Քաղաքապետարանում կայացած երեկվա ճեպազրույցի հյուրը քաղաքապետարանի Արտաքին կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Դավիթ Գեւորգյանն էր, ով անդրադարձավ Երեւանի եւ այլ քաղաքների միջազգային համագործակցությանը: Ըստ նրա, աշնան այս ամիսները բավական ակտիվ են եղել միջազգային համագործակցության դաշտում: Դ. Գեւորգյանը նշեց, որ հոկտեմբերի 13-14-ը, Երեւան քաղաքի հիմնադրման 2788-ամյակի տոնի կապակցությամբ, քաղաքապետարանը ծրագրել է միջոցառումների շարքն իրականացնել հավուր պատշաճի: Ի դեպ, Երեւանի տոնակատարություններին կմասնակցեն Երեւանի քույր եւ գործընկեր քաղաքների պատվիրակությունները: «Սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է 3 քաղաքների՝ Մոսկվայի, Վոլգոգրադի եւ Դոնի Ռոստովի քաղաքի օրերին: Սեպտեմբերի 9-12-ը Մոսկվայում անցկացրեցինք Երեւանի օրերը: Մոսկվայում ունեցանք երկկողմ հանդիպումներ»,- տեղեկացրեց Դ. Գեւորգյանը: Նրա հավաստմամբ՝ Նոր Նորք համայնքի պատվիրակությունն անցյալ շաբաթ եղել է Կազան քաղաքում, եւ Կազանի շրջաններից մեկի հետ կնքվել է համաձայնագիր: Բացի այդ, Մոսկվա քաղաքի հյուսիսային վարչական շրջանի եւ Երեւանի Ավան համայնքի համագործակցության ամրապնդման ծրագիր կա: «Այս տարի Երեւան ժամանող պատվիրակությունը գլխավորելու է Մոսկվայի հյուսիսային շրջանի ղեկավարը»,- վստահեցրեց Դ. Գեւորգյանը: Հարկ է նշել, որ Երեւան քաղաքի քույր քաղաքները 23-ն են եւ վերջին՝ 23-րդ պայմանագիրը կնքվել է Լոս Անջելեսի հետ: Երեւանի քաղաքապետարանի Արտաքին կապերի եւ տեղեկատվության վարչության պետի խոսքերով՝ Երեւանի միջազգային համագործակցության քաղաքականությունն ուղղված է առավելապես կոնկրետ խնդիրների լուծմանը: «Իհարկե, բոլոր տեսակի բարեկամական կապերի մեջ մենք չենք կարող դիտել միայն այս կամ այն ներդրման կամ շահերի հետապնդման խնդիրը: Կան բարեկամական կապեր, որոնք մենք նպատակաուղղում ենք կոնկրետ ծրագրերի իրականացմանը»,- վստահեցրեց նա: