Որտեղ են սովորում աշխարհի ամենախելացի երեխաները

12/10/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Ֆրանսիական տնտեսական համագործակցության եւ զարգացման ընկերությունը ներկայացրել է «Հայացք կրթության վրա» զեկույցը, որտեղ նշված է, թե որտե՞ղ են ապրում աշխարհի ամենախելացի դպրոցականները, ինչպե՞ս է կրթությունն ազդում աշխատավարձի վրա, եւ թե ո՞ր երկիրն է ամենաշատ փողերը ծախսում իր դպրոցականների վրա։ Ուսումնասիրվել է 30 երկիր։

Ըստ այս ուսումնասիրությունների՝ աշխարհի ամենախելացի դպրոցականներն ապրում են Ֆինլանդիայում, Կորեայում եւ Նիդեռլանդներում։ Զեկույցի հեղինակներն այս եզրակացությանն են եկել այն բանից հետո, երբ 15 տարեկաններին մաթեմատիկական առաջադրանքներ են ներկայացրել։ Վերոնշյալ երեք երկրների դպրոցականները դրսեւորել են ամենաբարձր ցուցանիշը։ Բավական բարձր կրթական մակարդակ ունեն Ավստրալիայի, Բելգիայի, Կանադայի, Չեխիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Շվեդիայի եւ Շվեյցարիայի, Ավստրիայի եւ Գերմանիայի դպրոցականները։

Միջնակարգ կրթություն ստացողների թիվն այսօր աշխարհում բավական մեծ է, սակայն դեռ կան մարդիկ, ովքեր զրկված են այս հնարավորությունից։

Այսօր Կորեայում 25-34 տարեկանների 97 տոկոսը լրիվ միջնակարգ կրթություն է ստանում եւ սա ամենաբարձր ցուցանիշն է ուսումնասիրված երկրների համեմատ։1995-2004թթ.-ին Չինաստանի եւ Մալազիայի բուհերում կրկնապատկվել է ուսանողների թիվը։ Նմանատիպ առաջխաղացում է նկատվել նաեւ Թայլանդում եւ Հնդկաստանում։

Ասիական երկրների դպրոցները եվրոպականից տարբերվում են հիմնականում նրանով, որ առաջինում շատ են մեծ խմբերով դասարանները։ Օրինակ, Հարավային Կորեայում մեկ դասարանում միջին հաշվով լինում է 37 աշակերտ, Ճապոնիայում՝ 35, Բրազիլիայում՝ 33, Իսրայելում՝ 32։ Համեմատության համար ասենք, որ Իսլանդիայում, Դանիայում, Լյուքսեմբուրգում, Ռուսաստանում եւ Շվեյցարիայում մեկ դասարանում աշակերտների թիվը չի գերազանցում 19-ը։ Ինչեւէ, մասնագետները համոզված են, որ քիչ աշակերտներով դասարանը դեռեւս չի նշանակում որակյալ ուսուցում։ Օրինակ՝ Լյուքսեմբուրգում դպրոցականների միայն 2,7 տոկոսն է կարողացել լուծել մաթեմատիկական առաջադրանքը, երբ Ճապոնիայում այդ թիվը հասնում է 8,2 տոկոսի։

«Աղջիկներն ավելի լավ են սովորում, քան տղաները». սա դեռ հնուց եկած խոսք է, որն այսօր ապացուցվել է գիտականորեն։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Լեհաստանը, Իսպանիան եւ Բրազիլիան, աղջիկները 10 տոկոսով ավելի շատ են ստանում լրիվ միջնակարգ կրթություն, քան տղաները։ Թուրքիայում այս տարբերությունը կազմում է 8 տոկոս, իսկ Կորեայում եւ Շվեյցարիայում՝ 1 տոկոս։

12-ամյա կրթությունը մեծ անհանգստություն առաջացրեց Հայաստանի շատ ընտանիքներում։ Հետաքրքիր կլիներ տեսնել այդ նույն մարդկանց դեմքի արտահայտությունը, եթե ՀՀ-ում կիրառվեին անգլիական եւ ավստալիական մեթոդները։ Ամենաերկար ուսումնական գործընթացն Անգլիայում եւ Ավստրալիայում է։ Այնտեղ կրթությունը նախապատրաստական դասընթացների հետ միասին կազմում է 21,3 տարի։ Շվեյցարիայում կրթությունը տեւում է 21 տարի, Ֆինլանդիայում՝ 20, Իսրայելում՝ 15,9։ Սլովակիայում, Ռուսաստանում, Չիլիում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում եւ Թուրքիայում այն հասնում է 12,2 տարվա։

Տարվա մեջ ամենաշատ դասաժամերն անցնում են մեքսիկացիներն ու ամերիկացիները՝ գրեթե 1000 դասաժամ։ Ճապոնիայում դասաժամերը 534 են։ Աշխարհի տարբեր երկրներում տարբեր տեւողություն ունի նաեւ ուսումնական տարին։ Իսլանդիայում ուսումնական տարին ընթանում է 36 շաբաթ, իսկ, օրինակ՝ Դանիայում՝ 42 շաբաթ։ Տարբեր են նաեւ աշխարհի տարբեր երկրների ուսուցիչների աշխատավարձերը։ Եթե Լեհաստանում 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչը տարեկան ստանում է միջինը 10 հազար դոլար, ապա Լյուքսեմբուրգում այդ նույն ուսուցիչը կստանար 84 հազար դոլար, Ավստրալիայում՝ 45 հազար, իսկ Շվեդիայում՝ 31 հազար դոլար։

Իսկ Հայաստանում… Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը 50.000 դրամից ավելին չէ, տարեկան հաշվարկով՝ 600.000 դրամ, ինչը դոլարի վերածելու դեպքում դառնում է մոտ 1600 դոլար։ Տարեկան:

Աշխարհի տարբեր երկրներում մեկ աշակերտի վրա ծախսվող գումարները նույնպես տարբեր են։ Օրինակ՝ Ռուսաստանի, Մեքսիկայի, Լեհաստանի, Սլովակիայի, Թուրքիայի, Բրազիլիայի, Չիլիի իշխանություններն առնվազն 40 հազար դոլար են ծախսում մեկ դպրոցականի վրա։ Իսկ Ավստրիայի, Դանիայի, Իսլանդիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները՝ 100 հազար դոլարից ավելի։

Այս աշխատության մասնագետներն ուսումնասիրությունների վերջում եկել են հետաքրքիր եզրահանգման. Իսլանդիայում բնակչության 80 տոկոսն ավելի հեշտ է աշխատանքի տեղավորվում միայն դպրոցական դիպլոմի առկայությամբ։

Ի դեպ, Հայաստանում նման ուսումնասիրություններ չեն կատարվել։ Կրթական ուսումնասիրությունները Հայաստանում վիճակագրական տվյալների մակարդակի վրա են միայն: