Բագրատաշեն-Սադախլո. եթե չխանգարեն, ավելի հաշտ կապրենք

07/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Բագրատաշենը Հայաստանի մյուս գյուղերին նման չէ ո՛չ իր հոգսերով, ո՛չ
բնակչությամբ, ո՛չ էլ նշանակությամբ. ունի «սեփական» միլիցիա, մաքսակետ,
սահմանապահ կայազոր: Նույնիսկ բելգիական «Բժիշկներ՝ առանց սահմանի» (MSF)
կազմակերպությունն այստեղ գրասենյակ ունի: MSF-ի եւ ոստիկանության կարիքն
ունեն բնակիչները, իսկ մաքսավորների եւ սահմանապահների անհրաժեշտությունը
կա, որովհետեւ գյուղը սահմանամերձ է, եւ Հայաստան-Վրաստան տարանցիկ
ճանապարհն անցնում է անմիջական հարեւանությամբ: Սակայն Բագրատաշենի
ամենամեծ հմայքը Սադախլոյի շուկան է: Հենց շուկան էլ գյուղում այս բոլոր
կարեւոր մարմինների ներկայության «գլխավոր պատճառն» է:

Շուկան գտնվում է սահմանից այն կողմ՝ վրացական ադրբեջանաբնակ Սադախլո
գյուղի եւ Դեբեդ գետի արանքում: Այստեղ ադրբեջանցիները վաճառում են
հիմնականում սննդամթերք, հագուստ եւ տնտեսական լայն սպառման ապրանքներ:
Հայերը հիմնականում գնող կողմն են. սահմանը հատում են՝ միայն անձնագրում
ունենալով ելքի թույլտվության կնիք: Կամ՝ 500-1000 դրամ տալիս են վրաց
սահմանապահին ու սկսում առեւտուրը: Շուկան, ավելի փոքր չափերով ու թանկ
գներով, շարունակվում է նաեւ սահմանի հայկական կողմում՝ Բագրատաշենում:
Ընդ որում, առեւտրի ամենաեռուն շրջանն այստեղ Նոր տարվա նախաշեմին է:

Հայը, վրացին ու ադրբեջանցին

Բագրատաշենի շուկան գործում է 1993 թվականից ու հենց սկզբից էլ Հայաստանի
ու Վրաստանի գործազուրկներին գրավել է իր «հնարավորություններով»: Այստեղ
գալիս են առեւտրով զբաղվելու համար, աշխատելու՝ գոյատեւելու համար՝ վարձու
աշխատանքից մինչեւ սեփական բիզնես: «Առեւտրային հարաբերությունները» տեղի
են ունենում հիմնականում Վրաստանի ադրբեջանցիների եւ հայերի միջեւ:
Ադրբեջանցիները վաճառում են, հայերը՝ գնում, իսկ վրացիները «տանտիրոջ»
իրավունքով «վերահսկում են»: Ասում են, այստեղ հայն ու ադրբեջանցին ավելի
հաշտ են համագործակցում, քան հայն ու վրացին, կամ ադրբեջանցին ու վրացին:
Վրաստանի քաղաքացի ադրբեջանցին Բագրատաշենում իրեն կաշկանդված չի զգում:
Այսինքն՝ ազգամիջյան հարցեր հայերի եւ ադրբեջանցիների միջեւ այստեղ չկան.
այստեղ գերիշխողը բիզնեսի կամ անձնական շահի չգրված օրենքն է: Մաքսատան
հարեւանությամբ գտնվող «Հյուսիսային դարպասներ» խորտկարանում հայ եւ
ադրբեջանցի երկու երիտասարդներ զրուցում էին իրենց համատեղ գործարքի
մասին: Երբ երկուսին էլ հարցրինք, թե երկու ազգերի միջեւ ստեղծված սառը
հարաբերություններից հետո արդյո՞ք իրենց համար դժվար չէ իրար հետ շփվել,
հայը պատասխանեց.
– Դա իմ ու իր կռիվը չէր, մեզանից ոչ մեկը արյունահեղություն չի ուզել եւ
չի էլ ուզի: Մենք իրար հետ լավ էլ աշխատում ենք, իրար վստահում ենք:
Տեսեք, հիմա ես հրավիրել եմ ադրբեջանցի իմ գործընկերոջն՝ այստեղ
զրուցելու, վստահ եղեք, որ հենց նույն պահին Սադախլոյում ադրբեջանցին է
հային հյուրասիրում: Սա է իսկականը, մենք պատերազմ չենք ուզում:
– Պատերազմը իշխանավորների գործն է,- պատասխանեց ադրբեջանցին: -Մենք
մտածում ենք առեւտրի, աշխատանքի մասին: Եթե վրացի սահմանապահը կամ
մաքսավորն էլ չխանգարեն, ավելի լավ ու հաշտ կաշխատենք:

Սահմանափակ առեւտուր

ՀՀ Մաքսային պետական կոմիտեի տվյալներով՝ յուրաքանչյուր շաբաթ, հատկապես
երեքշաբթի օրերին, շուկա է այցելում մոտ 5500 մարդ, ովքեր Սադախլոյից ձեռք
են բերում եւ Բագրատաշենի շուկայով Հայաստան ներմուծում լայն սպառման, այդ
թվում՝ նաեւ ենթաակցիզային ապրանքներ: 2004թ. Բագրատաշենի մաքսակետով
ներմուծվել է ՀՀ ներմուծվող ապրանքի (ընդհանուրը՝ 647 մլրդ 394 մլն դրամի)
մոտ 30 տոկոսը՝ 188 միլիարդ 329 միլիոն դրամ արժողությամբ: Իսկ Սադախլոյի
շուկայում վաճառվող ապրանքները բերվում են հիմնականում Թուրքիայից,
Չինաստանից եւ ԱՊՀ որոշ երկրներից: Հայերն այստեղ վաճառում են միայն
գյուղմթերք, քաղցրավենիք եւ սուրճ: Սադախլոյից առանց մաքսատուրք վճարելու
թույլատրվում է անցկացնել ընդամենը 50 կգ ապրանք, որի մաքսային արժեքը
չպետք է գերազանցի 300 դոլարը: Հակառակ դեպքում՝ պետք է վճարել 10%
մաքսային վճար, դրան գումարած՝ որոշ ապրանքատեսակների համար՝ նաեւ
ավելացված արժեքի 20%-անոց հարկը: Այստեղ խոսում են այն մասին, թե այն
ապրանքները, որոնց ներմուծումը Հայաստանում մենաշնորհ բնույթ ունեն, թույլ
չեն տալիս մեծ քանակությամբ անցկացնել:
– Օրինակ, շաքարավազը Հայաստան է ներկրում Լֆիկ Սամոն, չէ՞: Ստեղից մենք
չենք կարող շաքարի բիզնեսով զբաղվել, ասում են՝ «կանտրաբանդ» ապրանք է,-
ասում էր Սադախլոյից Երեւան ցիտրուսային մրգերի առքուվաճառքով զբաղվող
Արամը:
«Կանտրաբանդ ապրանք» արտահայտությունը Բագրատաշենում շատերից լսեցինք: Այդ
կարգի ապրանք էին համարում նաեւ ալյուրը, ընկույզը, հրուշակեղենը եւ այլն:
Առեւտրականներն այդ արտահայտությունը բացատրեցին յուրովի.
– Այսինքն, էդ ապրանքից մեր փողատերերից մեկը ինչ-որ տեղից շատ է ներկրել:
Է՛, չեն թողնում, որ դու էլ էդ բիզնեսով զբաղվես, պիտի իր բերածը ծախվի:
Մեզ հա՛մ չեն թողում, որ շատ տանենք, եթե տանենք էլ, էնպիսի վիճակ են
ստեղծել, որ չենք կարողանում վաճառել,- պատմում էր Արամը: -Նոր տարվա տակը
լիքը պոպոք են բերել-լցրել,- ասում են՝ գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու
Հրանտ Վարդանյանն են բերել: 10 կիլո էլ որ տանենք, մեզ չեն թողի ծախենք:
Մոնոպոլիա է, էլի:

Սահմանամերձ խաղեր

Իհարկե, Բագրատաշենի մաքսային կետում այս կարծիքը չէին կիսում:
 – Էդպիսի բան չկա: Համ էլ, եթե հարցազրույց էիք ուզում, պետք է
թույլտվություն ունենայիք,-այսքանով սահմանափակվեց մաքսապետ Սամվել
Սաֆարյանը:
Նույն հյուրընկալությամբ մեզ ընդունեց նաեւ վրացի սահմանապահը. թույլ չտվեց անցնել կամրջից այն կողմ, ավելին.
– Ձեր գալու մասին գիտենք: Մեզ զգուշացրել են, որ դուք չպետք է սահմանն անցնեք: Եթե Սահակաշվիլին էլ գա Քոչարյանի հետ, չեք անցնելու:
Բայց երկար բանակցություններից հետո երիտասարդ սահմանապահն,
այնուամենայնիվ, տեղի տվեց, բայց մեկ այլ սահմանապահի ուղեկցությամբ,
անգամ հաշվի չառավ, որ իմ անձնագրում չկար ելքի վիզայի կնիքը: Ի դեպ, ելքի
կնիքն օրենքով պարտադիր պահանջ է, սակայն փող աշխատելու մարմաջը ոչ մի
օրենքի չի ենթարկվում, մանավանդ՝ այստեղ: Այնպես որ, հայ, վրացի ու
ադրբեջանցի մաքսավորները, սահմանապահներն ու առեւտրականներն այստեղ իրենց
«իրավունքներն ու պարտականությունները» լավ գիտեն ու վատ չեն
համագործակցում: Իսկ ընդհանրապես, համապատասխան վերաբերմունք դրսեւորելու
դեպքում թե՛ Բագրատաշենում, թե՛ Սադախլոյում «չէ» բառը չկա:

Մաքսավորի հատուկ տեսակը

Բագրատաշենի մաքսավորների ու սահմանապահների արտաքինը նման չէր տեղացիների
արտաքինին, խիստ տարբերվում էին. նրանք գիրուկ ու խնամված էին, ունեին
«ազդեցիկ տեսք»:
– Մեր գյուղից ընդամենը մի քանի հոգի են աշխատում, էն էլ՝ պահակ կամ էլ էդ
կարգի ոչ կարեւոր գործի վրա: Սաղ աշխատողները Երեւանից են,- հաստատեց
գյուղապետ Հովսեփ Օգումցյանը:
Իսկ գյուղացիներն այս հանգամանքն այսպես էին բացատրում.
– Իրանց մարդկանց են բերել-դրել գործի, որ լավ փող աշխատեն ու մեջ-մեջ
անեն: Մեր գյուղից էն մի երկու հոգուն էլ ձեւի համար գործի են վերցրել:
Բագրատաշենի շուկայի գործունեությունը 2001թ. հոկտեմբերից վերահսկում է
Մաքսային կոմիտեն, մինչ այդ ենթարկվում էր գյուղապետարանին: Արդյո՞ք այս
հանգամանքը կոռուպցիայի դրսեւորումների առիթ չի տալիս մաքսավորներին.
– Իհարկե ոչ,- պատասխանեց Մաքսային կոմիտեի Մաքսասակագնային կարգավորման
վարչության պետ Սուրեն Ֆահրադյանը: -Մաքսայինն ընդամենը վերահսկում է
շուկայի գործունեությունը:
Մաքսակետից դեպի գյուղ տանող ճանապարհն անմխիթար վիճակում է:
– Մեր գյուղացիներն ընդամենը մի քանի ավտոմեքենա ունեն: Այս ճանապարհը
շուկա գնացող-հետ եկող ծանր-ծանր մեքենաների երթեւեկության արդյունքում է
քանդվել,- դժգոհում էր գյուղապետը: -Շուկայի շահույթը գնում է մաքսային,
բայց ոչ մեկի մտքով չի անցնում էս մի երկու կիլոմետր ճանապարհը կարգի բերի:
Ի դեպ, Բագրատաշենում եւ Երեւանում խոսում են, որ շուկան իրականում
Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի վերահսկողության տակ
է, նրա եկամուտի աղբյուրներից մեկն է: Հավանաբար դա է պատճառը, որ
գյուղապետարանի հսկողությունից տեղափոխել են Մաքսային կոմիտեի
վերահսկողության տակ:
Բագրատաշենն ու Սադախլոն իրենց կենցաղով տարբերվում են: Ոչ թե նրա համար,
որ այս գյուղերից մեկում հայեր են ապրում, մյուսում՝ ադրբեջանցիներ, այլ՝
Սադախլոն ունի ավելի հարուստ կենցաղ:
– Մտեք Սադախլո, կտեսնեք, որ սաղ սպուտնիկովի անտենա ունեն, մեքենա ունեն,
նրանց կողմը հարուստ ա,- պատմում էր մի բագրատաշենցի: -Նրանց կանայք օրը
հազար դրամով իրենց օբյեկտներում չեն աշխատի, մերոնք ճարահատյալ աշխատում
են նրանց տղամարդկանց մոտ: Ճիշտ ա, մեծ չարչարանքով, բայց գոնե հացի փողը
աշխատում ենք: Ավելին չեն էլ թողնում: Մի երկու տարի առաջ ավելի հեշտ էր:
Ա՛յ, վրացական կողմում հիմա է լավացել: Սադախլոյի բնակիչներն էս ընթացքում
լավ հարստացել են, մերոնք՝ հակառակը:
Մաքսային այս գոտում կոնֆլիկտային միջադեպեր երեք հարեւան ազգերի միջեւ
լինում են, բայց ոչ ազգային հողի վրա, զուտ առեւտրային հարաբերությունների
արդյունքում: Հայն ու ադրբեջանցին դժգոհում են վրացիներից, որովհետեւ
այստեղ դրության տերը նրանք են: Հայերն էլ են ընդհարվում իրար հետ,
եկվորները շատ են, դրա համար էլ Բագրատաշենն ունի առանձին ոստիկանություն:
Մաքսայինի հայկական կողմում էլ ամեն ինչ հարթ չի «գրանցվում»: Օրինակ,
Մաքսային կոմիտեն Բագրատաշենում, որքան էլ ծիծաղելի է հնչում, բայց 2004թ.
ընթացքում պաշտոնական տվյալներով՝ գրանցել է մաքսային կանոնների խախտման
50 դեպք, որից երեքը գրանցվել է որպես մաքսանենգություն: Իրականացված
վարույթների արդյունքում գանձվել է 36,6 մլն դրամ տուգանք: Հայ
մաքսավորները շուկայի մաքսանենգության հիմնական մեղավորներ համարում են
բեռնակիրներին, որոնք հիմնական բեռը մաս-մաս արած Սադախլոյից անցկացնում
են Բագրատաշեն: Մինչդեռ բեռնակիրները մեզ հավատացնում էին, թե իրենց
հասանելիքի մեծ մասը տալիս են մաքսայինի աշխատակիցներին, այսինքն՝
մաքսավորն ու բեռնակիրը մաքսանենգության մեջ համագործակցում են,
արդյունքում՝ բեռնակրին բաժին է հասնում ընդամենը մի փոր հացը: Այս
հարցում մեզ հետ դարձյալ համաձայն չէր պարոն Ֆահրադյանը.
– Եթե կոնկրետ դեպքեր ունեք, ասեք, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք, էդպիսի բան չկա:
Բոլորին հայտնի է, բայցեւ ոչ ոք չի համարձակվի ներկայանալ եւ ապացուցել,
թե սահմանային այդ գոտում մաքսանենգությունն ինչ ծավալների է հասնում եւ
ինչպես է դա կատարվում: Պաշտոնյաները, բնականաբար, պնդում են, որ վրացի ու
հայ մաքսավորներն ամենօրյա աշխատանք են կատարում շրջանցիկ ճանապարհներով
մաքսանենգ ապրանքների ներմուծումն ու արտահանումը կանխելու ուղղությամբ:
Հայ ու ադրբեջանցի վաճառականներն էլ աշխատում են հնարավորինս առանց
պետական հարկերի մուծման գործը փակել՝ իմ գրպանից՝ քո գրպանը, մեր
գրպանից՝ ստուգողի գրպանը: Այդպես գլխացավանքը քիչ է: