40 րոպե հետո աշխարհի մարդկության մի հատվածը նշելու է Սուրբ Ծնունդը:
Մարդիկ շամպայնի բաժակներ զրնգացնելով բարեմաղթանքներ են շռայլելու:
Բայց 40 րոպե դեռ կար, եւ ես այդ պահին չէի մտածում Սուրբ Ծննդի մասին:
Լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանը հետո ինձ հիշեցրեց, որ հիմա աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը:
Աղբարկղի մոտ կանգնած են մի տղամարդ ու կին: Տղամարդը քառասունին մոտ է,
կինը երեւի նույն տարիքին է: Կնոջ ձեռքին երկու տոպրակ կա: Մեկի մեջ շշեր
են, մյուսի մեջ` մսի եւ այլ սննդի մնացորդներ:
Ծանոթացանք. տղամարդու անունը Ռոբերտ է, կնոջը` Գայանե: Ռոբերտը Սպիտակի գյուղերից է, Գայանեն` Երեւանից:
1988-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ Ռոբերտ Բաղդասարյանը ծառայում էր
Խորհրդային բանակում` Ուկրաինայի Խարկով քաղաքում: Մեկ տարի էր մնացել
ծառայության ավարտին: «Երբ երկրաշարժի մասին իմացա, փախա-եկա: Էնքան
հարազատի կորուստը չէր իմ հոգում, ինչքան մեր ազգի: Ահավոր էր: Բայց
կարողացանք ոտքի կանգնել, ամուսնացա. Բագրատաշենում էինք ապրում: Բոլոր
հարազատներիս օգնում էի, լավ գործ ունեի, այգիներ, հող էի մշակում»,- մի
որոշ ժամանակ անց, երբ արդեն մեր ներկայությամբ խմեց երեք բաժակ օղի,
Ռոբերտը սկսեց իր կյանքի պատմությունը: Հետո, երբ սկսվում են Ադրբեջանի
հետ ռազմական գործողությունները, Ռոբերտը շատերի նման գնում է պաշտպանելու
հայկական սահմանը:
«Իմ երեխեն ծնվեց Նոյեմբերյանում: Կամանդիրս` Մաքսուդյան Սաշիկը, ինձ օր
տվեց, պոստից իջա, էդ օրն էլ երեխաս ծնվեց»: Նա զգացել էր երեխայի
ծնունդը:
Ռոբերտը մանրամասն սկսեց պատմել, թե կնոջ ցավերն ինչպես բռնեցին, երբ բաղնիքում կինը լողացնում էր իրեն, ինչպես տարավ բժշկի մոտ …
Այնուհետեւ Ռոբերտին տեղափոխել են Ղարաբաղ` ծառայությունն այնտեղ
շարունակելու: Նա պարգեւներ ունի լավ ծառայության համար: Ինն ամիս տանը չի
եղել:
«Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր փողոցում»,- հարցնում եմ նրան: Աչքերը թրջվում
են. «Ես ինչո՞ւ մարջով գնամ-կռվեմ փողոցում, որ փող աշխատեմ, ինչու կռվո՞ղ
տղա եմ եղել: Ամիսներով գնացի, ամիսներով տնից պակսա: Ամեն ինչ ունեի՝
տուն-տեղ, կին, երեխա: Ո՞ր կնոջ վրից ինը ամիս բացակայես, կդիմանա:
Միգուցե ես եմ տխմարը: Ես դատվեցի դրա համար, կնոջս մի քանի չափալախ ու՝
սրոկ: Չորս տարի տվեցին, երեք տարի նստեցի Սեւանի գաղութում: Դուրս եմ
եկել, կինս ամուսնացել էր իջեւանցի մի տղու հետ: Երեխուն վերցրել-գնացել
են Ռուսաստան` Իվանովո»: Ծառայությունից արձակուրդ գալով՝ Ռոբերտն իմացել
է, որ կինը ուրիշ տղամարդ է ունեցել իր բացակայության ժամանակ, կնոջը
ծեծել է եւ հայտնվել բանտում: Հիմա զղջում է արածի համար, ասում է, որ
իզուր է կնոջը մեղադրել, նա չի կարողացել դիմանալ առանց տղամարդու:
«Զզվել եմ կյանքիցս: Ոչ մի բան չեմ ուզում անել: Տնից դուրս եմ եկել՝
լքված: Իմ հարազատներն ինձ ընդունում են, բայց իրենք ինձ չեն հասկանում:
Ունեմ քույրեր, եղբայրներ, շատ հարազատներ ունեմ Նոյեմբերյանում,
Սպիտակում, Երեւանում»: Հարցնում եմ ոստիկանների պահվածքի մասին. «Տանում
են, ասում են՝ աշխատող տղա ես, գիտենք, բլյատ (ռուսական հայհոյանք է),
տուր՝ ապրեմ: Ասում է` երկու հազար դրամ տուգանք, ինչո՞ւ ես էդտեղ
կանգնել: Էդտեղ արգելված գոտի է կանգնելու համար: Բայց այս Հայաստանում
որտե՞ղ է արգելված գոտի: Ու ի՞նչ անշնորհք բան ես կարող եմ անել, բացի շիշ
հավաքելուց: Մշեցի գաղթական պապս ասում էր. «է՜, լաո՛, էս ազգը ի ծնե իրեն
ծախել է ու հա էլ կծախե, ու կծախե: Գաղթական մարդու սերունդ եմ ես, չեմ
կարող իմ արյունը փոխել»:
Անցյալը կեղեքում է Ռոբերտի հոգին, ու նա խմում է, որ չսառչի, խմում է, որ
մոռանա, բայց անօգուտ: Նա չի կարողանում մոռանալ անցյալը: Իսկ անցյալում
դաժան պատմությունների շարք է, որը գուցե փողոց նետեր մեզանից
յուրաքանչյուրին.
«Թուրքերը զասադ էին նստել: Մերոնք էլ խրամատներում էին: Իմ ախպերների վրա
գրանատ է քցել: Տղերքը նրան՝ էդ երեխուն, չեն խփում: Բայց ո՞վ
կպատկերացներ, որ էդ երեխան կբերեր գրանատը կշպրտեր տղերքի մեջտեղը:
Ղարաբաղում էր, 9 տարեկան երեխա էր՝ մի հինգ հատ ոչխար դեմը, իբրեւ ոչխար
էր արածացնում: Ոչխարը դեմը եկավ, հետո միանգամից շպրտեց գրանատը եւ
փախնում էր, երեխեն փախնում էր … »,- արտասվելով պատմում է Ռոբերտը:
«Խփեցի՞ր երեխային»,- հարցնում եմ:
Նա ավելի բարձր հեկեկաց: Հետո խեղճացավ, փոքրացավ…
«Խփեցի՞ր նրան»,- նորից հարցնում եմ ես՝ այս անգամ բարկացած տոնով:
«Էնքան դաժան մահ էր, էս ձեռքով… Սպանե՛ք ինձ, գյուլլե՛ք ինձ… Ես
ինչպե՞ս ապրեմ… էս ձեռքով խփեցի, ձեռքիս զենքով՝ AKC-ով»,- գիշերվա ժամը
մեկին հեկեկում էր բոմժ դարձած նախկին զինվորը` Ռոբերտ Բաղդասարյանը:
«Էդ երեխուն շա՞տ ես հիշում»,- հարցնում եմ:
«Ես էլ ունեմ երեխա, ես մահացած երեխա ունեմ, իմ առաջին երեխան մահացել էր …»:
«Բոյի դաշտ գնալ-գալով ես իմ ընտանիքը կորցրի»,- ասում է Ռոբերտը:
«Բայց դու զինվոր ես չէ՞ եղել, ինչո՞ւ չես կարողանում հաղթահարել, դուրս գալ էս վիճակից»,- հարցնում եմ Ռոբերտին:
«Զինվորը մեռել է, ի՞նչ զինվոր: Անձս կորցրել եմ արդեն: Ոչ մեկը ինձ չի հասկանում՝ քույր, եղբայր… Ոչ մեկը ինձ չի հասկանում»:
Մենք քայլում ենք Երեւանի փողոցներով, Ռոբերտը խոստացել է ցույց տալ այն կացարանները, որտեղ ապրում են իր նմանները: