Երգենք մերը

07/05/2005

Բելառուսի Տեղեկատվության նախարարությունը մի հրամանագիր է տարածել,
համաձայն որի` երկրի ռադիոկայանները 2005 թվականից պետք է հաղորդեն 75%
բելառուսական ծագում ունեցող եւ 25% արտասահմանյան երաժշտություն։ Բոլոր
ռադիոկայանները սկսել են ստեղծագործական նոր հայեցակարգ մշակել։ Այս
համամասնությունը խախտելու դեպքում ռադիոհեռարձակողները կզրկվեն
արտոնագրից։ Այսպիսով, Բելառուսի ավտորիտար նախագահ Լուկաշենկոն նոր
պատերազմ է հայտարարում Արեւմուտքին։
Կոլխոզի նախկին նախագահը, ով միշտ հպարտանում է, թե գիտի ժողովրդի ուզածը
(կարտոլ, հոկեյ, Պուշկին), առանձնապես աչքի չի ընկել մայրենի լեզվի եւ
մշակույթի նկատմամբ ունեցած սիրով։ Ավելին՝ նա դեմ էր բելառուսական
ազգային խորհրդանիշներին, իսկ բելառուսերեն խոսողներին անվանում էր
«ֆաշիստ կոլաբորացիոնիստներ»։
«Ալֆա-Ռադիոյի» աշխատակից Սերգեյ Ռոժկովի կարծիքով՝ եթերը կարելի է
100%-ով էլ լցնել սեփական երաժշտությամբ, հարցը լավն ու վատն է։ Իսկ
belarusnews.de նորությունների էջի խմբագիր Մաքսիմ Գրուշեւոյն ասում է.
«Ուզում ես ականջներդ փակել։ Հիմա Մինսկում անվերջ պտտում են բելառուսական
մի քանի լավ երգ, իսկ մնացածն աղբ է»։
Անկախությանը հաջորդած 15 տարվա ընթացքում բելառուսական փոփը ոչ մի աճ չի
ունեցել, քանի որ դա եղել է անցանկալի։ Իսկ ռոքը, որ հիմնականում
քննադատում է իշխանություններին, հասկանալի պատճառով չի կարող լրացնել այդ
բացը։

Տ.Պ.