Տղամարդու համար ծանր է անաշխատանք լինելը

10/10/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ամենամեծ դժբախտությունն էսօրվա մեր կյանքն ա, դրանից էլ ծանր դժբախտությո՞ւն»,- ասում են նրանք: Թեեւ նրանք մշտապես բակում են, բայց քննարկելու ընդհանուր թեմա չունեն, միայն պետությանն ուղղված բողոք ունեն, այն էլ ասում են. «Պիտի պետություն լինի, որ բողոքիդ ուշադրություն դարձնեն, թե չէ՝ դու հա՜ բողոքի: Պետություն չկա, չենք տեսնում»,- ասում է Գուրգենն ու նստում, որովհետեւ ոտքը չի կարողանում կառավարել: Բոլոր հարցերին պատասխանելիս նրանք սկսում են «կոմունիստների օրոք» արտահայտությամբ, որովհետեւ կոմունիստների օրոք բոլոր հայ տղամարդկանց համար աշխատանք կար, իրենց պիտանի էին զգում: Օրինակ՝ Գուրգենը «կոմունիստների օրոք»-ից հետո հիվանդացել է ու ոչ միայն չի բուժվել, այլեւ ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Ասում են, որ ճգնաժամային տարիներից հետո Հայաստանում ապրող տղամարդկանց մեծ մասի կյանքը կանգ է առել: «Եթե տղամարդը չաշխատի, առավոտից իրիկուն պարապ լինի, ուրեմն ի՞նչ ես կարծում՝ էդ հասուն տղամարդու համար կյանքն ի՞նչ արժեք կարա ունենա»,- ասում են նրանք ու թերահավատորեն լռում՝ հասկացնելով, որ երիտասարդ եմ, չեմ կարող պատկերացնել իրենց վիճակի ծանրությունը: Գուրգեն Դավթյանը 58 տարեկան է, սակայն տարեց մարդու տպավորություն է թողնում: Նրա դեմքի վրա ծերությանը բնորոշ կնճիռները մասամբ ծածկում են նրա արհամարհական հայացքը: Գուրգենի նյարդերը չեն դիմացել սոցիալական դժվարություններին, ողնաշարի սուր ցավեր ունի, որի պատճառով ոտքը գնալով անշարժանում է: Ձեռնափայտի օգնությամբ է շարժվում ու ջանք չի խնայում իր անօգնական լինելը թաքցնելու համար: Ցանկացած հարցի պատասխանելիս` կմկմում է ամոթխած պատանու նման, իսկ երբ նրա ընտանիքի սոցիալական վիճակով եմ հետաքրքրվում՝ կարմրում է ու գլուխն անխոս կախ է գցում. «Կարո՞ղ եք ինձ մի հարցում օգնել: Հասկանո՞ւմ եք ոչինչ չանող տղամարդու վիճակը: Ես ու կինս չենք աշխատում: 30 տարեկան աղջիկ ունեմ, ինտերնետ ակումբում ա աշխատում, ու իրա ամսական 20.000 դրամով ենք գոյատեւում: Գնացի բժշկի, որ ողնաշարիս, ոտքիս համար գոնե հաշմանդամության կարգ տային, էդ թոշակն էլի շատ հարցեր կլուծեր»,- ասում է նա՝ ավելացնելով, որ բժիշկները նրան խորհուրդ են տվել հիվանդանոցում բուժվել: Նրան ասել են, որ այդ բուժումը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի հաշմանդամության կարգ հաստատելը: «15 օր հիվանդանոցում պառկեմ, հետո կարգ տան, ամբողջ տարվա թոշակի չափով՝ 60.000-70.000 դրամ պիտի փող տամ բժիշկներին էդ 15 օրը պառկելու համար: Չեմ կարա հիվանդանոց մտնեմ, հնարավորություն չունեմ, կոպեկ չկա բժիշկներին տալու: Բուժումը ջհանդամ, հույս չունեմ, թե լավ կլինեմ, բայց էդ թոշակը մեզ շատ կօգներ: Եթե հնարավոր լիներ՝ մարդիկ ընդառաջեին ինձ էդ հարցում: Ախր էս ապրել ա՞, որ ապրում ենք: Առաջ գործարանում աշխղեկ եմ եղել, գործս շատ լավ ա եղել, տեղը տեղին ընտանիք եմ պահել»,- վիրավորանքը խեղդելով` միայն ավելացնում է՝ «Հիմա ես ոչինչ չունեմ ասելու, ոչինչ…»: Գուրգեն Դավթյանի՝ Բագրատունյաց փողոցում գտնվող սեփական տան ներսում միայն դեղնած ու բորբոսնած պատեր են: Պատահական չէ, որ նա անընդհատ օգտագործում է «կոմունիստների օրոք» բառերը, քանի որ նրա տանը ժամանակակից կյանքի նշույլ անգամ չկա: Ամեն ինչ հին ու խունացած է: Իրենց տան գետնի տակով մետրոյի վագոններն են անցնում, այդ պատճառով էլ ամբողջ պատերն ու հատակը խոնավ են: «Բոլորն էլ գազ են քաշել, հես ա նորից ձմեռը կգա, ու տանջանքը կսկսվի: Ամբողջ փողոցում մեր նման մի երկու ընտանիք է մնացել, որ վառարանի հույսին են: Հացի փող չկա, ուր մնաց, թե գազ քաշենք: Ձմռանը փայտ ենք հավաքում, կամ հարեւանը թեփ ա տալիս` վառում-տաքանում ենք»,- պատմում է նա, ով վիրավորված է նաեւ թաղային իշխանություններից, քանի որ ընտրությունների ժամանակ հանդիպում են բնակիչների հետ, ճոխ-ճոխ խոստումներ են տալիս ու մոռանում, թե ում շնորհիվ են ընտրվել: Ասում է՝ «Հես ա ընտրությունները կսկսվեն, ու էլի կհավաքվեն, պարտաճանաչ կգան խոստումներ շռայլելու: Չենք գնալու ու ոչ մեկին էլ չենք ընտրելու: Խոստանում, հույսեր են տալիս, հետո էլ նույն թափով հուսախաբ են անում մարդկանց: Ես շատ անտարբեր եմ դարձել էդ ամեն ինչի հանդեպ»,- դժգոհում է նա ու վստահեցնում, որ թեեւ ոչ մի անգամ չի դիմել Շենգավիթի թաղապետարան իրենց օգնելու համար, բայց վստահ է, որ քարտուղարուհին իր դռնից ներս անգամ չի թողնի: 58-ամյա Գուրգենն ամաչում է շատ կիսվելուց ու ափսոսում է, որ կինը տանը չէ, որովհետեւ նա շատ բան կարող էր պատմել իր ընտանիքի մասին: Տղամարդու համար որքան դժվար է անաշխատանք ու անօգնական լինելը, նույնքան ծանր է այդ մասին բարձրաձայն խոսելը: