«Կատաստրոֆ է»,- մեկ բառով այսպես բնութագրեցին ռուս- վրացական լարված հարաբերությունների արդյունքում Հայաստանի ճանապարհատրանսպորտային ծանր վիճակը «Նորդ Սաութ Տրանս» բեռնափոխադրող ընկերությունից,- Եթե բացատրենք, թե հիմա ի՞նչ դժվարություններ ենք ունենում, մի ամբողջ օր չի հերիքի»:
Արդեն 10 օր է, ինչ սրվել են ռուս-վրացական հարաբերությունները, եւ արդեն 10 օր է, ինչ Ռուսաստանը դադարեցրել է Վրաստանի հետ օդային, ցամաքային, ծովային ու փոստային հաղորդակցությունը: Սա նշանակում է, որ սրվել են նաեւ Հայաստանի բեռնափոխադրողների դժվարությունները, որոնք առանց այդ էլ սուր էին Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո: Այս օրերին մեր արտադրողներն ու բեռնափոխադրողներն, իրենց իսկ ասելով, գիշերներ են անքուն լուսացնում, որ կարողանան ստեղծված վիճակից ելք գտնել ու իրենց բեռները հնարավորինս արագ ու անվնաս տեղ հասցնել: Բանն այն է, որ հունիսից Փոթի-Նովոռոսիյսկ-Բուրգաս-Փոթի լաստանավի հույսին մնացած հայ բեռնափոխադրողներն այս ընթացքում չեն մտածել, որ վրացական մեքենաներով բեռներ տեղափոխելը կարող է հետագայում մեծ խնդիրներ առաջացնել: Այս ընթացքում «Թամարա ֆրուտ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանի մտքով էլ չի անցել, որ դադարեցնի համագործակցությունը վրացի բեռնափոխադրողների հետ ու իր ապրանքն արտահանի միայն ռուսական ու հայկական մեքենաներով: «Թամարա ֆրուտի» 20 տոննա սառեցրած մոշով բեռնված վրացական բեռնատար մեքենան սեպտեմբերի 27-ին Հայաստանից ուղեւորվել է Փոթի, ապա՝ Նովոռոսիյսկ, որպեսզի հետո հասնի Մոսկվա: Մեքենան հասել է Նովոռոսիյսկ, ու հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանը խզել է իր կապերը Վրաստանի հետ: Պրն Հովհաննիսյանը հիմա չգիտի՝ ի՞նչ անել, որպեսզի ընկերության բեռը տեղ հասցնի: «Ախր դա մոշ է, փչացող ապրանք է, մի շաբաթ էլ որ այնտեղ մնա, ուրեմն ես պիտի հրաժարվեմ այդ բեռից,- մեզ հետ զրույցում ասում է Բ. Հովհաննիսյանը: – Հիմա զանգել եմ Մոսկվայի մեր գործընկերոջը, խնդրել եմ ռուսական մեքենա ուղարկեն, բեռը տեղափոխեն ու էդպես տեղ հասցնեն: Դա էլ չգիտեմ, թե ե՞րբ կլինի: Ախր նրանք էլ գումարը չեն փոխանցում, մինչեւ ապրանքը տեղ չի հասնում: Իսկ այդ գումարի ուշացումն ամեն օր մեզ վնաս է բերում: Հիմա ես 50 մեքենա բեռ էլ ունեմ կուտակված ու չգիտեմ, թե դա ինչպե՞ս տեղափոխեմ»:
«Սաթի» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն էլ տեղեկացրեց, որ այսօր արդեն չի բավարարում բեռնափոխադրող մեքենաների քանակը: Վրացական մեքենաները, պարզ է, Հայաստանում էլ չեն բեռնվում: Խնդիրներ կա նաեւ ռուսական մեքենաների հետ կապված: Եթե Ռուսաստանը վրացական մեքենաները չի ընդունում, նույն տրամաբանությամբ էլ Վրաստանը ռուսական մեքենաները չի ընդունում: Եվ մեր բեռնափոխադրողներն այս անգամ էլ են մնացել միայն հայկական մեքենաների հույսին, որոնց քանակը շատ քիչ է: Արտահանելուց բացի` նույն խնդիրներն ունեն նաեւ ներմուծողները: Նրանց բեռներն էլ հիմա կուտակված են Նովոռոսիյսկում: Բանն այն է, որ այնտեղ կուտակված են եւ Հայաստան վերադառնալուն են սպասում նաեւ այստեղից արտահանված բեռները: Հասնելով Նովոռոսիյսկ, նրանք չեն կարողացել առաջ շարժվել, որովհետեւ վրացական մեքենաներով են: Այժմ այնտեղ մեծ կուտակումներ են առաջացել, եւ լաստանավ բարձրանալու համար մեծ հերթեր են գոյացել: Բ. Հովհաննիսյանը Նովոռոսիյսկում ունի նաեւ ներմուծվող բեռներ: Այնպես որ, նրա արտահանվող ու ներմուծվող բեռները հնարավոր է, որ միաժամանակ հասնեն Հայաստան: Բ. Հովհաննիսյանն այժմ պատկերացում անգամ չունի, թե այս իրադարձությունների արդյունքում որքա՞ն կտուժի իր արտադրությունը:
Ռուս-վրացական այս սրված հարաբերությունների արդյունքում խաթարվել է նաեւ լաստանավի աշխատանքի գրաֆիկը: Երեկ նավը Փոթիից պետք է գնար Նովոռոսիյսկ, բայց դեռ Փոթի չի էլ հասել: Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների (TIR) ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը հույս ունի, որ թեեւ ուշացումով, բայց գոնե այսօր լաստանավը կհասնի Փոթի ու վաղը երեկոյան կամ չորեքշաբթի կուղեւորվի Նովոռոսիյսկ: Այս օրերին արտահանողների, ներմուծողների եւ բեռնափոխադրողների հետ շատ դժվար է զրուցել: Օբյեկտիվ պատճառներով նրանք գերլարված եւ զայրացած են: Այդ պատճառով նրանք իրենց դժվարությունների մասին մեր հարցերին միայն կցկտուր ու ջղային մեկ-երկու նախադասություն են ասում՝ չցանկանալով այլեւս շարունակել զրույցը: Նրանց կարելի է հասկանալ, որովհետեւ յուրաքանչյուր ուշացած օր իր հետ մեծ կորուստներ է արձանագրում: Եվ սա` այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները ձեռքները ծալած՝ լուռ հետեւում են ռուս-վրացական կոնֆլիկտի սրացումներին: Իշխանությունների ի՞նչ պետքն է, թե Հայաստանից արտահանվող ապրանքը բեռնատարի մեջ փչանում է, կամ թե հայ արտադրողն ամեն օր ինչպիսի կորուստներ է ունենում: Արտադրողները, ստիպված, փորձում են ինքնուրույն լուծել այդ պրոբլեմները:
Այս իրավիճակից կարողացել են որոշակի ելքեր գտնել մեր թռչնարտադրողները եւ իրենց թռչունների կերը, թեկուզ ուշացումով, բայց կարողացել են տեղ հասցնել: Շրջափակումը շատ չի անդրադարձել նաեւ եվրոպական երկրներից ներմուծողների վրա: «Մենք շինանյութ ենք ներկրում Գերմանիայից, Հոլանդիայից,- ասում է «Եվրոշինանյութ, ռադիոտեխնիկա» ՍՊԸ տնօրեն Եղիշե Հարությունյանը: -Այդտեղից գնված բեռները նորմալ տեղ են հասել: Ռուսաստանից դադարել ենք ներկրել, որովհետեւ համոզվեցինք, որ շատ դժվար կլինի»:
Իսկ Ռուսաստանից ու ԱՊՀ երկրներից ներկրողներն իրենց հույսը դրել են երեկ Հայաստանից Ռուսաստան մեկնած Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի մեր պատվիրակության աշխատանքների վրա: Մոսկվայում պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը, որի ժամանակ այլ հարցերի հետ միասին պետք է քննարկվեն նաեւ երկու երկրների առեւտրատնտեսական, տրանսպորտի եւ կապի բնագավառներում համագործակցության խնդիրները: Մեր հանձնաժողովականները պետք է ռուսներին բացատրեն, որ Վրաստանի հետ նրա հարաբերությունները չպետք է անդրադառնան ռազմավարական ընկերոջ՝ Հայաստանի վրա: Ռուսաստանի համապատասխան իշխանություններին կփորձեն եւս մեկ անգամ հասկացնել, որ Հայաստանն այս օրերին ճանապարհատրանսպորտային խնդիրների հետ կապված մեծ դժվարություններ ունի: Դժվար է ասել՝ Ռուսաստանը կհասկանա՞, կամ ցանկություն կունենա՞ հասկանալ իր ռազմավարական դաշնակցի եւ փոքր եղբոր խնդիրները: Առավել դժվար է գուշակել, թե հասկանալուց հետո գոնե Հայաստանի բեռների համար կվերացնի՞ արդյոք ստեղծված դժվարությունները: Թե՞ իր պետության շահը դա թույլ չի տալիս: Միեւնույն է, Հայաստանի իշխանությունները գլուխները կախ կընդունեն նրանց ցանկացած որոշում: