Մեր ընթերցողները հավանաբար լավ կհիշեն «Կրեդիտ Երեւան» բանկն ու նրա լուծարման հետ կապված աղմկալի պատմությունները: Հիշեցնենք, որ այդ բանկի սեփականատերն էր նախկին պատգամավոր Մարտին Հովհաննիսյանը, ով արդեն որքան ժամանակ է՝ Հայաստանում չէ, փախուստի մեջ է:
Մինչեւ սնանկանալը «Կրեդիտ Երեւանը» Հայաստանի բանկերի շրջանակում մեծ համբավ ուներ եւ համարվում էր առավել հուսալի: Այդ բանկի ծառայություններից օգտվում էին Հայաստանի ու սփյուռքից մեր երկիր եկած բազմաթիվ գործարարներ (Վահագն Հովնանյանը եւ այլք): 2001թ. դեկտեմբերին, երբ «Կրեդիտ Երեւանը» սնանկ հայտարարվեց, այս գործարարներից ոմանք կարողացան իրենց ավանդները ետ ստանալ գումարի կամ գույքի տեսքով: Վ. Հովնանյանն, օրինակ, իր գումարի դիմաց ստացավ բանկի կենտրոնական գրասենյակի շենքը: Իհարկե, ետ ստացողները պատահական գործարարներ չէին: Նրանք վայելում էին մեր իշխանությունների հովանավորությունը: Իսկ միամիտները մինչեւ հիմա հույսով սպասում են: Ճիշտ է, բանկն իր ավանդատուների գումարները մինչեւ 20.000 դոլարի չափով ետ է վերադարձրել: Սակայն բազմաթիվ մարդիկ, այդ թվում` նաեւ սփյուռքահայեր, բանկում խոշոր՝ 100 եւ ավելի հազարավոր դոլարներ էին ներդրել, ու մինչ օրս իրենց գումարն ամբողջությամբ չեն ստացել: Հիշենք նաեւ տխրահռչակ գործարար Լեւոն Մարկոսին, ով իր գումարներն այդպես էլ չկարողացավ ետ ստանալ: Այդ ավանդատուներն իրենց փողերը ստանալու համար ժամանակին բազմաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, սակայն՝ անօգուտ: Լ. Մարկոսը վշտից նույնիսկ բաց-նամակներ էր հրապարակում: Նրանք կարծում էին, որ բանկի սեփականատերերը դիտմամբ են սնանկացրել այդ բանկը, որպեսզի հափշտակեն միլիոնավոր դոլարները:
Խաբված ավանդատուները հիմա կարծես թե հույսները կտրել են եւ դադարել են պայքարել: Սակայն ավանդատուներից Ֆրանսիայի քաղաքացի, բժիշկ Սիմոն Էլչյանը չի կարողանում համակերպվել այդ կորստի հետ: Նա 1999 թվականից «Կրեդիտ Երեւանին» պահ էր տվել 95.000 դոլար: Ի դեպ ավելացնենք, որ Ս. Էլչյանն այդ գումարը որպես «Գրան Պրի» մրցանակ ստացել է 1998թ. «Ձեռներեցներ առանց սահմանի» միջազգային ընկերության կողմից՝ «Բժշկությանը մատուցած ծառայությունների եւ մասնավորապես քաղցկեղի բնագավառում կատարած հետազոտական աշխատանքների համար»: Նա 1999թ. վերադարձել է Հայաստան, որպեսզի այդ գումարով բժշկական կենտրոն հիմնի այստեղ: Իսկ մինչ կենտրոն հիմնելը Ս. Էլչյանն այդ գումարը պահ է տվել «Կրեդիտ Երեւան» բանկին:
Բանկի սնանկանալուց հետո Ս. Էլչյանը մյուս ավանդատուների հետ միասին 20.000 դոլար է ստացել: Ս. Էլչյանն իր գումարի մնացած մասը ետ ստանալու հույսով դիմել է տարբեր ատյանների օգնությանը՝ ՀՀ Կենտրոնական բանկին, Ազգային ժողովին ու ՀՀ նախագահին: Սակայն բոլոր պատասխանները անորոշ ու խուսափողական են եղել: Իսկ «Կրեդիտ Երեւան» բանկի լուծարային կառավարիչ Հովհաննես Թոռչյանը նրան առաջարկել է դիմել դատարան: Եթե դատարանը որոշի, որ պետք է վճարվի՝ կվճարեն: Ս. Էլչյանը միայն այս տարի է հույսը կտրել, որ բանկը կարող է կամավոր կերպով իր գումարը վերադարձնել ու անցյալ ամիս դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարան: Դատարանը մերժել է հայցը՝ պատճառաբանելով, թե այն պետք է քննի տվյալ բանկի սնանկությունը ճանաչած դատարանը՝ այսինքն ՀՀ Տնտեսական դատարանը: Ս. Էլչյանը դիմել է նաեւ այս դատարանի օգնությանը, որի որոշումն արդեն դուրս է բանականության սահմաններից: Երկրորդ ատյանի այս դատարանը հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, թե այս գործը նախ պետք է քններ առաջին ատյանի դատարանը: Այս երկու ատյանի դատարանների իրարամերժ պատասխաններից Ս. Էլչյանը հասկացել է, որ Հայաստանի դատական ու պետական ոչ մի ատյան չի ուզում օգնել իրեն: Այս անգամ էլ նա նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, երբ վերջինս սեպտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստանում էր: «Պարոն նախագահ, ես խնդրում եմ Ձեր բարյացակամությունը, պաշտպանությունը Հայաստանի իշխանությունների կողմից իմ ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում… Ակնհայտ է, որ «Կրեդիտ Երեւան» բանկը ծաղրում է իմ օրինավոր իրավունքները եւ արդյունքում ջանում է գողանալ իմ գումարը: Բանկի նենգության պատճառով ներկայումս ես բաժանվել եմ իմ ընտանիքից եւ չեմ կարողանում վերադառնալ Ֆրանսիա իմ կնոջ եւ տղայի մոտ: Պարոն նախագահ, ես Ձեզ խնդրում եմ օգնել ինձ՝ իմ իրավունքների վերականգնման համար»: Նման բովանդակությամբ մի նամակով Ս. Էլչյանը երկու օր առաջ դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Բժիշկ Ս. Էլչյանը հուսով է, որ խնդրին ծանոթանալով՝ Ռ. Քոչարյանը անտարբերության չի մատնի իր նամակը: Այս ընթացքում Ս. Էլչյանի փաստաբան Վովա Հախվերդյանը հայցով դիմել է Վճռաբեկ դատարան: Փաստաբանի կարծիքով, եթե դատարանը մի փոքր օբյեկտիվ լինի, անպայման կբավարարի իր պաշտպանյալի օրինական պահանջը: Չէ՞ որ ՀՀ Կենտրոնական բանկը բազմիցս է հայտարարել, թե սնանկացված բանկերին առողջացման կամ ավանդատուների պահանջների բավարարման համար գումարներ է տրամադրում: Բացի այդ, բանկն այլ ակտիվներ՝ անշարժ կամ շարժական գույք էլ կունենա: «Կրեդիտ Երեւանի» լուծարային կառավարիչ Հ. Թոռչյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ իրենք չեն կարող մի ավանդատուի պարտքը փակել, մյուսինը թողնել. «Մենք չենք կարող ավանդատուների մեջ խտրականություն դնել,- ասաց Հ. Թոռչյանը: -Մեկին որ տանք՝ մյուսներն էլ կդիմեն: Խնդրեմ, ես իրենց ասել եմ՝ թող դիմեն դատարան: Եթե դատարանը որոշի, որ պետք է վճարենք՝ կվճարենք»: Ս. Էլչյանի հայցը մեր դատարանները նույնիսկ չեն քննում: «ԺպսՏՉՏռ ֆՍրտՐպրր» թերթն իր յուրաքանչյուր համարում հրապարակում է «Կրեդիտ Երեւան» բանկի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդի դնելու մասին հայտարարությունը: Աճուրդի դրված լոտերի ցանկում կան Երեւանում ու մարզերում գտնվող բազմաթիվ հողակտորներ, տներ, համակարգչային տեխնիկա, գրասենյակային կահույք, նկարներ եւ մանր-մունր բազմաթիվ այլ իրեր: Այդ լոտերի մեկնարկային գներից հնարավոր չէ հուսալ, որ դրանց վաճառքից ավանդատուների գումարը դուրս կգա: Ամենաթանկ լոտի մեկնարկային գինը 6 մլն 500.000 դրամ է: Մյուսները 1,3 մլն դրամից չեն անցնում: Միգուցե կան ավելի՞ թանկարժեք կտորներ, որոնք դեռեւս աճուրդի չեն հանվում: Իսկ Բանկերի սնանկացման մասին ՀՀ օրենքի համաձայն ստացված գումարներից նախ վճարումներ պետք է ստանան լուծարային կառավարիչն ու իր աշխատակազմը, ապա՝ վարկատուները: Եթե տակը բան մնա, ապա կստանան ավանդատուները: