Խնդրում են կասեցնել աճուրդ-վաճառքը

12/10/2006

Երեկ «168 Ժամ» թերթի խմբագրությունը Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի տարածքին կից հանրակացարանային տնակների` թվով 400-ից ավելի բնակիչներից դիմում-բողոք էր ստացել` ուղղված ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովին: Գյումրեցիների բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ առանց փոփոխությունների:

Դիմում-բողոք ՀՀ նախագահին, ՀՀ խորհրդարանի դեպուտատներին

Ձեզ դիմում են Գյումրի քաղաքի «Շիրակշին» կազմակերպության «Շիրակ» հյուրանոցի տարածքին կից հանրակացարանային տնակների բնակիչները` թվով չորս հարյուր հոգուց ավելի։ Բնակություն ենք հաստատել 1989-ին «Լինինգրադշին» կազմակերպության կողմից կառուցված տնակներում։ Տասնութ տարիների ընթացքում այդ տնակները ծառայում են մեզ որպես կացարան։ Եթե տվյալ տնակները մնացել են պիտանի բնակության համար, ապա միայն բնակիչների ներդրումների միջոցներով։ Այսինքն, «Շիրակշինը» «նվեր» է ստացել այդ տնակները եւ ոչ մի լումա չի ծախսել այդ տնակների կոմունալ, ընթացիկ վերանորոգման եւ այլ ծախսերի համար։ Նշեմ, որ 1990-ին մենք դեռ ներշնչված էինք հավատով, որ տարիների ընթացքում կբացվեն աշխատատեղեր, եւ կունենանք մեր բնակարանները, կապրենք մարդավայել, իսկ հիմա դառել ենք 60-90 տարեկան, այժմ էլ կանգնել ենք փողոց շպրտվելու վտանգի առաջ։ Փողոցում կմնան նաեւ գյումրեցիների այն նորաստեղծ ընտանիքները, որոնք «բախտ» են ունեցել ամուսնանալ երկրաշարժից հետո եւ չունեն տուն ստանալու ոչ մի հնարավորություն։ Հիմա երկրորդ անգամ տնակները դրվել են աճուրդ-վաճառքի։ Տնակները հանել են վաճառքի այն գնով, որ ոչ մի բնակիչ չկարողանա օգտվել իր իրավունքից եւ գնել այն մասը, որը զբաղեցնում է իր ընտանիքը։ Վաճառքի են հանել 19 լոտերի տեսքով, եւ ամեն մի լոտը զբաղեցնում է չորսից ութ ընտանիք։ Յուրաքանչյուր լոտը գնահատված է 2.100.000 դրամ։ Նշենք, որ այն փորձագետը, որը կատարել է գնահատումը, կատարել է առանց ուսումնասիրությունների։ Խնդրում ենք կասեցնել աճուրդ-վաճառքը, որը կայանալու է 11.10.2006-ին։ Կազմել հանձնաժողով` ուսումնասիրելու տնակային ավանի հարցը, եւ այնպիսի լուծում տալ, որ չոտնահարվի մեր ոչ մի իրավունք։ Իսկ հետագայի համար խնդրում ենք, որ ստեղծեք մի օրենք, որով, եթե որեւէ «մեծարգո պարոնի» դուր գա որեւէ տարածք կամ տնակային ավան, նա պարտավորված լինի ապահովելու բնակարանով այդ տնակային ավանի բնակիչներին։

«Շիրակշինի» միլիոնավոր պարտքերը երբեք չի կարող ծածկել այս լոտերի աճուրդից գոյացած գումարը»։