ՀՀ Ընտրական օրենսգիրքը հերթական անգամ բարեփոխվելու ընթացքի մեջ է: Ինչպես եւ նախորդ դեպքերում, այս անգամ եւս վիճահարույց հարցերը բազմաթիվ են, որոնցից մեկն էլ ընտրական հանձնաժողովներում դատավորների մասնակցության հարցն է, որին դեմ է խորհրդարանական ընդդիմությունը:
Ընդդիմադիրներն իրենց այս դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ դատավորները պետական պաշտոնյաներ են եւ, համաձայն ՀՀ Սահմանադրության, իրավունք չունեն կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ այլ գործունեությունից: «Բայց մեկնաբանությունն իմ կարծիքով ճիշտ չէ, որովհետեւ, երբ որ դատավորները գնում են հանձնաժողովի անդամ, նրանք նախ այդ հանձնաժողովներում ժամանակավոր են աշխատում, այլ մշտական աշխատանք չեն կատարում, երկրորդ, նրանք իրենց աշխատավարձը ստանում են ոչ թե ԿԸՀ-ի կողմից, այլ իրենց սովորական աշխատանքի վայրում պահպանվում է իրենց աշխատավարձը»,- երեկ «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա, ընտրական հանձնաժողովներում դատավորների մասնակցության հետ կապված Սահմանադրության որեւէ խախտում չկա, այլ «ընդհակառակը՝ դատավորների մասնակցությունն ընտրական հանձնաժողովներին օգնում է շատ դեպքերում օրենքները վերլուծելու, օրենքները ճիշտ բացատրելու, մեկնաբանելու եւ որոշումներ գրելու հարցում»: «Այսինքն՝ նրանք ընտրական հանձնաժողովների անդամներ են եւ այդ գործը վերցնում են իրենց վրա՝ ուզեն թե չուզեն»,- նշեց Ռ. Պետրոսյանը: Վերջինիս հետ երեկ բանավիճում էր ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը, ով հայտարարեց, թե իրենք միշտ կողմ են եղել «մաքսիմում համամասնական ընտրակարգով ընտրություններին»: Հ. Մարգարյանի խոսքերով՝ դա էր պատճառը, որ ՕԵԿ-ը ՀՅԴ-ի հետ միասին կոալիցիայում ամեն ինչ արեց, որպեսզի մեծամասնական-համամասնական համամասնությունը փոխվեր, եւ փոխվեց, սակայն դա բավարար չէ: «Մենք կողմ ենք 100% համամասնականին, եւ դա լավագույն նախադրյալը կլինի, որպեսզի մեր քաղաքական դաշտի քաղաքական հեղինակություններով համախմբվի մեր ազգային խորհրդարանը»,- հայտարարեց ՕԵԿ ներկայացուցիչը: Նա նաեւ կարեւորում է այն, որ ընտրության մասնակիցների թիվը հայտարարվի ընտրության ավարտից հինգ ժամ հետո, իսկ նրանց, ովքեր պնդում են, թե դա հնարավոր չէ, Հ. Մարգարյանը տեղեկացրեց հետեւյալը. «Մենք պատասխանատվություն ենք վերցրել: «Հայփոստի» հետ կարելի է պայմանագիր կնքել, չնչին գումարով… մենք ունենք նաեւ սուրհանդակային ծառայություններ եւ, ովքեր շատ հեռու են տեղամասերից, արձանագրության մեկ օրինակ փակ ծրարով, կնքված բերեն-հասցնեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ինչո՞ւ հնարավոր չէ»: Հ. Մարգարյանը նաեւ մտավախություն հայտնեց, որ եթե հաշմանդամներին հնարավորություն տրվի իրենց ուղեկցողի միջոցով մասնակցել քվեարկությանը, կամ անկողնային հիվանդներն էլ հնարավորություն ունենան տեղում քվեարկել, ապա դրանով կեղծիքների հնարավորություն կստեղծվի: «ՏԻՄ ընտրությունների ժամանակ ունեցել ենք համայնք, երբ թույլատրել ենք, որ ուղեկցողի հետ քվեարկության մասնակցի, ընտրության մասնակիցների 80%-ը հայտարարել են, որ իրենք ինքնուրույն չեն կարող ընտրել, եւ մասնակցել են ընտրությանն իրենց ուղեկցողների միջոցով»,- հայտարարեց ՕԵԿ ներկայացուցիչը, հավելելով, թե այդ համայնքի անունը չի հիշում: Հ. Մարգարյանի խոսքերով՝ հնարավոր է, եւ Վենետիկի հանձնաժողովն էլ է այդպես նշել, որ քիչ քանակի մարդկանց համար ընտրելու հնարավորություն ապահովելով ընդհանուր գործընթացը խաթարվի, եւ կեղծիքների հնարավորություն ստեղծվի: Իսկ վիճահարույց մեկ այլ հարցի, ընտրական հանձնաժողովների անդամների հետկանչի հետ կապված էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Ռ. Պետրոսյանն էլ նշեց, թե իրենք դեմ են դրան, որովհետեւ, երբ մարդը նշանակվում է հանձնաժողովում, հանձնաժողովն արդեն ստանձնում է պետական, հասարակական, համապետական նշանակություն ունեցող հարցերի լուծման իրավունք եւ դա կախման մեջ չպետք է դնել այս կամ այն քաղաքական ուժից: «Հանձնաժողովը պետք է ինքնուրույն, անկախ աշխատի, եւ ամեն րոպե հետ կանչելու իրավունքը նշանակում է՝ խաթարել ընտրությունների գործընթացը եւ հանձնաժողովներին կախման մեջ դնել քաղաքական ուժերից»,- գտնում է Ռ. Պետրոսյանը: Վերջինս նաեւ կարեւորում է Արշակ Սադոյանի ներկայացրած՝ էլեկտրոնային վերահսկողության սահմանման վերաբերյալ առաջարկը: Ըստ Ռ. Պետրոսյանի, բոլոր տեսակի խախտումները կանխելու համար դրանից ճիշտ բան չկա: Նրա խոսքերով՝ հաշվարկներն էլ ցույց են տալիս, որ դրա համար անհրաժեշտ սարքավորումների համար կպահանջվի մոտ կես միլիոն դոլար: «Ոչ մեկը, այդ թվում եւ` ՀՀԿ-ի ներկայացուցիչները, չեն առարկում դրա դեմ, բայց եւ լուրջ կերպով էլ չեն քննում: Անձամբ ես, օրինակ, դրա կողմնակիցն եմ»,- Ա. Սադոյանի առաջարկի մասին ասաց Ռ. Պետրոսյանը: Վերջինս, ամփոփելով երեկվա բանավեճը, նկատեց. «Այս բոլոր քննարկումները նորից բերեցին այն եզրակացության, որ կարեւորն Ընտրական օրենսգրքի նորմերում իրավաբանորեն ճիշտ ձեւակերպումներ տալը չէ: Կարեւորը երկրի ղեկավարության, ԿԸՀ-ի, ընտրություններին մասնակցող թեկնածուների եւ ընտրողների քաղաքական կամքն է, որ ճիշտ ձեւով կիրառեն մեր օրենքները, թե չէ այսօր գործող Ընտրական օրենսգիրքն էլ վատը չի, եթե կիրառեին ճիշտ կերպով»: