Մի անգամ ադրբեջանցի մի լրագրողի ինտերնետ հերթական «շրջայցն» ավարտվեց աղմուկ-աղաղակով: Այդ լրագրողը հայտնաբերել էր ԱՄՆ Արդարադատության նախարարության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հասարակական կազմակերպությունների մասին տարեկան հաշվետվությունը, որտեղ հայտնաբերել էր նաեւ ԼՂՀ ներկայացուցչության մասին հիշատակումը:
Թե ինչ եղավ հետո, բոլորին է հայտնի, ով էլ չգիտի` կարող է գլխի ընկնել. սովորական անիմաստ ու անօգուտ հիստերիա սկսվեց: Զավեշտալին այն է, որ այդ զեկույցն Արդարադատության նախարարությունը պատրաստում է տարին երկու անգամ եւ ԼՂՀ ներկայացուցչության մասին հիշատակում է ոչ առաջին անգամ ու ոչ էլ առաջին տարին: «Այդ աղմուկից հետո մեր աշխատանքում ոչինչ չի փոխվել: Իհարկե, գործը դժվար է, քանի որ չկա երկկողմանի համաձայնագիր, այդ պատճառով ներկայացուցչությունը լիարժեք չի գործում: Մեր ներկայացուցչությունն այստեղ քաղաքական նշանակություն ունի»,- ասում է Վարդան Բարսեղյանը, որը ԼՂՀ մշտական ներկայացուցիչն է 1999 թվականից:
Արցախի ամերիկյան ներկայացուցչության գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում: Գրասենյակը քաղաքի կենտրոնում է` 19-րդ փողոցի վրա, Ամերիկայի հայկական համագումարի հետ նույն շենքում եւ նույն հարկաբաժնում: Ըստ էության, գրասենյակն ընդամենը երեք փոքրիկ սենյակներ են` ներկայացուցչով եւ երկու աշխատակցով: Ու այդ փոքր անձնակազմով ներկայացուցչությունը կարողանում է, իր հնարավորությունների չափով, զբաղվել ակտիվ քարոզչությամբ. Կոնգրեսի, Սպիտակ տան ու հայկական համայնքի համար պատրաստում է ամենամսյա լրագիր Արցախի մասին, ընդունելություններ Կոնգրեսում, կազմակերպում է Արցախի պաշտոնյաների այցը Վաշինգտոն: Վերջերս բանակցային գործընթացի մասին Ղարաբաղի դիրքորոշումը Վարդան Բարսեղյանը ներկայացրել էր ամերիկյան «Diplomatic traffc» պարբերականին:
Ներկայացուցչությունն անշուշտ հետեւում է բանակցային գործընթացին: Այստեղ կարծում են, որ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարող է նոր «մոմենտում» բերել արդեն տասնամյակից ավելի ձգվող հայ-ադրբեջանական բանակցություններում: «Բրայզան Կոնդոլիզա Ռայսի թիմից է: Նրանք միասին աշխատել են Անվտանգության խորհրդում: Երբ Ռայսը տեղափոխվեց Պետքարտուղարություն, Բրայզային էլ իր հետ տարավ: Նրանք միեւնույն թիմից են եւ բանակցային գործընթացի հաջողությունից է կախված Բրայզայի հետագա կարիերան»,- նկատում է Վ. Բարսեղյանը:
Բնականաբար, Արցախի ներկայացուցչությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի «աչքի փուշն է»: «Մարշալ» հիմնադրամի հետ միջոցառում կազմակերպելու մասին պայմանավորվածություն կար, սակայն Ադրբեջանի միջամտությունից հետո հիմնադրամը հրաժարվեց իր այդ մտադրությունից, թեեւ փոքր-ինչ ավելի ուշ այնուամենայնիվ կայացավ»,- ասում է Վ. Բարսեղյանն՝ ավելացնելով, որ դժվար է դիմադրել ադրբեջանական ու հատկապես թուրքական դիվանագիտական ագրեսիային, որոնք չափազանց ազդեցիկ են Վաշինգտոնում: Ադրբեջանցի եւ թուրք գործընկերների հետ երկկողմանի շփում չկա: Հանդիպում են սեմինարներին եւ փորձում միմյանց չնկատել. «Մի համաժողովի ժամանակ Ադրբեջանի պատվիրակը, որը խորհրդարանի ներկայացուցիչն էր, հրաժարվում էր ինձ հետ նստել նույն սեղանի շուրջ: Ասում էր՝ դու ի՞նչ ներկայացուցիչ, երեւի ուսանող ես: Այսինքն, դժգոհ են մեր ներկայությունից, որ ազատ աշխատում ենք, եւ ամեն ինչ անում են, որ խանգարեն կամ փակեն գրասենյակը: Բայց` անօգուտ»:
ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը ծրագրում է առաջիկայում, բացի քարոզչական եւ քաղաքական գործունեությունից, զբաղվել նաեւ տնտեսական ծրագրերով, այսինքն՝ բանակցել գործարարների հետ` Արցախում ներդրումներ կատարելու նպատակով: