Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը երեկ Բաքվում հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին եւ հույս ունի, որ այն խաղաղ լուծում կստանա: Ադրբեջանական «Trend»-ի փոխանցմամբ՝ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ, ապա հանդիպում է ունեցել այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նա հայտնել էր, որ իր այցի նպատակն է՝ անվտանգության բնագավառում ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ կապերի ընդլայնումը, գործընկերության զարգացման հարցերի քննարկումը: Քննարկվելու են պաշտպանության եւ գիտության բնագավառներում կապերի ընդլայնման հարցեր: Նախատեսված է նաեւ Սիմոնսի հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ: Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը եռօրյա այցով մեկնելու է Թբիլիսի, որտեղ մասնակցելու է «Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները» խորագրով միջազգային խորհրդաժողովին: