Մեկ նախադասություն, մեկ օրինագիծ

12/10/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Մինչ Շիրակը Հայաստանի սրտում Ֆրանսիայի հրապարակն էր բացում եւ վերհիշում էր «ամենահին քաղաքակրթությունից ծնունդ առած ժողովրդի կողմից կերտված հերոսական պատմությունը», Էրդողանը պաշտպանվում էր Վաշինգտոնում` Նոր աշխարհի մայրաքաղաքում (առանց սրտի)»,- ֆրանսիական «Liberation» թերթում լույս տեսած հոդվածի հեղինակը թուրք կին գրող Մին Գ. Կիրիկանատն է: Վերջին օրերին անդրադառնալով Շիրակի հայաստանյան այցին` Ֆրանսիայի նախագահի` Ցեղասպանությունը ճանաչելու մասին Թուրքիային ուղղված կոչը թուրքական լրատվամիջոցներն անվանում են «Շիրակի չափանիշ»: Թուրք գրողը գտնում է, որ թուրքերը լավ չեն հասկանում, որ այդ կոչն ընդամենը գումարվել է Կոպենհագենի չափանիշներին: «Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հարցում արդեն մեկ տարի է` Հայկական ցեղասպանության հարցն ակտիվորեն շրջանառվում է»,- գրում է «Figaro»-ն` փորձելով ցույց տալ, որ Ֆրանսիայի նախագահի կոչի բնույթն առանձնապես սենսացիա չէր Թուրքիայի համար: Այստեղ Ժակ Շիրակի անձի խնդիրն է: «Այդ առաջարկությունն (ընդունել ցեղասպանությունը- Կ. Թ.) անակնկալ էր, քանի որ Շիրակը հայտնի է որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պարտիզան»,- գրում է «Figaro»-ն: Իսկ ընդլայնման գծով Եվրոպական հանձնաժողովի անդամ Օլի Ռենը, ով օրերս այցելել էր Թուրքիա, հակադարձել էր Ժակ Շիրակին եւ Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերջին զեկույցին: Ըստ Ռենի, Ցեղասպանության ընդունումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խոչընդոտ չի կարող լինել: «Ֆրանսիա, STOP, բոյկոտը սկսվում է», «Ցեղասպանությունը պատրանք է»: Նման բովանդակությամբ պաստառներով հոկտեմբերի 8-ին Ստամբուլում ցույց է տեղի ունեցել` ընդդեմ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության կողմից առաջարկված օրինագծի, որը Հայկական ցեղասպանությունը հերքողների համար նախատեսում է 5 տարի ազատազրկում եւ խոշոր չափի տուգանք: Մեկ անգամ Ֆրանսիայի խորհրդարանում տապալված այս նախագիծը երկրորդ անգամ քննարկվելու է հոկտեմբերի 12-ին: Օրինագծի առնչությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Figaro»-ի փոխանցմամբ, հետաքրքիր հարցադրում է արել ֆրանսիացիներին: «Ի՞նչ կանեք, եթե Թուրքիայի մի վարչապետ գա Ֆրանսիա եւ ասի, որ հայերի ցեղասպանություն չի եղել: Դուք նրան կբանտարկե՞ք»,- ասել է Էրդողանը: Ավելին, հոկտեմբերի 7-ին նա ընդունել է ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների («Peugeot», «Renault», «Danone», «Lafarge» եւ «Carrefour») պատվիրակությանը: Էրդողանի` Շիրակին ուղղված «մեսիջը» հասկանալի է. բոլոր այս ձեռնարկությունները կարեւոր գործառնություններ են իրականացնում Թուրքիայում: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլը դիմել է իր ֆրանսիացի գործընկերոջը` հիշեցնելով երկու երկրների միջեւ առկա ապրանքաշրջանառության չափերը (2005թ.-ին՝ մոտ 10 մլրդ դոլար): Փաստորեն, թուրքերը պարզ հասկացնում են ֆրանսիացիներին, որ վերոնշյալ օրինագիծն ընդունելու դեպքում Ֆրանսիան կկորցնի տնտեսական իր խոշոր գործընկերոջը:

Իսկ արդյո՞ք Հայաստանին պետք է այս ամենը: Ֆրանսիական լրատվամիջոցները համոզված են, որ Ցեղասպանության ժխտման վերաբերյալ օրինագիծը պաշտպանող քաղաքական ուժերի նպատակը 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ֆրանսիայի 500.000-անոց հայ համայնքին դուր գալն է: Բայց այդ օրինագիծը, ինչպես եւ Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերությունների սրացումը, Հայաստանին բացառապես ոչինչ չեն տալիս: Այդ նույն 500.000-անոց համայնքը, Ցեղասպանության ճանաչումը կռվան դարձնելու փոխարեն, կարող էր այլ պահանջներ ներկայացնել Ֆրանսիայի քաղաքական ուժերին (օրինակ, տնտեսական համագործակցության խորացում, Հայաստանում տարբեր նախագծերի իրականացում եւ այլն): Այդ դեպքում եւս նույն սոցիալիստական կուսակցությունը մեծապես հաշվի կնստեր սփյուռքահայերի հետ:

Հայաստանին ոչինչ չտվեց նաեւ Ժակ Շիրակի` աղմուկ հանած նախադասությունը, որ նա հնչեցրեց ՀՀ նախագահի նստավայրում: Արդյո՞ք Հայաստանին անհրաժեշտ է, որ Թուրքիան չանդամակցի Եվրամիությանը: Այս հարցը բուռն քննարկումների առարկա է: Իսկ Ֆրանսիայում միանշանակ համոզված են, թե Ժակ Շիրակը Երեւանում ասել է այն, ինչ «երազում էր լսել ողջ հայությունը»: