Քամի ցանես …

12/10/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Դժվար է ասել` կգնայի՞ն արդյոք Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը, եթե հաստատ իմանային, թե ինչ հետեւանքներ կարող էր ունենալ «լրտեսական սկանդալը»: Վրաստանի առաջին դեմքերն, արդեն մի շաբաթ է, կրկնում են, որ Ռուսաստանն ինքն է տուժելու իր իսկ մտցրած սանկցիաներից, խոսում են մարդու իրավունքների խախտման մասին, Մոսկվային մեղադրում են ֆաշիզմի մեջ եւ այլն: Բայց այդ ամենն անիմաստ է, ինչպես եւ անիմաստ է Վրաստանի նկատմամբ ռուսաստանյան քաղաքականության քննադատությունը, ավելի ճիշտ` Ամերիկայի եւ Եվրոպայի կողմից Ռուսաստանի հակավրացական քաղաքականության դատապարտումը: Ակնհայտորեն անցել է այն ժամանակը, երբ Մոսկվան ստիպված էր հաշվի նստել Վաշինգտոնի, Փարիզի, Բեռլինի, Լոնդոնի եւ այլ երկրների հետ: Նա իրեն կրկին հավասար խաղացող է զգում եւ համարում է, որ եթե ԱՄՆ-ը կարող է Իրաքի ռեժիմը փոխել միայն այն պատճառով, որ Սադամը կարող էր քիմիական զենք ունենալ, ուրեմն ինչո՞ւ ինքը չոլորի մի երկրի ձեռքերը, չփորձի կոտրել մի երկրի ողնաշարը, որը, Մոսկվայի էթիկական պատկերացումներով, իրեն բավականաչափ հարգալից չի պահում: Ասում են, որ մոտավորապես նման կերպ է Կրեմլը պատասխանել Սպիտակ տանը, երբ վերջինս փորձել է պաշտպանել իր հովանավորյալ Թբիլիսիին: Միաժամանակ Կրեմլը (դա արդեն բոլորին հայտնի է, եւ դա խոստովանում է նաեւ ԱՄՆ-ը) բավականին կոպիտ տոնով Սպիտակ տանը հիշեցրել է Վրաստանի հեղափոխական իշխանությունների նկատմամբ ԱՄՆ-ի քաջալերող քաղաքականության անթույլատրելիության մասին, իշխանություն, որը «բացարձակապես կորցրել է աշխարհի իրական ընկալումը»: Եվ Վաշինգտոնը չափավորեց փաստաբանի իր եռանդը: Ոչ թե այն պատճառով, որ վախեցավ Մոսկվայի զայրագին պատասխանից, այլ որովհետեւ Մոսկվան նրան չափազանց պետք է Իրանի հարցի լուծման համար: Իսկ Եվրոպան ռուս-վրացական ճգնաժամի հարցում սահմանափակվում է իրավիճակը բարդացնելու վտանգավոր փորձերը դադարեցնելու կոչերով եւ իրեն առաջարկում է հանդես գալ իբրեւ բանակցությունների միջնորդ: Հին աշխարհի գրեթե չեզոք, Վրաստանի նկատմամբ թույլ արտահայտված համակրական դիրքորոշումը հասկանալի է. նա մեծ կախում ունի ռուսական էներգակիրներից: Թե չէ՝ մեկ էլ տեսար` Պուտինը կամ Իվանովը նեղանան մոտեցող ձմռան շեմին: Դե հետո գնա ու բացատրիր քո բնակչությանը գազի գների թանկացումը կամ գազի բացակայությունն այն բանով, թե պաշտպանել ես «ինչ-որ մի Վրաստանի»: Սա, իհարկե, չափազանցված է, սակայն ճիշտ դուրս եկան այն քաղաքագետներն ու քաղաքական գործիչները, որոնք կուլուարներում կամ բացահայտ կոչ էին անում Սահակաշվիլուն եւ նրա թիմին` Ռուսաստանի հետ հարաբերություններում բզի ծայրին բռունցքով չխփել. ոչ ոք իրեն չի կոտորելու Վրաստանը փրկելու համար: Սակայն Վրաստանի ղեկավարներն այդ կոչերը բանի տեղ չդրեցին եւ շարունակեցին «կռվախաղերը»:

Կարելի է անվերջ պնդել, թե Ռուսաստանն ինքն է տուժելու իր իսկ սանկցիաներից, կասկածելի դատողություններ անել եւ հանգել արդեն միանգամայն պարադոքսալ հետեւությունների, թե սանկցիաները Վրաստանին օգուտ են բերելու, եւ, որ այդպիսով Ռուսաստանը գցում է իր հեղինակությունը եւ այլն: Սա նույնն է, թե գոռաս` «հալվա, հալվա», դրանից բերանդ հո չի՞ քաղցրանալու: Ակնհայտ է, որ Ռուսաստանը եթե անգամ տուժի իր կիրառած սանկցիաներից, ապա անհամեմատ ավելի քիչ կտուժի, քան Վրաստանը: Սանկցիաները Վրաստանին ոչ մի օգուտ չեն բերելու, իհարկե, մանավանդ տնտեսական առումով: Միայն գինու, հանքային ջրերի եւ գյուղմթերքների նկատմամբ կիրառվող բեռնարգելքն արդեն 40մլն (բնականաբար` դոլար) վնաս է հասցրել Վրաստանի բյուջեին, հայտնի է նաեւ, որ «Գազպրոմը» կրկնակի թանկացնում է գազի գինը Վրաստանի համար: Վիճելի է եւ այն, որ այս ամենը համախմբում է վրաց հասարակությանը: Այս մասին հստակ պատասխան կարելի է ստանալ արտագնա աշխատանքի մեկնածների հարյուր-հազարավոր ընտանիքներից, որոնց նրանք գումարներ էին ուղարկում, հենց արտագնա աշխատանքի մեկնածներից, որոնք այսօր չէ վաղը զրկվելու են աշխատանքից եւ հետ են ուղարկվելու Վրաստան, նաեւ Ռուսաստանում վաղուց ապրող կամ նույնիսկ այնտեղ ծնված վրացիներից: Ֆինբաժինների տեսուչները խիստ հետաքրքրված են քանդակագործ Ծերեթելու եւ գրող Չխարտիշվիլու (որն առավել հայտնի է Ակունին կեղծանունով) գործունեությամբ ու եկամուտներով: Փակվել են ռեստորաններ եւ զվարճանքի վայրեր, որոնց հետ այս կամ այն կերպ կապ ունեին վրացիները: Հերթը մյուս ձեռնարկություններինն է: Ավելորդ է խոսել տրանսպորտային բոլոր տեսակի հաղորդակցությունների արգելքի, մուտքի վիզաներ տրամադրելը դադարեցնելու մասին: Այս ամենը, ինչպես ասաց հակամարտությունների կարգավորման հարցերի նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավան, գրեթե չի ազդի հսկա կաբինետներում նստած բարձրաստիճան պաշտոնյաների վրա, սակայն արդեն իսկ ազդել է հասարակ քաղաքացիների վրա:

Ի՞նչ անել: Նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, որ լավ թե վատ լեզու էր գտնում Կրեմլի հետ, այս ամենից ելքը տեսնում է բանակցությունների մեջ, ընդ որում` անհապաղ: Տեղական մամուլի էջերում նա խիստ մտահոգություն է արտահայտել իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ: Նրան չափազանց անհանգստացնում է ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան թույլ չի տա, որ իր քաղաքացիներին նեղացնեն, եւ համարժեք պատասխան կտա: «Ի՞նչ են նշանակում Իվանովի խոսքերը: Հայտնի է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչությունը ռուսական անձնագրեր ունի, այսինքն` Ռուսաստանի քաղաքացիություն, ինչպես էլ որ դրան վերաբերվի Վրաստանի ղեկավարությունը: Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ հնչում են Նոր տարին Ցխինվալիում նշելու խոստումներ: Թե ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ, լրացուցիչ բացատրությունների կարիք չկա»,- կարծում է վրացական քաղաքականության նահապետը:

Սակայն ինչպե՞ս սկսել բանակցությունները: Պուտինն արդեն մի անգամ մերժել է Սահակաշվիլուն: Վրացական ամբիցիոզ իշխանությունները նույնպես մտադիր չեն խոստովանել իրենց ինչ-ինչ սխալները, տեղի տալ: Իսկ եթե անգամ որոշեն դա անել, ապա փաստ չէ, որ Մոսկվան կցանկանա խոսել, այլ չի շարունակի ցուցադրական «ծեծ տալ», ինչը, հաշվի առնելով «քաշային կարգերի» հսկակայան տարբերությունը, հենց իրեն էլ նվաստացնում է: Իսկ կրեմլյան քաղաքական տեխնոլոգներն արդեն չեն էլ թաքցնում, որ նպատակ են դրել փոխել իրենց ատելի Սահակաշվիլու ռեժիմը: Նույնիսկ բացահայտ կոչեր են հնչում, որ եթե ամերիկացիները փոքրաթիվ «զոնդերթիմ» են ուղարկել, որն անկողնուց հանել է ու Վաշինգտոն տարել գեներալ Նորյեգային, ապա ի՞նչն է խանգարում նույնն անել Սահակաշվիլու հետ. ռուսական հատուկ նշանակության ջոկատի մարտիկներն ամերիկացիներին չեն զիջում պատրաստվածության մակարդակով:

Բայց ո՞վ է լինելու Սահակաշվիլու փոխարեն: Բանն էլ հենց այն է, որ Վրաստանում համապատասխան թեկնածու չկա: Հո դա չի՞ լինելու Պետանվտանգության նախկին նախարար, փախուստի մեջ գտնվող Գեորգաձեն, որ այժմ Մոսկվայում է: Կամ էլ Աջարիայի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ասլան Աբաշիձեի շրջապատի խիստ անցանկալի դեմքերից մեկը, որ նույնպես Մոսկվայում է ապաստան գտել: Համապատասխան ֆիգուր փնտրել եւ աճեցնել հենց Վրաստանո՞ւմ: Դա ավելի վաղ պետք է արվեր: Իսկ հիմա իրավիճակն այնպիսին է, որ Մոսկվայի կողմից ամենաաննշան աջակցությունն անգամ ամենաանբիծ եւ քիչ թե շատ ճանաչում ունեցող քաղաքական գործչին` այդ գործչի ժողովրդականությունն ու վարկանիշը զրոյի կհավասարեցնի: Եվ երեւում է` իսկապես ճիշտ են նրանք, ովքեր կարծում են, որ նորմալ հարաբերությունները վերականգնելն այսօրվա գործ չէ, եւ հիշում են Մովսեսին, որը ժողովրդին տանում էր անապատով, քանի դեռ նոր սերունդ չէր հայտնվել: