Ցանկացած մանր եւ միջին ձեռնարկատեր չի դիմանում հաց արտադրելու
գայթակղությանն այն պարզ պատճառով, որ հացի արտադրությունը նախ եկամտաբեր
է եւ, ամենակարեւորը, մեր շուկայում հացի արտադրությունը վերահսկելի չէ:
Մեր տվյալներով՝ միայն Երեւանում հացի բիզնեսով զբաղվող 20.000 տնտեսվարող
սուբյեկտ կա, ընդ որում, սպառողների 90%-ն օգտվում է մասնավոր
արտադրություններից:
Փորձեցինք պարզել, թե ներկայումս գործող հացի ձեռնարկությունները որքանով
են պահպանում օրենքներում ամրագրված որակական չափանիշները, հիգիենիկ
նորմերն, ու հատկապես ո՞ր օղակների կողմից է իրականացվում
վերահսկողությունը: Հացի արտադրությունում աշխատող մի մարդ, որը խնդրեց իր
անունը չհրապարակել, վկայում է, որ Որակի տեսչության եւ Սանէպիդկայանի
հսկիչների ստուգումներն իրականում ձեւական բնույթ են կրում, քանի որ նրանք
ոչինչ էլ չեն ստուգում: «Մենք նրանց անգամ չենք տեսնում,- ասում է նա,-
որովհետեւ գալիս են տնօրենի սենյակ, այնտեղ տնօրենը կլորիկ գումար է
առաջարկում, ու հսկիչն իր միսիան համարում է ավարտված, փաստաթուղթ է
ստորագրում, թե ամեն ինչ կարգին է: Բայց դե այդպես չէ. հացի քաշը պակաս
ենք թխում, հին հացը վաճառում ենք նոր թխածների հետ, գործարանում
առնետները վխտում են, որոշ աշխատողներ գլխաշոր չեն կապում կամ շատ փնթի
են, եւ այլն: Այնպես որ, հսկիչներն անգամ ոտք չեն դնում արտադրամաս: Ես
կարող եմ ասել, որ մեզ մոտ հացի քաշը երբեք չի համապատասխանում իրական
քաշին. 1կգ հացը թխում ենք 700գ, 500-ը՝ 300 եւ այլն, այսինքն, հացի
բիզնեսն ավելի շատ այդ պակասի դեպքում է կայանում, ցանկացած արտադրող
խաբելու վրա է փող աշխատում: Այն հացը, որը թխում ենք վաճառքի համար, մենք
երբեք տուն չենք տանում, որովհետեւ զզվում ենք: Ամեն հերթափոխի ժամանակ
վերջում հատուկ աշխատողների համար մի դեժ հաց ենք թխում՝ մաքուր, կարգին
ծանր քաշով: Ընդհանրապես մեր խոհանոցը նողկալի է. պարկերի ալյուրը եթե
թափվում է, ապա շեֆը ստիպում է կորուստ չտալու համար օգտագործել, մենք էլ
ավել-սավոկով հավաքում-մաղում ենք խմորի վրա: Շատ է պատահում, որ պարկերի
միջից կարիճներ ենք հանում, բայց եթե չենք կարողանում հանե՞լ… օրինակ
մեր աշխատողներն, այն ձեռնոցներով, որով տաք հացն են տեղափոխում, ամեն օր
կոշիկ են սրբում, որովհետեւ ձեթոտ է, լավ փայլեցնում է: Եթե չվաճառված հին
հաց է բերվում, մենք դնում ենք վառարանի մեջ, մի քիչ թարմանում է, ու
խանութի աշխատողը թարմ հացի հետ միասին, որպես նոր թխած՝ իրացնում է:
Օրենքով՝ հացի փռում աշխատելու համար աշխատողը պետք է բժշկական
թույլտվություն ունենա, այսինքն, վկայական, որ դու առողջ ես, բայց դա էլ է
սուտ, որովհետեւ ցանկացած պոլիկլինիկայում, առանց անալիզ հանձնելու, առանց
կաբինետներ մտնելու՝ 3-5000 դրամ ես վճարում, քեզ այդ թուղթը տալիս են:
Եղել է, որ ես գնացել եմ եւ մեր աշխատողների համար էլ վկայական վերցրած
եկել եմ: Այսինքն, եթե անգամ սպիդով կամ սիֆիլիսով հիվանդ ես՝ կարող ես
հանգիստ հաց թխել»:
Հացամթերքի ստանդարտները
Ինչեւէ, հաց արտադրողը, որպես կանոն, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի
նախարարության կողմից, այսպես կոչված, մեկ պատուհանի սկզբունքով
ենթարկվում է լիցենզավորման: Լիցենզավորումը ստանալուց հետո անհատ
արտադրողը պետք է իմանա, թե ո՞ր նորմատիվներին համապատասխան պետք է
արտադրություն կազմակերպի: Այստեղ առաջանում է Ստանդարտների ազգային
ինստիտուտի դերը: Ինստիտուտը պարտավոր է ցանկացած արտադրողի տրամադրել
նորմաստանդարտացման, նորմատիվ փաստաթղթերը, տվյալ դեպքում՝ ստանդարտները:
ՀՀ հացի արտադրության վերաբերյալ գործում են Հայաստանի մի շարք
ստանդարտներ. հաց ցորենի ալյուրից՝ ընդհանուր տեխնիկական պայմաններ,
հացագործական արտադրության տերմիններ եւ սահմանումներ, հացի եւ
հացաբուլկեղենի ընդունման կանոնները, նմուշների ընտրման եղանակները,
զգայաորոշման ցուցանիշների եւ արտադրանքի զանգվածի որոշման եղանակները,
թթվայնության որոշման եղանակները, ծակոտկենության որոշման եղանակը,
խոնավության որոշման եղանակը, բուլկեղենի ընդհանուր տեխնիկական
պայմանները, կերակրի աղի զանգվածային մասի որոշման եղանակները:
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ փոխտնօրեն Մ. Գասպարյանի
հավաստմամբ՝ ՀՀ գործում է թվով ութ Հայաստանի ստանդարտ, որոնք ապահովում
են հացի արտադրության նկատմամբ եղած պահանջները: Ստանդարտների ազգային
ինստիտուտի խնդիրն է՝ հացամթերքի արտադրությամբ զբաղվող ցանկացած
արտադրողի, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ապահովել
ստանդարտներով: Իսկ ապահովելու տարբերակները թերեւս երկուսն են. նախ՝
ինստիտուտն ունի մեծ գրադարան, ֆոնդ, որից կարող է օգտվել հացամթերքի
արտադրությամբ զբաղվող մարդը, կամ ըստ ստանդարտացման մասին օրենքի՝
ստանդարտը ձեռք է բերվում պայմանագրային հիմունքներով, այսինքն՝ ստանդարտն
ապրանք է, որն արտադրողը կարող է գնել: Դժվար է պատկերացնել հայ
արտադրողին Ստանդարտների ազգային ինստիտուտի գրադարանում գրականություն
ուսումնասիրելիս, ուստի հարցիս, թե մեր հաց արտադրողները պարտադիր ձե՞ռք
են բերում այդ ստանդարտները, պրն Գասպարյանը պատասխանեց. «Դժվար է
պատկերացնել հաց արտադրող մեկին, որը, կոպիտ ասած, աչքերը փակ
արտադրություն է կազմակերպում եւ չի իմանում, որ մի շարք ստուգող
կազմակերպություններ ստուգելու են»:
Ամեն մարդ՝ իր ռեցեպտով
Հացի փռերում ստուգումն իրականացնում են ՀՀ Առողջապահության նախարարության
Սանիտարահիգիենիկ համաճարակային տեսչությունը եւ Առեւտրի եւ տնտեսական
զարգացման նախարարության համակարգում գտնվող Որակի տեսչությունը: Ընդ
որում, յուրաքանչյուր հացի արտադրամաս առաջնորդվում է իր իսկ նախաձեռնած
հացաթխման ռեցեպտով կամ տեխնոլոգիայով: Առհասարակ գոյություն ունի
համապատասխանության գնահատման եւս մեկ ձեւ՝ համապատասխանության հավաստում,
սերտիֆիկացում, այսինքն՝ խմբաքանակն արտադրվում է, դիմում են
սերտիֆիկացման մարմին, ամբողջ խմբաքանակը նմուշարվում է: Մինչդեռ
կառավարության որոշմամբ՝ կան պարտադիր սերտիֆիկացման ապրանքներ՝ մսամթերք,
կաթնամթերք, ոգելից խմիչքներ եւ այլն, իսկ հացաբուլկեղենը պարտադիր
սերտիֆիկացման ենթակա ապրանքների մեջ չէ, ասել է թե, փորձաքննման ենթակա
չէ: Ստացվում է, որ միայն գոյություն ունեն նորմատիվ փաստաթղթեր,
ստանդարտներ, ըստ որոնց՝ պետք է աշխատեն արտադրողները, եւ կան
վերահսկողական մարմիններ, որոնք պետք է ստուգեն, հետեւաբար՝ պետք է
հանրագումարով համապատասխան չափանիշների հաց արտադրվի:
Որ հաց ուտելիս չմեռնենք
«Որակի տեսչությունը» վերահսկում է տեխնիկական կանոնակարգերի պահանջները:
Տեխնիկական կանոնակարգերի բացակայության դեպքում՝ Որակի տեսչությունն
իրականացնում է նորմատիվ փաստաթղթերի այն պահանջները, որոնք վերաբերում են
մարդու կյանքին, օրգանիզմին, շրջակա միջավայրին, կենդանիների առողջությանը
եւ սպառողներին: Որակի տեսչության պետի տեղակալ Գ. Գյոզալյանի խոսքերով՝
օրենքը սահմանում է պետական վերահսկողություն իրականացնել նշված
հանգամանքների շրջանակներում: Որակի տեսչությունը որոշում է հացի
մանրէաբանական ցուցանիշները, այսինքն՝ թունավոր տարրեր կա՞ն, թե՞ ոչ,
իրացման ժամանակ հացի մակնիշման հսկումը (քաշն ու գինը): «Եթե նախկինում
կար պահանջ, որ 500 գրամից ավել քաշով հաց չի կարելի արտադրել,- ասում է
նա,- ապա այսօր այդ պահանջն ազատականացված է, եւ արտադրողն իրավունք ունի
ցանկացած քաշի հաց արտադրել»: Նշենք, որ սպառողն այսօր միանշանակ
թյուրիմացության մեջ է՝ այն առումով, որ արտադրողների մեծ մասը քաշը չի
պիտակավորում, հետեւաբար՝ Որակի տեսչության հսկիչները կարգապահ չեն եւ,
շատ դեպքերում, կաշառք վերցնելով, մոռանում են օրենքի ուժի մասին: Այս
խնդիրը Գ. Գյոզալյանը համարեց աբսուրդ՝ պատճառաբանելով, որ նախ՝ հսկիչները
չեն կաշառվում, բացի այդ՝ իրենք ունեն ընդամենը 20 տեսուչ, որոնք
ֆիզիկապես չեն հասցնում հսկել բոլոր արտադրությունները: Պրն Գյոզալյանն
ասում է, որ իրենք ապահովում են այն պահանջները, որ մարդը հաց ուտելուց
չմեռնի, կենդանիները չսատկեն, շրջակա միջավայրը չփչանա, սպառողը
թյուրիմացության մեջ չընկնի: Այդուհանդերձ, վերջինս հերքեց այն փաստը, որ
շատ դեպքերում հացի քաշը չի համապատասխանում պիտակի վրա գրված քաշին, նա
ասաց, որ իրենց ջանքերով 80-85%-ը մակնիշվում է համապատասխանաբար:
Հին հացի վաճառքը վարչական խախտում է
Որակի տեսչության փոխտնօրենի հավաստմամբ՝ արտադրությունը պարտավոր է
ներկայացնել փաստաթուղթ, որտեղ նշված պետք է լինի հացաթխման հստակ ժամը,
քանի որ հացն օգտագործման ենթակա է վառարանից դուրս գալու պահից 24 ժամվա
ընթացքում: Այս նորմը մեզանում չի պահպանվում: Այս փաստը պրն Գյոզալյանը
հիմնավորեց հետեւյալ կերպ. «Այսօր մեր ոչ բոլոր խանութներն են ջեռուցվում:
Եթե հացը ցուրտ պայմաններում է պահվում, ապա չես կարող իմանալ, թե երբ է
թխվել, քանի որ սառած է»: Նրա կարծիքով՝ սպառողն է ձեւավորում շուկան. եթե
ցածր որակի հաց է, ապա չի գնում: Իսկ սպառողն այսօր այլընտրանք չունի,
քանի որ հացը համատարած ցածր որակի է:
Ուտում ենք հակահիգիենիկ հաց
Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային
հսկողության տեսչությունից տեղեկացանք, որ գոյություն ունեն հացաթխման
կազմակերպություններին ներկայացվող սանիտարական նորմեր եւ կանոններ:
Օրենքը սահմանել է ստուգումներ իրականացնելուց երեք օր առաջ տվյալ
ձեռնարկությանը նախազգուշացնել ստուգում անցկացնելու նախաձեռնության
մասին: Իրազեկելուց երեք օր հետո ստուգում է իրականացվում, ընդ որում,
տեսչության պետի տեղակալ Բասելիսյան Մարիետայի խոսքերով՝ ստուգումները մեծ
մասամբ ավարտվում են ակտերով, արձանագրվում են տարաբնույթ խախտումներ:
Պետք է նկատել, որ ստուգումներ անցկացնելու մասին երեք օր առաջ
զգուշացնելու դեպքում շատ արտադրամասեր դիտմամբ այդ օրերին փակվում են:
Եթե նախկինում վարչական իրավախախտման դեպքում արտադրողը որպես տուգանք
մուծում էր 1000-1200 դրամ, ապա այսօր՝ 30.000-50.000 դրամ: Ստուգումն
արվում է տարին մեկ անգամ: Մ. Բասելիսյանն ասում է. «Եթե սննդամթերքի
լիցենզավորումն այսօր գնում է պարզ ընթացակարգով, այսինքն՝ ցանկացած ոք,
ցանկացած վայրում արտադրություն կազմակերպելու համար դիմում է Ֆինանսների
եւ էկոնոմիկայի նախարարություն եւ երեք օրվա ընթացքում ստանում է
լիցենզիա: Լիցենզիա ստանալուց հետո նա համարում է, որ իրավունք ունի
ցանկացած վայրում արտադրություն կազմակերպել՝ խախտելով բոլոր հնարավոր
հիգիենիկ պայմաններն ու պահանջները: Միայն Երեւան քաղաքում արձանագրվել են
հսկայական տուգանքներ, մեծ թվով գործեր ուղարկվել են դատական մարմիններ,
քանի որ տուգանքները ժամկետներին չեն վճարվել: Հացաթխման
արտադրությունների վերաբերյալ մի շարք գործեր ներկայացվել են նույն
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն՝ լիցենզիայի գործունեությունը
կասեցնելու նպատակով: Այսինքն, մենք հիմնավորել ենք, որ այնքան խախտումներ
են իրականացվում, որ դրանց առկայության պայմաններում բնակչության
սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովել հնարավոր չէ»: Մեր
ունեցած այն փաստերը, որ ստուգող մարմիններն օբյեկտիվ չեն, եւ կաշառքի
միջոցով հնարավոր է նրանց լռեցնել, տիկին Բասելիսյանը համարեց լուրջ
մեղադրանք. «Եթե որեւէ մեկի ձեռքի տակ փաստ կա, ապա ներկայացնենք
հանձնաժողով, շատ դեպքերում մեզ էլ են բողոքում, շարադրված փաստերը չեն
ապացուցվում: Մեր կատարած հսկայական աշխատանքը մի գրչի հարվածով ուզում եք
ջուրը գցել, դա զրպարտանք է: Պետք է քրեական գործ հարուցվի կաշառք տվողի
եւ կաշառք վերցնող բժշկի նկատմամբ: Մեզ տրամադրեք այդ փաստերը, մենք
կդիմենք Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն մարմիններին»: Մենք երկար
ժամանակ փորձում էինք տիկին Բասելիսյանին բացատրել, որ այդ փաստերը
բազմաթիվ են, ու իրենք դա մեզանից լավ գիտեն: Եվ, որ մեր խնդիրը ոչ թե
իրենց փաստեր տալն է, այլ հասարակությանը իրազեկելը: