«Փաստարկ» ակումբում Էդուարդ Աղաջանովը լրագրողների ուշադրությունը կրկին հրավիրեց դոլարի արժեզրկման եւ դրա բացասական հետեւանքների վրա։ Տնտեսագետը նախեւառաջ կոչ արեց չհավատալ Կենտրոնական բանկի հեքիաթներին, որը դրամի արժեքավորումը բացատրում է շուկայական գործոններով։ Իսկ բացատրությունը, ըստ պրն Աղաջանովի, մեկն է, եւ այն շատ պարզ է՝ թալանը։ «Թալանելով տրանսֆերտները՝ թալանում ենք մեր սեփական տնտեսությունը»,- գտնում է տնտեսագետը։
Գնաճը զսպելու քաղաքականությունը միայն դրամավարկային քաղաքականության միջոցով պրն Աղաջանովն անընդունելի է համարում եւ առաջարկում է այլ միջոցներ. «Եթե դրամի ծավալը գերակշռում է ապրանքների եւ ծառայությունների ծավալին, ապա հարկ է խթանել տնտեսությունը, ինչը կբերի ապրանքների եւ ծառայությունների ծավալի աճի, եւ գնաճ չես ունենա»։
Նշենք, որ ի տարբերություն նախորդ ասուլիսների, Էդ. Աղաջանովն այս անգամ շատ չխոսեց վիճակագրական տվյալներից։ Փոխարժեքի հետեւանքների մասին խոսելիս նա բերեց ընդամենը մեկ օրինակ՝ 2003թ., երբ 1 դոլարն արժեր 580 դրամ, 1 կվտ էլեկտրաէներգիան արժեր 4.3 ցենտ։ Այժմ այն մեկուկես անգամ թանկացել է՝ դառնալով 6.5 ցենտ։
Այս ամենի արդյունքում մենք ունենք արտահանման 3.6% անկում, իսկ արտաքին առեւտրի դեֆիցիտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով։ Անկում է ապրում նաեւ արդյունաբերությունը։ «Ազգային արտադրողի արտադրանքը փոխարինվում է ներմուծվող արտադրանքով, եւ նա դուրս է մղվում ներքին շուկայից»,- հայտարարեց Էդ. Աղաջանովը՝ ավելացնելով, որ նորմալ երկրներում արտահանումը պետք է կազմեր ՀՆԱ-ի 60-70%-ը, իսկ մեզ մոտ չի գերազանցում 15-16%-ը։
«Եթե այսպես շարունակվի, մենք ունենալու ենք արդյունաբերության երկնիշ թվով անկում»,- համոզված է տնտեսագետը։ Իսկ իշխանությունների «հեչ վեջը չի», թե տնտեսությունում ինչ է կատարվում, եւ սա տնտեսագետին ամենից շատ է մտահոգում։
Պրն Աղաջանովը բարի նախանձով բերում է Ռուսաստանի օրինակը։ Այնտեղ արդյունաբերության աճը 7%-ից իջավ 4.5%-ի, եւ դա միանգամից անհանգստացրեց իշխանություններին։ «Պուտինը կանչեց ֆինանսների նախարարին, ԿԲ նախագահին եւ ականջները քաշեց, հրահանգեց թույլ չտալ, որ ռուբլին շատ արժեւորվի» – նշեց տնտեսագետը։
Պատճառն, ըստ Էդ. Աղաջանովի, այն է, որ ՌԴ-ում իշխանության կառույցներին կից գործում են լուրջ վերլուծական կենտրոններ, որոնց կարծիքը հաշվի է առնվում։ Այնտեղ նախարարները բանավիճում են տնտեսական խնդիրների շուրջ։ Իսկ մեզ մոտ այդպիսի բան չկա։ «Տեսե՞լ եք, որ Կարեն Ճշմարիտյանն ու Վարդան Խաչատրյանն իրար հետ բանավիճեն ինչ-որ մի տնտեսական հարցի շուրջ»,- հարցնում է տնտեսագետը։
Իսկ սրա պատճառը, ըստ Էդ. Աղաջանովի, տնտեսական մտքի խղճուկությունն է։ «Մեր դժբախտությունը ոչ թե այն է, որ ընդերք չունենք, այլ այն, որ քաղաքական-տնտեսական միտքը գտնվում է զրոյական մակարդակի վրա»,- համոզված է պրն Աղաջանովը։
Եթե մեր հին եւ նոր ընդդիմադիր կուսակցությունները (օրինակ՝ «Ազգային Միաբանությունը», «Օրինաց երկիրն» ու Ժողովրդական կուսակցությունը), ԱԺ ամբիոնից դրամ-դոլար փոխարժեքի մասին խոսելուց բացի, դրսից հրավիրեն մի քանի լուրջ տնտեսագետների, հետազոտություն կատարեն եւ ապացուցեն, որ երկրի տնտեսությանը լուրջ վտանգ է սպառնում, արդյո՞ք իշխանություններն այդ կարծիքը հաշվի կառնեն եւ կվերանայեն իրենց քաղաքականությունը։ Էդ. Աղաջանովը մեր այս հարցին պատասխանեց, որ քաղաքականության վերանայման հարցում շատ կարեւոր գործոն է քաղաքական կամքը։
Սակայն եթե խոսքերի հետեւում լինի նաեւ մասնագիտական հիմնավորում, ապա դա արդեն մեծ ուժ կհաղորդի եւ ճնշում կգործադրի իշխանությունների վրա։ Սակայն այս ամենով հանդերձ՝ Էդ. Աղաջանովը համոզված է, որ նման բան երբեք տեղի չի ունենա, եւ կուսակցություններն այսպիսի հարցի շուրջ չեն միավորվի։ Նրանք զբաղված են այլ կարգի խնդիրներով, օրինակ՝ ով ում է «քցել»։ Իսկ լուրջ, կոնցեպտուալ ուսումնասիրություններ, ըստ Էդ. Աղաջանովի, ոչ ոք չի ուզում անել։