Եթե դուք հյուրեր եք ընդունում

11/10/2006

Ընդհանրապես սեղանը պատրաստվում է հյուրերի գալուց առաջ, որպեսզի տանտիրուհին հեռանա սեղանից միայն տաք կերակուրը մատուցելու համար։

Տանտիրուհին պետք է ուշադիր լինի հյուրերի նկատմամբ։ Խմիչքի բաժակները լցնելու մասին հոգում է տանտերը։

Տարբեր տեսակի խմիչքները սեղանին դրվում են միասին, հենց իրենց շշերով (բացի օղուց, կոնյակից եւ զանազան քաղցր խմիչքներից)։

Եթե սեղանը բազմամարդ է, խմիչքը հարկավոր է տեղադրել մի քանի տեղ։

Հանդիսավոր ճաշկերույթներին տրվում է մի քանի տեսակի խմիչք, նախուտեստեղենի հետ` օղի, կոնյակ, ձկների հետ` սպիտակ, իսկ մսեղենի հետ` կարմիր գինի։

Գինիները եւ կոնյակի շշերը սեղանի վրա դրվում են խցանահանված (բացառությամբ` շամպայնի)։ Հանքային ջրերի շշերը բացելու համար նրանց մոտ պետք է դրվեն բացիչներ։

Մրգօղու տարբեր տեսակները մատուցվում են սառը վիճակում։ Սակայն խիստ սառեցրած մրգօղին կորցնում է իր բույրը եւ որոշ չափով էլ` համը։ Ըմպելիքի սովորական ջերմաստիճանը պետք է լինի 10օ-12օ։

Օղու հետ լավ է մատուցել բողկի, լոլիկի, վարունգի սալաթ, զանազան աղածոներ, ձիթապտուղ, թթու դրած սունկ, աղաբլիթներ եւ այլն։

Կոնյակի հետ մատուցվում են շաքար եւ լիմոն։ Կարելի է կոնյակի հետ հրամցնել թխվածքաբլիթ (տպփպվՖպ), բիսկվիտ, նուշ, նարինջ։ Հարմար է նաեւ ձկնեղեն, խավիար, շպրոտի ու սարդինի պահածո եւ այլն։

Ընթրիքից հետո լիկյորի փոխարեն կարելի է մատուցել ռոմ։ Այն տրվում է սուրճի կամ աղանդերի` մրգաբլիթի, կեքսի հետ։

Վերմուտը խմում են սառեցրած` գազաջրով կամ առանց դրա, ցանկալի է խառնել լիմոնով։ Դրա հետ հարմար է մատուցել խավիարով կամ ապխտած մսով բուտերբրոդներ, տապակած կարտոֆիլ, ընկույզ եւ խմորեղեն։

Գարեջուրը մատուցում են սառը` տարբեր տեսակի պանիրների, խոզապուխտի, աղ դրած ուտելիքների, տաք բուտերբրոդների, ներբերշիկի հետ։

Մրգաջուրը եւ մրգահյութերը մատուցում են սառը վիճակում` թխվածքով, տորթով եւ այլն։

Ջինը եւ վիսկին մատուցվում են ապակե գավաթների մեջ հանքային ջրով բացած։ Հետը հրամցնում են թխվածք եւ չոր կարկանդակներ։

Գինին պարտադիր է մատուցել բոլոր տոնական ճաշերի եւ ընթրիքների ժամանակ։ Սովորաբար սկզբում մատուցում են ավելի թույլ, սպիտակ գինիները, հետո թունդ, կարմիր գինիները։