվում են: Հենց սա է ամենակարեւորը յուրաքանչյուր հայի համար, սա շատ օգտակար է հայ ժողովրդին, եւ սա Հայաստանի անվտանգությունն է: Սակայն դա տեղի չի ունենում: Հենց սփյուռքն է, որ օպտիմալ լուծումներ չի գտել, թե ինչպես վարվի Հայաստանի հետ: Սփյուռքը քիչ ինտելեկտուալ է պետականություն կառուցելու տեսանկյունից, մենք հիշում ենք, թե ինչ անարդյունավետ եւ ապաշնորհ խորհրդականներ էր սփյուռքը (ֆրանսահայ եւ ամերիկահայ) ուղարկում Հայաստան: Կամ թե ինչպես են կազմվում «20-20» ծրագրերը, կամ ինչպես է գործում «Ռուսաստանի հայերի միությունը»:

Այո, սփյուռքը կամ ժխտում է այսօրվա իշխանությունը եւ երկրի նման զարգացումը, կամ էլ հարմարվելով կամ չկամությամբ սիրաշահում է նրան: Չկա բաց, մտածված վերլուծություն երկրի եւ սփյուռքի լավագույն ուժերի եւ ղեկավարության հետ համատեղ: Իսկ եթե անգամ նման խորհրդակցություններ կամ հանդիպումներ տեղի են ունենում, ապա հանդես են գալիս նույն դեմքերը՝ նույն ամբիցիաներով ու կարգախոսներով: Մեզ մոտ ազգային միտքն ու ժողովրդի ֆինանսները ոչ մի կերպ չեն կարողանում հանդիպել: Օրինակ՝ հրեաների մեջ դա տեղի է ունեցել 19-րդ դարի վերջին: Մենք չենք սիրում մեր երկիրը: Այս երկիրը՝ իր դժվարին պատմությամբ, խնդիրներով եւ ոգու բարձր դրսեւորումներով, պատկանում է ամբողջ ժողովրդին եւ մեզանից յուրաքանչյուրին առանձին վերցրած: Եվ առանձին վերցրած յուրաքանչյուր հայ ու բոլորս միասին պետք է լուծում գտնենք: Ոչ ոք իրավունք չունի սեփականաշնորհելու հայրենիքի նկատմամբ սերը կամ երկրի զարգացման սեփական ուղու ճշմարիտ լինելը, երկրի, որը գլորվում է դեպի անդունդը:

Եվ ամենակարեւորը. Ինտերնետի տեղեկատվական հնարավորությունները համագործակցությունը դարձնում են շատ ազատ եւ արդյունավետ: Եվ այստեղ անհրաժեշտ է ավանդական շատ կապեր վերանայել ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում, ինչից էլ ես ելնում էի:

6.Ի՞նչն է պակասում Սփյուռքի եւ Հայաստանի փոխհարաբերություններում: ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ:

Եվ ի՞նչ է հարկավոր, որպեսզի հաջողությունը գա: Երկու բաղադրիչ՝ 1.Հայրենիքի նկատմամբ իսկական սեր, 2.Հանգիստ, ռացիոնալ, հավասարակշռված հայացք այն խնդիրների նկատմամբ, որոնք պետք է մենք բոլորս միասին լուծենք՝ ի բարօրություն մարդու, ազգի եւ Հայաստանի Հանրապետության:

Հենց սա էլ կլինի ազգի կյանքում բոլորովին նոր դարաշրջան: