Ամեն ինչ ներսից է սկսվում

12/10/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հոկտեմբերյան եվրոպական ցրտից տաք Երեւան ժամանած հյուրերը քայլում են քաղաքի փողոցներով, նստում սրճարաններում, շփվում միմյանց ու երեւանցիների հետ եւ իրենց ներկայացումներով փորձում արձագանք գտնել հանդիսատեսի սրտում: Շատերն են ուրախանում, որ դահլիճում հիմնականում երիտասարդների են տեսնում: «Մեզ մոտ երիտասարդները թատրոն չեն գնում, հիմնական հանդիսատեսը միջին տարիքի է»,- ասում էին բրիտանացի դերասանները: Իսկ իսպանացի դերասանը ցանկանում էր թատրոն ընտանիքներով եկած մարդկանց տեսնել, քանի որ երեխաները ամենաշնորհակալ հանդիսատեսն են: Ի դեպ, այս տարվա փառատոնում մեծ տեղ էր հատկացված հենց մանկական ու փողոցային ներկայացումներին, որոնք փորձարկումների լայն դաշտի էին նման: Ծիծաղ կորզող, պարզ, ուրախ ու թեթեւ թատերական արարողություն էին առաջարկում բրիտանական «Չիպոլատոս» թատերախումբն ու իտալական «Սայլենս» թատրոնը, որոնք «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ խաղում էին իրենց երաժշտական ծաղրածու-շոուն ու կենդանի կավամարմին արձաններին խառնում մարդկանց ամբոխին: Բացօթյա, փողոցային թատրոնների համար ամենակարեւորն անցորդների անմիջական ռեակցիան է, նրանց մի պահ կանգ առնելու ու բեմադրության մասնակիցը դառնալու ցանկությունը: Հենց այսպես` կաթիլ առ կաթիլ հավաքվում են մարդկանց ժպիտներն ու մտքերը: Գուցե սկզբում` մի քիչ տարակուսած ու ներողամիտ, բայց ամեն դեպքում` գոհ: Բացօթյա ներկայացումների ավանդույթները մեր թատրոնում էլ են եղել, գուցե եկել է դրանք վերականգնելու պահը: Ինչպես նաեւ մանկական ներկայացումները իսկապես մանուկների ընկալման համար հարմար դարձնելու ժամանակը: Հայաստանում որպես կանոն մանկական ներկայացումներն Ամանորյա օրերի համար են բեմադրվում եւ հաճախ իրենց բարդ տեքստերի ու դրամատիկ խաղաոճի պատճառով նախադպրոցականների համար հասկանալի չեն: Իսկ «Հայֆեստի» ընթացքում ցուցադրված դանիական «Պատրասկետ» թատրոնի «Սպիտակաձյունիկը» մանկական ներկայացման շատ վառ օրինակ էր, որտեղ հյուսված էին մնջախաղն ու կոմեդիան, դիմախաղն ու դիմակները, իսկ տեքստը` հասցված էր նվազագույնի: Իտալական «Ինվիտո» թատրոնի «Հենզելն ու Գրետելը» հասցեագրված էր երեխաներին, ու պատմում էր բոլորին ծանոթ հեքիաթը հենց մանուկների համար ընկալելի արտահայտչամիջոցներով` երաժշտության ուղեկցությամբ ու տարբեր կենցաղային իրերի օգտագործմամբ:

Փառատոնի ընթացքում ներկայացումները շատ խիտ գրաֆիկով էին ցուցադրվում եւ գրեթե ամեն մի բեմահարթակ տրամադրված է բազմալեզու ու բազմաժանր բեմական էքսպերիմենտներին: Թատրոնն այսօր պարզության ու տեխնիկական վարպետության է ձգտում: Շատ թատերախմբեր ներկայացել էին պլաստիկ, պարային ներկայացումներով, ժեստերի, «մատների» կամ «մատների ու իրերի» բեմադրություններով: Վրացական «Մատների» թատրոնը ներկայացրեց իր երաժշտական «Պատը», որտեղ զգեստներ հագած ձեռքերն ի զորու էին մարդկանց միջեւ պատ կառուցել, պատ քանդել, սիրել ու սավառնել: Ներկայացումը Փինք Ֆլոյդի հայտնի «Պատի» մոտիվներով էր արված:

Մատների ու իրերի խաղ

Բարսելոնացի դերասան Նիկո Բայքսասը ցուցադրեց իր «Լա Գուինդա» մոնոներկայացումը, տարբեր պատմություններ խաղաց իր մատներով, ձեռքերով ու ոտքով, օգտագործեց լոլիկը, բանանն ու կաղամբը, ցուցադրեց մատների ագրեսիան, քնքշանքն ու սեթեւեթանքը: «Լա գուինդան» փոքրիկ կարմիր բալի հատիկն է, որը սովորաբար տեղադրվում է կոկտեյլների բուրգի վերեւում եւ խորհրդանշում է վերջին ու ազդեցիկ հպումը, որը մարդը կատարում է` կոկտեյլին ավարտուն ու գեղեցիկ տեսք տալու համար: Իսպանացի դերասանի մոնոշոուն «Հայֆեստի» ամենատպավորիչ ներկայացումներից էր, ֆանտազիայով լի ու կատարված մեծ վարպետությամբ: Մատները շատ նրբանկատ, փափուկ ու ագրեսիվ կարող են լինել: Մատները կարող են տանգո պարել, մերկանալ ինչպես ստրիպտիզի պարուհին, կարող են քաղց զգալ, կռվել ու սպանել, սեքսով զբաղվել: Նիկո Բայքսասն իր ներկայացումը սյուրռեալիստական է համարում…

– Իմ ներկայացումը կարելի է մի քիչ տարօրինակ համարել, քանի որ ես ամեն ինչ մատների շարժումով եմ ուզում ցուցադրել: Կոմեդիան ու դրաման խառնելով, ես նոր իրականություն եմ ուզում ստեղծել, որն, իհարկե, մոտ է սյուրռեալիզմին: Մատներն ահռելի ուժ ունեն, նրանք կարող են հպվել, խեղդել, սպանել, կարող են անտանելի կեղտի մեջ սուզվել կամ ընդհակառակը` միշտ ձգտել մաքուր լինել: Այս ամենը ես ուզում եմ խաղալ իմ ներկայացման մեջ: Դա շատ նման է այն խաղին, որը երեխան է խաղում: Նկատել եք, երեւի, որ երեխաներն անընդհատ խաղում են իրենց մատներով: Եվ ոչ միայն խաղում են, այլեւ մեծահասակներին ինֆորմացիա են փոխանցում: Եթե նայես երեխաների այդ «բեմադրություններին»՝ կտեսնես, թե դրանք որքան ծիծաղելի ու սյուրռեալիստական են:

– Կարելի՞ է ասել, որ թատրոնը փոքր-ինչ հոգնել է բառերից ու ավելի ունիվերսալ լեզվի է ձգտում:

– Մարդու ձեռքերն ունիվերսալ գործիք են, քանի որ շարժումը թարգմանության կարիք չունի: Եվ հետո՝ մարդիկ խոսել են միմյանց հետ ձեռքերի օգնությամբ, եւ մատների լեզուն առաջին լեզուն է եղել աշխարհի երեսին: Շատերը համարում են, որ լեզուն միայն բառերն են, բայց դա այդպես չէ: Այն ներկայացումը, որը ես Հայաստանում խաղացի, ծնվել էր իմ տատիկի ու պապիկի շնորհիվ, որոնք զրկված են եղել խոսելու ունակությունից, նրանք խուլ էին ու միայն ձեռքերով էին շփվում աշխարհի հետ: Այդ իմաստով նրանք երջանիկ էին, քանի որ կարող էին խոսել բոլոր ազգերի հետ եւ իրենց թարգմանիչ պետք չէր: Խուլերի լեզվին ես էլ եմ տիրապետում, եւ դա ինձ շատ է օգնում իմ աշխատանքի մեջ, քանի որ դա հիանալի վարժանք է:

– Դուք միայն մոնոներկայացումնե՞ր եք ստեղծում:

– Ոչ, ես աշխատում եմ Իսպանիայի մոդեռն թատրոնում, որը հստակ ծրագիր ունի: Մեր թատրոնում մենք «գործողություն» չենք խաղում, բեմադրում ենք շատ ծիծաղելի ու տրանսգրեսիվ պերֆորմանսներ, որտեղ խոսում ենք մեզ շրջապատող իրականության մասին: Աշխատում ենք երեք թեմաներով` ուտելիք, կենդանիներ եւ երեխաներ: Փորձում ենք հասկանալ մեր այսօրվա կյանքի իմաստն ու նպատակները: Եվ այդ ամենն անում ենք պոետիկ երեւակայության միջոցով: Հասկանո՞ւմ եք, սովորական կետչուպը կամ Կոկա-Կոլան, որը մենք ամեն օր մեր սեղանին ենք դնում, կարող է երեւակայության մեծ թռիչքի սկիզբ դառնալ: Ամեն օր մենք շփվում ենք իրերի ու առարկաների հետ, որոնք ունեն իրենց սեփական լեզուն, եւ որոնց վրա մենք գրեթե ուշադրություն այլեւս չենք դարձնում: Թեեւ նրանք մեզ շատ բան ունեն ասելու…

– Իսկ կենդանիներն ու երեխանե՞րը…

– Մեր սկզբունքը հետեւյալն է` պետք է հասկանալ` ի՞նչ կարելի է անել եւ ի՞նչը անելու իրավունք չունենք: Կենդանիներին ձեռք տալու, սպանելու իրավունք չունենք: Չունենք նաեւ երեխաներին վիրավորելու իրավունք: Մարդկությունը կենդանիներին սպանում է ուտելու համար: Մեր սկզբունքները բացատրել չեմ ուզում, եկե՛ք Մադրիդ ու տեսեք մեր ներկայացումները: Մենք պարզապես փորձում ենք ճանաչել աշխարհն ու շփման եզրեր ենք որոնում շրջապատի հետ: Եթե իրականությունը չենք հավանում, փորձում ենք այն վերափոխել, տրանսֆորմացիայի ենթարկել: Յուրաքանչյուր իր կարող ես վերափոխել` բաժակը, ձեռնոցը, դանակը, տորթը: Վերափոխված իրը նոր կյանք է ստանում: Ամեն ինչ քո երեւակայությունից է կախված:

– Երկրի տնտեսական կամ քաղաքական վիճակն ուղղակիորեն ազդո՞ւմ է ստեղծագործող մարդու վրա:

– Երկիրը միայն կոնցեպցիա է, եւ մարդը պետությունը միայն որպես գաղափար է ընդունում: Եվ վերջ: Մարդու համար ավելի կարեւոր է սեփական երկրում հարմարավետ զգալը: Մարդու ուժն իր ներաշխարհում է, հենց այնտեղ է նա ուժեղ, երջանիկ ու ազատ: Իսկ երբ նա հիվանդագին փորձում է հետեւել իր կողքին կատարվածին, ու մտածում է` ինչպե՞ս են իրեն կողքինները գնահատում, նա ուժեղ եւ ազատ լինել չի կարող: Իմ աշխատանքներով ես դա եմ ուզում ասել: Ամեն ինչ ներսից է սկսվում: Երեւակայությունից…

Ուրբանիստական մտքերը

«Հայֆեստի» բացման օրը Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնը ցուցադրեց «Պիես փողի մասին» ներկայացումը, որի հերոսները լավ գիտեն, որ այս աշխարհում ամեն ինչ իր գինն ունի: Ապառիկ կամ կանխիկ վաճառվում են բնակարանները, երեխաները, սերն ու ապագան: Ամեն ինչ գնահատվում է գնացուցակի համաձայն եւ, ուզես թե չուզես՝ դու էլ ես մտնում այդ ցուցակի մեջ ու քո գնապիտակն ես ձեռք բերում: Հանդիսատեսը բեմում տեղադրված էկրանների վրա կարող է կարդալ յուրաքանչյուր հերոսի կարճ կենսագրական տվյալները, որոնց թվում անպայման նշվում է նրանց տարեկան եկամտի չափը: Մարդու արժեքը կոնկրետ չափման միավոր ունի. դա փողն է: Հետաքրքիր մի դրվագ. էկրանին հայտնվում է Քրիստոսի դեմքը, իսկ տիտրերում գրված է. «Հիսուս Քրիստոսի տարեկան եկամուտը դեկլարացիայի չի ենթարկվում»:

Ներկայացումը մեծ քաղաքի բնակիչների մասին է, որտեղ ապրելու ռիթմն այնքան է արագացել, որ նորմալ կյանք ունենալու համար պարտավոր ես վազել եւ վազքի ժամանակ հաշվել` որքա՞ն գումար ես շահելու եւ որքա՞ն ես կորցնելու: Արժե՞ աղջկան ռեստորան հրավիրել, թե՞ նրա պատվիրած ուտեստը կդատարկի քո դրամապանակը: Արժե՞ երեխա ունենալ, թե՞ ավելի էժան է երեխայի ծնունդը սուռոգատային մորը պատվիրել: Բոլոր երկխոսությունները շատ կարճ, հաշվարկված ու պրագմատիկ են: Ներկայացման հերոսները` քույր ու եղբայրը, միջին խավի ու միջին տարիքի, իրենց հաշվարկների մեջ մոլորված մարդիկ են: Ներկայացումն ագրեսիվ է, քանի որ փողն ագրեսիա է ծնում: Բայցեւ` այն շատ իրատեսական է, քանի որ այդպիսին է դարձել կյանքը: Այդպես են մտածում մեծ քաղաքի բնակիչները, որոնց մտքերը որսացել է պիեսի հեղինակը` լրագրողական հստակությամբ: Եվ թատրոնի ղեկավար Էդուարդ Բոյակովն այդպես սթափ ու արագ էլ բեմադրել է` կլիպային հոլովակների սկզբունքով: Առաջին հայացքից հագեցած ուրբանիստական կյանքն իրականում անգույն է ու իր անկանխատեսելիությամբ սարսափելի է դառնում: Եթե կորցնես եկամուտդ` կկործանվես եւ դեռ երկար ժամանակ վարկերի ու պարտքերի բեռի տակ կճգնես:

«Պրակտիկա» թատրոնն ընդամենը մեկ տարվա կյանք ունեցող թատրոն է, այն ստեղծվել է Մոսկվայի Մշակույթի կոմիտեի նախաձեռնությամբ, որը ցանկացել է բեմ հանել ակտիվ սոցիալական հարցադրումները, թարմ սյուժեներն ու ժամանակակից լեզուն: Այդ թատրոնը ոչ միայն նոր դերասանների, այլեւ` նոր դրամատուրգների թատրոն է, որի պահանջը պետական կառույցը կարողացել է կռահել: Երեւի այդպես էլ իրականացվում է «մշակութային ռազմավարություն» ասվածը, որի մասին մեր օրերում շատ է խոսվում, բայց ոչ ոք հստակ չի պատկերացնում` ինչպե՞ս է դա արվում եւ ի՞նչ արժե:Պատրաստեց