Ինչո՞ւ է թանկացել ձուն

12/10/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հիմնական եւ ամենօրյա սննդամթերք հավկիթն անցյալ մեկ-երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար թանկացավ: Դեռեւս մեկ ամիս առաջ խանութներում 1 տուփ ձուն արժեր 1450-1550 դրամ, իսկ 1 ձուն՝ 45-55 դրամ: Այսօր 1 ձվի գինը դարձել է 55-65 դրամ՝ թանկանալով մոտ 10 դրամով կամ 16 տոկոսով:

Ձմռանը, երբ մեր հարեւան բոլոր երկրներում թռչնագրիպ էր տարածվել, եւ այդ վտանգը սպառնում էր նաեւ Հայաստանին, մեզ մոտ էլ ձվի ու թռչնամսի սպառման քանակը կտրուկ նվազեց: Բայց դրան զուգահեռ` այդ երկու սննդամթերքի գները գրեթե չէժանացան: Սա տարօրինակ երեւույթ էր, որովհետեւ պահանջարկ չունենալու դեպքում բնական կլիներ, եթե տվյալ ապրանքի գինն ընկներ: Մանավանդ, որ միշտ էլ կարծիք է եղել, թե Հայաստանում արտադրվող ձուն եւ թռչնամիսը վաճառվում են բավական թանկ գնով: Նաեւ կարծիք կա, որ թռչնամթերք արտադրողները վերջին տարիներին գերշահույթ են ստանում: Մեր արտադրողները թռչնակերի 80 տոկոսը ներկրում են: Այս երեք տարիների ընթացքում դոլարի 40 տոկոսով արժեզրկումը, մյուս ներմուծողների հետ միասին, պետք է, որ «դրականորեն» ազդեր նաեւ թռչնամթերք արտադրողների բյուջեի վրա: Ոչ միայն ցանկալի, այլեւ տրամաբանական կլիներ, եթե այդ մթերքն էժանանար: Չէ՞ որ դրանք վաճառվում են դրամով, իսկ թռչնակերը նրանք գնում են Հայաստանում ձեռք բերված եւ արժեզրկված դոլարով: Սակայն մյուս բոլոր ապրանքների նման այս երեք տարիների ընթացքում թռչնամթերքը ոչ միայն չէժանացավ, այլեւ շարունակում է թանկանալ: Հավի ձուն համարվել է էժան ու բոլորին հասանելի սննդամթերք: Ասում են նաեւ, որ 10 ձվով ու 1 կգ պոմիդորով պատրաստված ձվածեղը բավարար է 1 ընտանիքին 1 անգամ ճաշելու համար, եւ այդ պատճառով այն համարվում էր էժան, որակով ու հարմար ուտեստ: Իսկ 65 դրամով արդեն ձուն համարվում է թանկարժեք մթերք: Եվ չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո այն հասանելիից դառնա «էլիտար» սննդամթերք եւ հասու լինի միայն գրպանի «էլիտար» պարունակություն ունեցող խավին:

Խանութների վաճառողներն ասում են, որ մեծածախ շուկաներից կամ առաքիչներից իրենք ձուն վերցնում են 57-58 դրամով: Դեռեւս մեկ-երկու ամիս առաջ վերցնում էին 40-50 դրամով: Թանկանալու պատճառով ընկել է ձվի վաճառքի քանակը: «Բացի այդ, մեծածախ շուկաներում ձու չի ճարվում,- ասում է Կենտրոնի խանութներից մեկի վաճառողը: -Ասում են՝ չկա»: Մի քանի խանութների վաճառողներ էլ հաստատեցին, որ ձուն ոչ միայն թանկացել է, այլ նաեւ դարձել է դեֆիցիտ սննդամթերք: Միգուցե հենց այդ պատճառով էլ թանկացել է: Իսկ «Մաքս գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Մանուկյանը համաձայն չէ շրջանառվող այս լուրերի հետ: «Ձու կա եւ շատ կա, ոչ մի դեֆիցիտի խնդիր էլ չկա»,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց պրն Մանուկյանը:

Խ. Մանուկյանը նաեւ համաձայն չէր այն կարծիքի հետ, թե ձուն թանկացել է: Նրա ասելով` ներկա պահին ձվի գինն այնքան է, որքան անցած տարի հենց այս ժամանակահատվածում էր: «Դեռ մի բան էլ էժան է,- ասաց պրն Մանուկյանը: -Բացի այդ, ինչո՞ւ հաշվի չեք առնում, որ մեր բոլոր ընկերություններն էլ այս ամառ ձմեռվանից սկսած՝ վնասներ կրեցին: Թռչնագրիպից հետո մեր ընկերությունները տուժեցին նաեւ աննախադեպ շոգերի պատճառով: Սառնարանները չէին կարողանում պահպանել բավարար չափի սառնություն, ու ձվերը փչանում էին: Մեր ընկերությունը թափել է մոտ 700.000 դոլարի ձու»: «Արզնին» թափել է մոտ 450.000 դոլարի ձու, իսկ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան»՝ մոտ 300.000 դոլարի: Բացի այդ, պրն Մանուկյանի ասելով, վերջին մի քանի ամիսներին միջազգային շուկայում թռչնակերը թանկացել է մոտ 45 տոկոսով: Թռչնամթերք արտադրողների ասելով` վերոհիշյալ երկու հանգամանքները, ինչպես նաեւ` բեռնափոխադրման հետ կապված դժվարությունները պատճառ են դարձել, որպեսզի ձուն թանկանա: Իսկ վաճառողներն ասում են, թե լսել են, որ առաջիկայում ձվի գինը հասնելու է մինչեւ 100 դրամի: Նրանք նաեւ լսել են, որ Հայաստանում ձվի քանակը պակասել է, որովհետեւ մեր արտադրողները մեծացրել են դեպի Վրաստան արտահանման ծավալները: Թռչնագրիպի պատճառով Վրաստանն արգելել էր Իրանից ու Թուրքիայից ձվի ներմուծումը: Քաղաքական հայտնի պատճառներով Ռուսաստանից Վրաստանն այլեւս չի ներկրում, իսկ տեղական արտադրանքը նրանց չի բավարարում: Այս պարագայում շատ հարմար է Հայաստանից ներմուծումը: Միգուցե հենց արտաքին շուկայի այս հաջողությունից ոգեւորված են հայ արտադրողները բարձրացրել ձվի գինը: Արտադրողները, սակայն, համաձայն չեն նաեւ այս տեսակետի հետ: «Այո, մենք օգնում ենք մեր հարեւան Վրաստանին,- ասում է Խ. Մանուկյանը: -Բայց մենք արտահանում ենք այն քանակությունը, որն այստեղ ավելանում է»:

Թռչնամթերք արտադրողների բոլոր բացատրություններից անկախ, ձու սպառողներն ու վաճառողները վստահ են, որ նրանք որոշել են թռչնագրիպի վտանգի եւ ամռան շոգի հասցրած վնասները ետ բերել: